«Չմասնակցեցի քվեարկությանը, որովհետեւ իմ սկզբունքներին դեմ էր, ես այլ կարծիք ունեմ, թե ինչպես պետք է անդրադառնայինք այդ օրենքի նախագծին»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով փետրվարի 21-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստում «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկների քվեարկությանը չմասնակցելու փաստին՝ ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Հիշեցնենք, որ գիտխորհուրդը քվեարկությամբ ընդունել է առաջարկների փաթեթը:
«Կարծում եմ՝ այն, ինչ դրվեց քվեարկության, հարիր չէր մեր գիտխորհրդին, որովհետեւ խոսք գնաց ինչ-որ առաջարկությունների մասին, մինչդեռ դեկտեմբերին գիտխորհուրդը քվեարկել էր, որպեսզի մենք կարծիք հայտնենք օրենքի վերաբերյալ: Դա կարեւոր է ցանկացած բուհի, առաջնահերթ՝ ԵՊՀ-ի համար, որպեսզի կարծիք հայտնի օրենքի, դրա հիմնավորվածության վերաբերյալ: Եթե հարցնեն, թե ինչի արդյունքում եկանք այդ առաջարկներին, որեւէ մեկը չի կարող պատասխանել, որովհետեւ օրենքի նախագծի համապատասխան վերլուծությունները բացակայում են, մինչդեռ պետք էր բացահայտել, ցույց տալ, թե ինչ պետք է արվեր եւ ինչը չի արվել:
Մեր ֆակուլտետը մանրամասն կարծիք է գրել, բայց գիտխորհուրդն ընտրեց առանց հիմնավորումների տարբերակը: Ոչինչ չեն ասում, միայն առաջարկում են այս կամ այն կետերը փոխել: Դա լուրջ չէ համալսարանի համար»,-համոզմունք հայտնեց Գագիկ Ղազինյանը:
Նրա խոսքով. «Գիտխորհրդի շատ անդամներ կրավորական կեցվածք էին ընդունել: Հանկարծ ինչ-որ մեկին չվիրավորեն, հանկարծ կոպիտ ձեւով չարձանագրեն, որ օրենքը լավ հիմնավորված չէ… այսպես մենք հեռուն չենք կարող գնալ: Եթե մի բանը բխում է համալսարանի շահերից, որեւէ մեկին չպետք է հետաքրքրի, թե այն ում դուրը կգա, իսկ ում՝ ոչ: Բայց ընդունվեցին անատամ, ոչինչ չասող առաջարկներ, ինչը հարիր չէ համալսարանին, այդ պատճառով չմասնակցեցի քննարկումներին եւ քվեարկությանը»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ԵՊՀ գիտխորհրդի նիստում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում հայագիտական առարկաների՝ Հայ ժողովրդի պատմություն, Հայոց լեզու, գրականություն, Հայ եկեղեցու պատմություն, դասավանդումը որպես գերակայություն սահմանելու վերաբերյալ առաջարկին, որը մերժվեց, Գագիկ Ղազինյանը հիշեցրեց, որ քննարկմանը մինչեւ վերջ չի մասնակցել եւ դրա վերջնական տարբերակը չի տեսել:
Իսկ հայագիտական առարկաների վերաբերյալ առհասարակ նշեց. «Ոչ մասնագիտական ֆակուլտետներում օրենքով հայագիտական առարկաների պարտադրանքը չեմ ընդունում: Սա այն դեպքն է, որ բուհն ինքը պետք է որպես ակադեմիական ազատության արդյունք որոշի, թե ինչ ժամաքանակով եւ ինչ մեթոդաբանությամբ պետք է ոչ մասնագիտական առարկաները դասավանդի: Օրենքն, առհասարակ, որեւէ ոչ մասնագիտական առարկայի դասավանդումը չպետք է պարտադիր համարի որեւէ մասնագիտական ֆակուլտետում: Դա բուհի որոշելիքն է: Մեր ֆակուլտետի օրինակով ասեմ՝ օրենքով պարտադիր լինի, թե ոչ, հայոց լեզվից չենք հրաժարվի մասնագիտական լեզվի առումով, հակառակը՝ անընդհատ կկատարելագործենք, դա մեզ պետք է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ