Ուկրաինայում քարեր են նետել չինական Հուբեյի շրջանից տարհանված մարդկանցով լի ավտոբուսի վրա։ Ավտոբուսներում Ուկրաինայի 45 քաղաքացի և 27 արտասահմանցի է եղել, այդ թվում՝ երեխաներ, ինչպես նաև մի քանի բժիշկ։ Նրանք բոլորը հետազոտվել են, առողջ ճանաչվել, նրանց մոտ կորոնավիրուսի ախտանիշներ չեն նկատվել, հաղորդում է ուկրաինական Հրոմադսկոյե հեռուստաընկերությունը։
Ինքնաթիռի վայրէջքի և ապագա կարանտինի վայրը նախապես էր հայտարարվել, և ինքնաթիռի ժամանման նախօրեին Ուկրաինայի տարբեր շրջաններում բողոքի ակցիաներ են անցկացվել։ Տեղի բնակիչները հայտարարել են, որ չեն ցանկանում ընդունել պոտենցիալ վարակվածներին։ Լվովի շրջանի Վիննիկի քաղաքում շուրջ 500 մարդ արգելափակել է տեղի հիվանդանոցը։
Ուկրաինական ավանի բնակիչները, որտեղ կարանտինի մեջ տեղավորել են երկրի՝ Չինաստանից տարհանված քաղաքացիներին, փորձել են խանգարել նրանց տեղակայմանը։ Տեղի բնակիչները փակել են նաև Պոլտավայի շրջանի Նովիե Սանժարի ավանի ճանապարհը։ Ակցիայի մասնակիցները ճանապարհի մեջտեղը փոքր կրակ էին վառել, ինչպես նաև փորձել թույլ չտալ, որ ավտոբուսը մտնի տեղի բուժկենտրոն, որտեղ պետք է տեղակայվեին մարդիկ։
Մի քանի ավտոբուսների ապակիները քարերով կոտրել էին։ Ոստիկանությունը մի մարդու է ձերբակալել, որը, ենթադրաբար, քարեր է նետել։
Կարդացեք նաև
Ըստ վերջին տվյալների՝ չինական կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աճել է մինչև 76,726, դեպքերի մեծ մասն արձանագրվել է Չինաստանում։ Հայտնի է մահացության 2,247 դեպքի մասին։ Ապաքինվել է 18,547 մարդ։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: