Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն փետրվարի 24-ի առավոտյան Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի հատվածում, որը գտնվում է Հայաստանի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղից ոչ հեռու, սպանվել է զինծառայող Իբրահիմ Ալեմշահ օղլու Վելիևը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հաղորդագրության համաձայն՝ զինծառայողը սպանվել է «դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս»:
Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ Facebook սոցիալական ցանցում գրել է, որ երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: «Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»,-գրել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ