«Եթե փոփոխությունները հասցնելու են դժվարությունների եւ լրացուցիչ ջանքերի, ապա դրանք արվել են միայն փոփոխություն անելու համար»,-«Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության մշակած՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրենքի նախագծին՝ ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Նրա գնահատմամբ՝ օրինագծում գիտությանն առնչվող խնդիրները հիմնականում արծարծված են. «ԳԱԱ բոլոր կառույցներում օրենքի աշխատանքային տարբերակը քննարկվել է: Առաջին տարբերակը դժվար թե նպաստեր գիտության զարգացմանը, որովհետեւ դրանում կան դժվարություններ: Գոհ ենք, որ նախարարի հետ երկու անգամ քննարկումներ ենք ունեցել եւ քննարկել մեր առաջարկներն ու դրույթները: Առայժմ քայլ առ քայլ առաջ ենք գնում եւ հուսով ենք, որ կունենանք այնպիսի տարբերակ, որը կնպաստի գիտության զարգացմանը, եւ ոչ հակառակը»:
Ապա Ռադիկ Մարտիրոսյանը խոսեց այն քայլերից, որոնք նպաստել են ԳԱԱ-ի զարգացմանը. «Եթե այդ բարեփոխումները չլինեին, մեր գիտությանը տրված միջազգային գնահատականն այսօր չէր լինի: Առաջինն օպտիմալացումն է: Մեր ունեցած կառույցները ոչ միշտ են արտացոլում խնդիրների լուծումը տվյալ ժամանակահատվածում: Այսօրվա խնդիրները կապված են ժամանակակից գիտական արդյունքների վրա հիմնված տնտեսության ունենալու հետ: Դա հնարավոր է գիտական ներուժի համախմբմամբ: Այդ պատճառով ակադեմիան մշակել է քսանից ավելի ծրագիր: Ներուժի համադրումը կա այս օրինագծում: Գիտակրթական ներուժի արմատական համախմբում է պետք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ