Ermenihaber.am-ը, հղում անելով haberturk.com.tr-ին՝ հաղորդում է. «Փետրվարի 23-ին Իրանի Խոյի շրջանում գրանցվել է 5.9 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ, որոնք զգացվել են նաև Թուրքիայի արևելյան շրջաններում։
Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08:53-ին, իսկ երկրորդը` 19:00-ին:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ցնցումներ և փլուզումներ են եղել Վանի նահանգի Բաշքալե շրջանում: Ըստ նախնական տեղեկությունների ստորգետնյա ցնցումներից վնասվել է շուրջ 700 տուն:
Մարդկային կորուստների մասին խոսելիս՝ Սոլյուն տեղեկացրել է, որ Վան նահանգում 9 մարդ է մահացել, այդ թվում` 4 երեխա, իսկ 50 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Աղբյուրի հաղորդմամբ՝ Վանի բնակչության շրջանում խուճապ է առաջացել»:
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր միկրոբլոգում ցավակցություն է հայտնել. «Խորը ցավակցություն ենք հայտնում Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին եւ հարազատներին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»: