Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի գործերը չեն ուղարկվում դատարան

Փետրվար 23,2020 22:30

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն օրերս հայտարարել էր, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին վերագրվող արարքների որակման հետ կապված քննիչը եւ դատախազն անհամաձայնություններ ունեն: Ըստ մամուլում առկա տեղեկությունների, մասնավորապես, դատախազն առաջարկում է փոփոխել մեղադրանքը, իսկ քննիչն առարկում է: «Երկրորդ անգամ է այս ամենը տեղի ունենում, որ քննիչն առարկում է, որ դատախազն ինչ-որ ցուցում է տալիս, որից հետո փորձ է արվում քննիչի կողմից բողոքարկելու: Չեմ կարծում, որ սա լուրջ գործընթաց է»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալին՝ ասաց Արսեն Բաբայանի շահերի պաշտպան, փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Նրա խոսքով. «Այս գործը դատարան ուղարկել-չուղարկելու որոշումը(եւ ինչ հոդվածով) շատ վաղուց կայացված է: Թե երբ ի կատար կածվի, մոտ օրերս կտեսնենք: Ի սկզբանե ակնհայտ էր, որ սա քրեական գործ չէ, իրավական գործ չէ, այլ՝ քաղաքական: Իսկ այն բանից հետո, երբ վարչապետը քանիցս «դատավճիռ» արձակեց այս գործով, կարծում եմ՝ իրավական առումով այստեղ քննարկելու եւ վերլուծելու որեւէ բան չկա: Միակ օրինական լուծումը, որը հիմա կարող է լինել, վարույթը կարճելն է՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ»:

Երվանդ Վարոսյանը տեղեկացրեց, որ այս պահին գործն ուղարկված չէ դատարան, այն վերադարձվել է նախաքննության եւ քննիչի վարույթում է. «Երկու անգամ դատախազությունը չի հաստատել մեղադրական եզրակացությունը: Իսկ թե ինչ դետալների շուրջ չեն համաձայնում եւ ինչ որակման խնդիր են տեսնում, ես դա անգամ չեմ էլ կարեւորում»: Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց հետ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, նաեւ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ Արսեն Բաբայանը՝ դրան օժանդակելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829