«Ինձ համար այս փաստաթղթից պարզ չէ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի հարցը: Երբ տարիներ առաջ Վրաստանի ԳԱԱ-ում փոփոխություններ եղան, եւ կառույցը վերակազմավորվեց, ԳԱԱ ինստիտուտները տարվեցին բուհեր, վրացի ակադեմիկոսներից մեկն ինձ զանգեց ու ասաց, որ իրենց գիտությունը մեռավ, որովհետեւ այլեւս ԳԱԱ չունեն»,-«Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության մշակած՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրենքի նախագծին՝ ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
Նրա բնորոշմամբ՝ փոփոխությունների հետեւանքով Վրաստանի ԳԱԱ-ն այսօր ակադեմիական համակարգից դուրս կառույց է, որը գիտահետազոտական ինստիտուտների հետ կապ չունի: «Գիտությունների ազգային ակադեմիան այն կառույցն է, որտեղ գիտնականն իսկապես գիտական արդյունք է տալիս, ազատված է դասավանդման ծանր բեռից եւ զբաղվում է գիտությամբ։ Հիմա, եթե ակադեմիական ինստիտուտներն իրարից կտրենք և տանենք-միացնենք բուհերին, կհայտնվենք Վրաստանի և Ղազախստանի վիճակում»,-ՀՀ ԳԱԱ-ի վերաբերյալ այսպիսի մտավախություն հայտնեց Աշոտ Մելքոնյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ