Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ առաքելական եկեղեցին «ամենակոռումպացված կառույցներից» է

Փետրվար 24,2020 14:00

Պահանջում են, որ եկեղեցին արտոնյալ կարգավիճակ էլ  չունենա, ունեցվածքը գույքագրի ու հարկ վճարի

Պարզվում է, Հայ առաքելական եկեղեցին շատ ավելի կոռումպացված է, քան պատգամավորները, նախարարությունները, վարչապետի աշխատակազմը, ԱԺ նախագահը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ նախագահն ու իր աշխատակազմը եւ մի շարք այլ մարմիններ: Այսպիսի ուշագրավ արդյունք է ցույց տվել երեկ հրապարակված կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտությունը, որն իրականացվել է հեղափոխությունից հետո՝ 2019-ին:

Հետազոտությունը կատարվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: 1500 հարցվածների 11 տոկոսն ասել է, որ մեր եկեղեցին մեծապես կոռումպացված է, 18 տոկոսն էլ գտել է, որ կոռումպացված է, բայց որոշ չափով: Հետազոտությունն իրականացնող «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը» գտնում է, որ հավանաբար պատճառն այն է, որ հանգանականությունները, որոնք տրվում են եկեղեցուն, թափանցիկ չեն, ոչ մեկը չգիտի ով տվեց, ոնց տվեց եւ ինչ նպատակի վրա ծախսվեց:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ասաց, որ եկեղեցին մեր ամենափակ կառույցն է ու եթե պետական այլ հիմնարկներին կարող են վերահսկել, եկեղեցու դեպքում դա հնարավոր չէ: Ըստ նրա, մարդկանց գիտելիքները եկեղեցու սպասավորների վերաբերյալ ավելացել են, նախկինում քիչ տոկոսն է նշել, որ եկեղեցին կոռումպացված է, հիմա մարդիկ ավելի վատ կարծիքի են եկեղեցու մասին, ընդ որում, այս դեպքում չգիտես ում պահանջներ ներկայացնես՝ Ամենայն հայոց կաթողիկոսի՞ն, թե՞ այլ ներկայացուցչի:

«Առավոտի» հետ զրույցում տիկին Այվազյանը մեր հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր եկեղեցին վերահսկման դաշտ բերել՝ պատասխանեց. «Նախ պետք է իսկապես պահանջել, որպեսզի եկեղեցու կողմից տիրապետվող, տնօրինվող ակտիվների ինֆորմացիան թափանցիկ լինի եւ նրանք եւս հարկեր մուծեն: Այդ երկու քայլը միանշանակ պետք է լինի: Թե ներսում ինչ է կատարվում, այնտեղ բավականին փակ կառույց է եւ սովորական քաղաքացին չի կարող հենց այնպես պահանջել, որ հրապարակեք ձեր հաշվետվությունները: Բայց հավատացյալ համայնքի հետ աշխատանքն է կարեւոր: Իրենք պետք է հասկանան, որ եկեղեցին, եթե ոչ անհավատ քաղաքացիների, ապա հավատացյալների առաջ միանշանակ պետք է հաշվետու լինի ու իրենց ցույց տա, թե ուր են գնում այն գումարները, որ իրենք հավաքում են համայնքից, միգուցե բարեգործությունների վրա են ծախսում: Եկեղեցուն հետեւող համայնքը պետք է կարողանա հասնել իր փոքրիկ իշխանությանը, եթե այդպես կարելի է կոչել»:

Ըստ Սոնա Այվազյանի, որպես քաղաքացի, ինքն ուզում է հասկանալ, թե եկեղեցին ինչ ունեցվածք ունի, պետք է գույքագրում արվի. «Գույքագրումը պետք թափանցիկ լինի: Այդ ինչերի՞ պետք է տիրապետի եկեղեցին, որ դա լինի գաղտնի, շատ անհասկանալի է: Երկրորդը՝ ինչո՞ւ դա չպետք է հարկվի: Այնպես որ, այդ արտոնությունները, որ գոյություն ունեն մասնավորապես Հայ առաքելական եկեղեցու համար, կարծում եմ, ամբողջովին պետք է վերացվեն: Եկեղեցին բավական հարուստ կառույց է եւ այդ արտոնությունների կարիքը չունի: Նույնիսկ եթե եկեղեցին արտոնյալ կարգավիճակ ունի ՀՀ-ում պատմականորեն իր դերակատարման պատճառով, ներկայում պետք է բերվի որոշակի այլ շրջանակների մեջ եւ նրա գործունեությունը պետք է համապատասխանեցվի 21-րդ դարի պահանջներին ու համապատասխան ստանդարտներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Էս սորոսականները հիմա էլ եկեղեցին են ուզում քանդել

  2. Մանուկ says:

    Anonymous !
    Սորոսի հիմնադրամը 50 հազար դոլար է նվիրաբերել Հայ Առաքելական եկեղեցուն իբրեւ թե Արմավիրի մարզի որբերի խնամքի համար, 2011-2012 թվերին: մեծ հաճույքով վերցրել են փողը, դե կազինո ա բան ա, նանարների հետ սաունա , թանգ մաշնա….մի հատ նարեկ մալյանից իմացեք էտ գումարն ինչ եղավ ՞:

  3. henri says:

    Արեւմտեան կաթողիկէ թեմական կառոյցները ամէն տարի իրենց պարտադիր հաշուետւութիւնը կը ներկայացնեն Վատիկանի պատասխանատու մարմիններուն,որոնք իրենց կարգին կը հրատարակեն ընդհանուր հաշուետւութիւն մը որ կը հրատարոկուի և բաժնուի բոլորին ։
    Մեր մօտ նման աւանդութիւն ցաւօք գոյութիւն չունի ։
    Մարդ չի գիտեր թէ /յատկապէս Սփիւռքի երկու կարեւոր կառոյցներու մօտ- ՀՅԴ և ՀԲԸՄ/ ինչ վերջ կ՛ունենան անհատներերէ տրուած կտակները- հանգանակուած գումարները յանուն ՛՛Հայ դատի- Օգնութեան Խաչի- Ցեղասպանութեան գրասենեակի- վարժարաններու և այլն../ միլիոններու հասնող գումարները -/տոլարով/ որ ամէն տարի կը կատարուին … ։

  4. Գոհար says:

    Իմ շատ սիրելի բարեկամներ, եթե միայն կարողանայինք հասկանալ եկեղեցի բառի ողջ իմաստը, ապա գոնե այս պահոց շրջանին այն աշխարհիկ քննարկման թեմա չէիք դարձնի: Եկեղեցին ՅՈւՐԱՔԱՆՉՅՈւՐԻՍ հոգու տունն է իր սրբություններով , անմնացորդ ու անկաշառ սիրով ու լույսով: Եվ ամենքս մեր ապրածի ու թողածի համար ենք պատասխանատվություն կրելու անսահմանության մեջ: Հետևաբար մի կորցրեք հնարավորությունը սեփական հոգու եկեղեցին մաքրելու ; Իսկ եթե իսկապես սիրում եք ու ցավում Ձեր հայրենիքի ու նրան ծառայողների համար , ուրեմն սրտանց աղոթեք նրանց համար էլ, քանդելը հեշտ է կառուցելն ու կառուցածը պահպանելն է դժվար: Պահպանենք նախ մեր հոգու եկեղեցին,ապա նույն սիրով աղոթենք մեր հայրենիքի ու նրա իշխանավորների, զորականների, ուսուցիչների ,բժիշկների, զինվորների, մանուկների, ծերերի նաև քահանաների համար: Քրիտոսի սիրով՝

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829