Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասելիքի պատասխանատվությունը կիսում են նկարազարդողն ու գրողը»

Փետրվար 24,2020 12:30

Հարցազրույց նկարիչ, ծաղկող Զաքար Դեմիրճյանի հետ

– Շուրջ 10 տարի նկարչի ձեր գործունեությանը ծանոթ են ոչ միայն մեզ մոտ, այլեւ արտասահմանում: Որպես նկարազարդող ձեզ, եթե չենք սխալվում, մեկ անգամ ենք հանդիպել. տարիներ առաջ «Անտարես» հրատարակչությունը տպագրել էր Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» գիրքը, որը տեղ էր գտել Օրուելի պաշտոնական կայքում: Հետաքրքիր է՝ ձեր դեպքում չե՞ն գնում առճակատման նկարիչն ու նկարազարդողը:

– Առճակատվել, իհարկե, մի քիչ սուր է հնչում: Նկարազարդումն ու ազատ ստեղծագործելը մեկ ընդհանուր երեւույթի տարբեր եզրերն են: Ինձ մոտ դրանք հաճախ խանգարում են իրար, հաճախ էլ նպաստում մեկը մյուսի կայացմանը: Նկարելիս դու ինքդ  եւ գրողն ես, եւ նկարիչը, ինքդ առաջադրում ես խնդիրը, բարձրացնում հարցը, առաջարկում լուծումը, հաճախ էլ կասկածում ես նրանց ճշմարտացիության մեջ: Նկարազարդելիս պատկերը մի քիչ այլ է: Դու գործ ունես արդեն կայացած գրական ստեղծագործության հետ, պետք է կարողանաս ընկալել գրքի էությունը, մեսիջը եւ նկարազարդման հնարքներ կիրառելով դարձնես այն ավելի հասանելի, ընդունելի հասարակության համար:

– Վերջին շրջանում մեծ ուշադրություն է դարձվում գրքի նկարազարդմանը…

– Այո: Մի բայց կա՝ նկարազարդումն ավելի դյուրընկալելի է հանրության համար, քանի որ ասելիքի եւ ուղերձի պատասխանատվությունը կիսում են նկարազարդողն ու գրողը:

– Ասում են, որ «Անասնաֆերման» նկարազարդելու գաղափարը եւ իրականացումը հետաքրքիր նախապատմություն ունի:

– Ստացվել է այնպես, որ գրեթե միշտ ես եմ ընտրում, թե որ ստեղծագործությունը նկարազարդեմ: Շուտով հանրությանը կներկայանամ Կաֆկայի «Կերպարանափոխությունը» գրքով: Ինչ վերաբերում է Օրուելի հայտնի ստեղծագործությանը, այն նկարազարդել եմ մոտ 7 տարի առաջ, պատմությունն էլ այս է. սովորում էի Մարսելի գեղարվեստի եւ դիզայնի բարձրագույն դպրոցում ու մշտապես հետեւում էի Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակին: 2012-ի ԱԺ ընտրությունները,  ըստ իս, վերածվել էին իրական անասնաֆերմայի՝ երկու ոտքով քայլող խոզեր, խմբագրված օրենքներ, գաղջ…  Վերադառնալուն պես՝ 2013-ից, սկսեցի աշխատել գրքի նկարազարդման վրա, մի տեսակ համոզված լինելով, որ կա դրա պահանջը: Գիրքն այդ տարի չտպագրվեց: Չծավալվեմ, միայն ասեմ, որ նկարազարդումներս «հասան» ու տեղադրվեցին Ջորջ Օրուելի պաշտոնական էջում, որից հետո, ինչպես կարելի է ենթադրել, հանրային մեծ արձագանք եղավ:

– Ի՞նչն էր գրքի չտպագրվելու պատճառը:   

– Հրավիրվեցի «Անտարես», ինձ ասացին, թե մտադրություն ունեն հրատարակել «Անասնաֆերման» իմ նկարազարդումներով: Այն ժամանակ  մի կողմից իմ պատանեկան ամբիցիաները, մյուս կողմից՝ «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի այդ ժամանակվա թերահավատությունը, հանգեցրին բանավեճի… Ինչեւէ, ինչպես ասում է իմ լավ բարեկամ, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը՝ յուրաքանչյուր գիրք ունի տպագրման իր ճիշտ ժամանակը: Իսկ «Անասնաֆերման» տպագրվեց հետհեղափոխական Հայաստանում, 2019թ.՝ որպես «Անտարեսի» «Նշանավոր» մատենաշարի առաջին գիրք:

– Հայտնի է, որ «Անասնաֆերման» ունեցավ աննախադեպ վաճառք: Իրականությանը համապատասխանո՞ւմ է մեզ հասած այն լուրը, թե դուք «հիվանդացել»  եք «նկարազարդման ախտով» եւ սկսել եք աշխատել մի այլ հանրահայտ գործի՝ Ֆրանս Կաֆկայի «Կերպարանափոխությունը» գրքի նկարազարդման վրա:

– Այո: Ի տարբերություն «Անասնաֆերմայի», որին, ըստ էության, ինձ դրդեց հասարակությունը, Կաֆկայի դեպքում նկարազարդելու ցանկությունն առաջացավ սեփական անձիս ներսում կուտակված խնդիրներից:

– Եթե գաղտնիք չէ՝ ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:

– Գաղտնիք չէ, բայց դրանք մեկ-երկուսը չեն: Մոտս իսկապես առաջացել էին բազում խնդիրներ, ու հանկարծ մտաբերեցի հենց Կաֆկայի «Կերպարանափոխությունը», քանի որ այդ խնդիրներով պաշարված՝ ինքս կարծես Կաֆկայի հերոսն էի դարձել, վերածվել էի Զամզայի՝ մի մեծ ուտիճի, որը բախվում էր հասարակության հետ՝ սեփական ոտքերը շարժելու անկարողությունից: Ավելին, համոզված եմ՝ նման հոգեվիճակներում  հայտնված մարդիկ շատ են մեր հասարակությունում: Նույն տրամաբանությամբ ներկայումս աշխատում եմ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Բարձրաձայնված սպանության խրոնիկա» գրքի նկարազարդումների վրա:

– Ի դեպ, «նկարազարդող» բառը միջնադարից եկած հիանալի հոմանիշ ունի՝ ծաղկող, որը չի օգտագործվում…

– Անձամբ ես կողմնակից եմ «ծաղկող»-ին: Ի վերջո, նկարազարդողը կամ ծաղկողը ծաղկեցնում է, չէ,՞ գիրքը:

Զրուցեց

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լուսանկարներում՝ «Անասնաֆերմա» և «Կերպարանափոխությունը» գրքերի նկարազարդումներից

«Առավոտ» օրաթերթ
22.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829