Սերգեյ Դովլաթովը, մտորելով մատնիչների մասին, ժամանակին գրել էր. «Մենք անվերջ անիծում ենք ընկեր Ստալինին, եւ, իհարկե, իրավամբ: Բայց, այնուամենայնիվ, ես ուզում եմ հարցնել՝ ո՞վ է գրել չորս միլիոն մատնագրերը»: Ցանկացած իշխանություն կարիք ունի մատնագրերի (եւ, ակնհայտորեն՝ նաեւ մատնիչների): Այդ կոչումն ունի բազմաթիվ պատճառներ եւ շարժառիթներ. Հուդայի կանոնիկ արծաթասիրությունը, Ազեֆի արկածախնդրությունը, Պավլիկ Մորոզովի դասակարգային պայքարը, ծառայելու ձգտումը կամ «Կնոջ բույրը» ֆիլմում հեղինակավոր դպրոցից չհեռացվելու՝ ֆիլմի հերոսների ցանկությունը: Ես վստահ եմ, որ բավականաչափ կարդացած ընթերցողը «գործ տալու» բազմաթիվ օրինակներ կգտնի գրականության մեջ եւ կինոյում:
Երբ հեղափոխական իշխանությունն առաջին քայլերն էր ձեռնարկում «գործ տալը» խթանելու ուղղությամբ՝ կոչելով դա «ազդարարություն», իմ մտքով հանկարծ անցավ՝ իսկ որտե՞ղ է անցնում գործ տալու եւ «ազդարարության» այդ նուրբ սահմանագիծը:
Առաջին ենթադրությունը (որը սովորաբար այնքան էլ ճշգրիտ չի լինում) այն մասին էր, որ մարդիկ մատնագրերով փորձում են վերականգնել խեղված արդարությունը: Սակայն Հուդայի եւ Ազեֆի օրինակները արդարություն հասկացության մեջ դժվար են մտնում:
Եվ այստեղ ես հիշեցի, որ այն մարդը, որը ժամանակին պատասխանատու էր միութենական իշխանության մարմիններին Հայաստանից ուղարկվող նամակների՝ հայերենից ռուսերեն թարգմանության համար, 90-ականների կեսերին հրապարակեց իր կարծիքով զվարճալի հատվածներ այդ նամակներից: Մարազմի այդ բոլոր կույտերին (որոնք հասցեագրված էին, օրինակ, Լենինի դամբարանին) միավորում էր մեկ բան՝ պատիժ պահանջելու անզուսպ ցանկությունը: Ոչ թե թերությունների ուղղումը, ոչ թե ինչ-որ բանի բարելավվումը, այլ հենց՝ պատիժը: Մարդիկ պետությունը, միութենական իշխանությունը ընկալում էին որպես բռնության, պատժի, դաժանության գործիք: Որպես ռեպրեսիվ մեքենա: Եվ պետությունն արդարացնում էր այդ սպասումները: Ամբողջությամբ: Մինչեւ ոսկորները կոտրելը եւ գժանոցներում հարկադիր բուժումը:
Կարդացեք նաև
Մատնության բոլոր դեպքերը, որոնք ինձ հայտնի են, միայն մի նպատակ էին հետապնդում՝ գործի դնել բռնաճնշումների մեքենան: Իսկ հասարակությունը բռնաճնշումներին դիմադրելու հատկություն ունի: Եվ եթե չունի օրինական, լեգալ միջոցներ դրանց դիմադրելու, ապա սկսում է մշակել ոչ ֆորմալ տարբերակներ:
Ուրեմն ի՞նչ պիտի անեն պետական այրերը, որոնք ուզում են, որ քաղաքացիներն իրենց «ազդարարեն»: Պատասխանը, որը ես գտա ինձ համար, նրանց առանձնապես դուր չի գա՝ չկիրառել բռնաճնշումներ: Իրենց գործառույթը տեսնել ոչ թե պատժի, այլ կարգավորման մեջ, այլ կերպ ասած՝ փոխել մտրակը թխվածքաբլիթներով: Բայց, ինչպես կնկատի խելացի ընթերցողը, այդ դեպքում մատնագրերի կարիքն էլ չի լինի: Դե ես էլ հենց այդ եմ ասում…
Ս. Ե.