Փետրվարի 22-23-ը Երևանում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 7-րդ պատգամավորական ժողովը, որին ներկա էին պատգամավորներ ՀՀ բոլոր մարզերից։
Ժողովը մեկնարկեց հանդիսավոր բացման արարողությամբ, որին ներկա էին ներկայացուցիչներ ՀՅԴ Բյուրոյից, Գերագույն մարմնից, Բյուրոյին կից Երիտասարդական գրասենյակից և Նիկոլ Աղբալյան Ուսանողական միությունից, Արարատ հայրապետական թեմի երիտասարդաց միությունից, ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ից, Հայաստանի պատանեկան միությունից, Լուսավոր Հայաստան, Հայաստանի Հանրապետական, Քաղաքացու Որոշում, Ազատ Դեմոկրատներ կուսակցություններից, Հայաստանի Երիտասարդական Կառավարությունից, ՍԴՀԿ Տխրունի ուսանողական-երիտասարդական միությունից։
Պատգամավորական ժողովն իր աշխատանքները շարունակեց փակ դռների ետևում՝ անդրադառնալով ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության նախորդ երկու տարիների գործունեությանը, ՀՀ-ում տիրող իրավիճակին, հայկական պետությունների առջև ծառացած մարտահրավերներին և այդ մարտահրավերների հաղթահարման գործում երիտասարդների դերակատարությանը, աշխարհասփյուռ հայ երիտասարդների խնդիրներին։
Ժողովը քննեց և գնահատեց շրջանավարտ Կենտրոնական վարչության աշխատանքները։
Կարդացեք նաև
Անդրադառնալով ՀՀ-ում տիրող ներկա իրավիճակին՝ ժողովը․
- վերահաստատեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության վճռականությունը՝ շարունակելու ժողովրդավարական, ընկերվարական և ազգային գաղափարների հիմքի վրա արդեն իսկ նախաձեռնած գործընթացները քաղաքական-հասարակական դաշտում
- ընդգծեց Հայաստանի ու Արցախի հանրապետություններում բնակվող, ինչպես նաև աշխարհասփյուռ հայ երիտասարդների միջև կապերի խորացման անհրաժեշտությունը
- շեշտեց համահայկական երիտասարդական ներուժն ի շահ հզոր, ժողովրդավար, ընկերավար և միացյալ հայրենիքի կերտման օգտագործելու կարևորությունը
Ժողովն ամփոփվեց Կենտրոնական վարչության նոր կազմի ընտրությամբ։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն