Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե պետությունը ժամանակին լսեր մայորին, ապա յոթ միլիոն դրամի տուժանք պարտավորված չէր լինի վճարելու

Փետրվար 24,2020 13:00

Նախկին զինվորական Ցոլակ Խաչատրյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության գործն ըստ էության ավարտվեց: ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ չէր ընդունել ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության բողոքները: Ըստ էության, տասնչորս միլիոն դրամ փոխհատուցում կստանա պահեստազորի մայորը:

«Առավոտին», ինչպես ընդհանուր իրավասության դատարանի վճռից հետո, այնպես էլ վերաքննիչ դատարանի գործընթացներից հետո ՊՆ պահեստազորի մայորը հայտնել էր, որ իր հայցն ընդդեմ պաշտպանության նախարարության՝ չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում՝ 6.944.283 ՀՀ դրամի չափով, եւ դրա նկատմամբ հաշվարկվող տույժը՝ օրական 0,15 տոկոսի չափով, վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին էր: Դատարանը մասնակի բավարարելով Ցոլակ Խաչատրյանի հայցը, պարտավորեցրել էր պաշտպանության նախարարությանը տրամադրել Ցոլակ Խաչատրյանին 277 օր չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում եւ մնացած մասով հայցը մերժել էր:

Ց. Խաչատրյանը 1995 թվականից մինչեւ 2014 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2014 թվականին ազատազրկման դատապարտվելու կապակցությամբ նա ազատվել էր ծառայությունից, սակայն նրան այդ պահին չօգտագործված արձակուրդների դիմաց դրամական հատուցում չի վճարվել: Հայցվորը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով վճարել վերջնահաշվարկը եւ դրա նկատմամբ հաշվարկված տույժերը: Պաշտպանության նախարարությունը չէր պատասխանել նախկին զինվորականին, եւ Ցոլակ Խաչատրյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան: Խաչատրյանը ՀՀ կառավարության շենքի մոտ հացադուլն էր ընտրել՝ որպես բողոքի ծայրահեղ միջոց:

Ց. Խաչատրյանը աշխատանքից ազատվել է 2014 թվականի դեկտեմբերի 24-ին: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի, վերջնահաշվարկը պետք է կատարվեր աշխատանքային պայմանագրի լուծման օրը՝ 2014 թվականի դեկտեմբերի 24-ին: 2018թ. ապրիլի 6-ին վարչական դատարանը գործի վարույթը կասեցրել էր, քանի որ կողմը դիմել էր Սահմանադրական դատարան: Ի դեպ, ՍԴ-ի որոշումը հրապարակվելուց հետո, պաշտպանության նախարարությունը 204 օրվա համար մեկ ամսում պետք է տար փոխհատուցումը, սակայն չէր տվել:

Ց. Խաչատրյանը հղում էր կատարել «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասին, համաձայն որի՝ «Զինծառայողի՝ ժամանակին չզորացրվելու (անձնակազմի ցուցակներից հանվելու) կամ վաղաժամկետ զորացրվելու դեպքում՝ չօգտագործած հերթական արձակուրդի օրերը հաշվարկվում եւ տրամադրվում են զինվորական ծառայությունից արձակվելու օրը»:

ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 778 որոշումը 02.10.2014 թվականի թիվ 1075-Ն որոշմամբ լրացվել է 15.1 կետով՝ այսպիսի ձեւակերպմամբ. «Չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց տրվում է փոխհատուցում, որի չափը հաշվարկվում է զինծառայողի (քրեակատարողական ծառայողի եւ փրկարար ծառայողի) զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու եւ չօգտագործված արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829