Ամեն տարի գրիպով միլիոնավոր մարդիկ են հիվանդանում, որոնց գերակշիռ մեծամասնությունն ապաքինվում է 1 շաբաթվա ընթացքում, սակայն մի մասի բախտն այնքան էլ չի բերում ու գրիպը նրանց համար մահացու հիվանդության է վերածվում։ Գրիպի հիմնական ախտանշաններն են մարմնի բարձր ջերմաստիճանը, գլխացավը, մկանային ու հոդերի ցավը, կոկորդի ցավն ու հարբուխը։ Սովորաբար սեզոնային գրիպն ավելի շատ է դրսևորվում աշնան վերջին ու ձմռանը, և այդ ընթացքում հատկապես կարևոր են գրիպի դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումները։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է մի քանի պարզ խորհուրդ, որոնք կօգնեն հոգ տանել սեփական առողջության և շրջակա միջավայրի մասին։
Պատվաստվեք
Գրիպի դեմ ամենամյա պատվաստումն այդ հիվանդությունից և դրա պոտենցիալ վտանգներից խուսափելու առավել արդյունավետ մեթոդներից մեկն է։ Հատկապես կարևոր է հղի կանանց պատվաստումը՝ անկախ հղիության ժամկետից։ Գրիպի դեմ հարկավոր է պատվաստել նաև 6 ամսականից 5 տ․ երեխաներին, տարեցներին, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց ու առողջապահության ոլորտի աշխատակիցներին։ Անհրաժեշտ է հիշել՝ պատվաստման արդյունքում գրիպով հիվանդանալն անհնար է։ Պատվաստումից հետո առաջացած անհարմարության զգացումն ու մարմնի ջերմաստիճանի մի փոքր բարձրացումը նորմալ երևույթ է, որն անցնում է 1-2 օրից։
Կարդացեք նաև
Պարբերաբար լվացեք ձեռքերը
Մաքուր ձեռքերը նպաստում են շատ հիվանդությունների, այդ թվում գրիպի կանխարգելմանը։ Ձեռքերի հիգիենայի պահպանումն առողջության մասին հոգ տանելու պարզ միջոցներից է։ Պարբերաբար լվացեք ձեռքերը հոսող ջրի ու օճառի օգնությամբ, վերջիններիս բացակայության դեպքում մաքրեք ձեռքերը հակասեպտիկ միջոցներով։ Կարևոր է հիշել՝ ձեռքերն անհրաժեշտ է լվանալ 15-20 վայրկյանից ոչ պակաս ժամանակամիջոցում։
Ձեռքերով մի դիպչեք ձեր աչքերին, քթին, բերանին
Աչքերը, քիթն ու բերանը գրիպի հարուցիչների՝ օրգանիզմ ներթափանցելու առավել «հուսալի» ճանապարհն են։ Մենք չենք կարող լիովին բացառել մեր կողմից շնչվող օդում գրիպի վիրուսների առկայությունը, սակայն կարող ենք կրճատել վարակվելու հավանականությունը՝ խուսափելով մեր դեմքին դիպչելուց։ Եթե անհրաժեշտություն է առաջանում դեմքին դիպչելու, ապա նախապես օճառով լվացեք ձեռքերը կամ անձեռոցիկ օգտագործեք։
Խուսափեք գրիպի և հարբուխի ախտանշաններ ունեցող մարդկանց հետ շփումներից
Գրիպը վարակիչ հիվանդություն է։ Այն հեշտությամբ տարածվում է այն վայրերում, որտեղ մարդկանց հոծ բազմություն է՝ հասարակական տրանսպորտում, կրթական հաստատություններում, մասսայական միջոցառումների ժամանակ։ Երբ գրիպով հիվանդը հազում կամ փռշտում է, վիրուսներ պարունակող միկրոսկոպիկ մասնիկները տարածվում են մինչև մեկ մետր շառավղով և վարակում նրանց, ովքեր շնչում են դրանցով վարակված օդը։
Եթե հիվանդ եք, մնացեք տանը
Եթե դուք հիվանդացել եք գրիպով, ապա վտանգավոր եք շրջապատի համար, հատկապես քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Շրջապատող մարդկանց հետ շփվելուց խուսափելու մասին որոշումը կարող է կանխել գրիպի վիրուսի տարածումն ու գուցե փրկել ինչ-որ մեկի կյանքը։
Ծանուցում․ եթե ձեզ մոտ առկա են վերոհիշյալ ախտանշանները, ապա մի զբաղվեք ինքնաբուժմամբ։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ