«Օրենքի հիմնական նպատակը բուհի եւ գիտության ինտեգրումն է: Այն, այո, հեղափոխական նախագիծ է: Քննարկումներն այսքան շատ են, մտահոգությունները երբեմն քննարկման համար անթույլատրելի մակարդակի են հասնում: Դրա պատճառն այն է, որ տասնամյակներով կարծրացած համակարգ ենք ունեցել»,-«Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր անդրադառնալով նախարարության մշակած՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրենքի նախագծին՝ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Հիմա այս օրենքը դիպչում է ամեն խմբի շահերին: Նախկինում անցկացվել են ծրագրեր, որպեսզի որոշ մարդկանց խմբեր ազդեն բուհական շրջանակների վրա՝ դրանով պահելով իրենց ցանցերը, այդ ցանցերը ֆինանսավորելով, հասարակական-քաղաքական ազդեցություն ունենալով: Այդ պատճառով է, որ օրենքի հետ կապված քննարկումների մի մասը բուռն է անցնում: Բայց իշխանությունն ու նախարարությունն ունեն բավարար կամք՝ փոփոխություններ անելու այս օրենքում: Այլեւս հրաժարվում ենք հատկապես բուհական եւ գիտության ոլորտում կոսմետիկ փոփոխություններից»,-վստահեցրեց Արայիկ Հարությունյանը:
Նա նաեւ հավելեց, որ օրենքի նախագծով՝ ԲՈԿ-ը՝ Բարձրագույն որակավորման կոմիտեն, պահպանվելու է Գիտության կոմիտեի կազմում, իսկ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ կապված լուծումները եւս տրված են օրինագծում. «Երկու քննարկում ենք կազմակերպել ԳԱԱ նախագահության եւ մի շարք ինստիտուտների տնօրենների հետ: Վերջինը երեկ էր: Կառուցողական քննարկում էր: Հնչել են կարծիքներ, ԳԱԱ ղեկավարության կողմից եղել են առաջարկներ: Սպասում ենք, որ դրանք գրավոր կներկայացվեն, կքննարկենք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ