Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՊՀ գիտխորհրդից ոմանք ուզում էին Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ». Ռուբեն Մելքոնյան

Փետրվար 23,2020 21:00

Փետրվարի 21-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ մերժվել է Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի առաջարկը՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում հայագիտական առարկաների՝ Հայ ժողովրդի պատմություն,  Հայոց լեզու, գրականությունը, Հայ եկեղեցու պատմություն, դասավանդումը որպես գերակայություն սահմանելու վերաբերյալ:

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր առաջարկի քվեարկությանը՝ Ռուբեն Մելքոնյանը նախ նշեց, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծում կառավարությունն առաջարկում է հայագիտական հետազոտությունները ճանաչել որպես գերակայություն. «Եթե մարդիկ պետք է հայագիտական հետազոտություններով զբաղվեն, որովհետեւ դրանք գերակա են, տրամաբանությունը հուշում է, որ գերակա պետք է լինի նաեւ հայագիտական առարկաների դասավանդումը: Շատ պարզ բանաձեւ էի առաջարկել: Բայց առաջարկս իմպերատիվ լուծումներ չէր ենթադրում, այսինքն՝ ամրագրում ենք, որ Հայաստանում հայագիտական առարկաներն ունեն գերակայություն՝ ճիշտ այնպես, ինչպես «Լեզվի մասին» օրենքում է նշված, որ հայոց լեզուն ունի գերակայութուն: Իսկ թե այդ առարկաները որ ֆակուլտետում որքան պետք է դասավանդվեն, արդիականացման ինչպիսի անհրաժեշտություն ունեն եւ ամեն մասնագիտությունից բխող ինչ առանձնահատկություն ունեն, դա արդեն պետք է ֆակուլտետը որոշի: Դա վերապահվում է բուհական ինքնավարությանը: Ես չեմ առաջարկել ամրագրել, որ հայագիտական առարկաները լինեն պարտադիր: Առաջարկել եմ սկզբունքն ամրագրել, իսկ մնացածը թողնել ֆակուլտետի ինքնավարությանը»:

Ռուբեն ՄԵլքոնյանը շեշտեց՝ գիտխորհրդի նիստի ժամանակ ակնկալում էր, որ իր առաջարկին դեմ արտահայտվողները կհիմնավորեին մոտեցումը. «Տեւական ժամանակ ռեկտորի պաշտոնակատար, ակադեմիկոս Գեղամ Գեւորգյանն ինձանից փորձում էր ճշտել, թե ինչ է նշանակում «գերակայություն» բառը: Սպասում էի, որ կարող էր ավելի անտրամաբանական բան հարցնել, օրինակ՝ ինչո՞ւ է աղմկում գետը կամ ինչո՞ւ է արեւը ծագում: Հայտարարեցի, որ գիտնականներին հարիր չէ հարցնել, թե ինչ է գերակայությունը: Հարց է առաջանում, թե բուհական մտավորականությունն ինչո՞ւ է բոլոր ժամանակներում փորձում հարմարվել իշխանության պահանջներին, որեւէ կերպ դեմ չգնալ՝ իբրեւ թե իրենց ազատությունն ապացուցելու համար ինչ-որ պատրվակներ  գտնելով: Տխուր է, որ մայր բուհում հայագիտական առարկաների հարցը նման թշնամանքով է ընկալվում: Ես լավ քաղաքացի ձեւավորելու համար առաջարկում էի հիմքեր ստեղծել՝ իմանալ հայոց պատմությունը, մշակույթը՝ անկախ նրանից, թե քաղաքացին ինչ մասնագետ է դառնալու: Բոլորին է անհրաժեշտ համապատասխան գիտելիքներ ունենալը: Եթե Ամերիկյան համալսարանում, որտեղ, եթե ճիշտ եմ հիշում, տնտեսագիտության կամ բիզնեսի ֆակուլտետներում հայ գրականություն էլ է դասավանդվում, հայագիտական առարկաներն ավելի բարձր կարգավիճակ ունեն, քան մայր բուհում, ապա մտածելու շատ հարցեր են ի հայտ գալիս»:

Ռուբեն Մելքոնյանն ընդգծեց, որ իր առաջարկի վերաբերյալ քվեարկությանը չմասնակցածների շարքերում կային ֆակուլտետների ներկայացուցիչներ, որոնք հայագիտական առարկաների շահերի պաշտպանները պետք է լինեին. «Տարօրինակ էր, որ ես էի հարցը բարձրաձայնում, թեեւ պետք է այլոք բարձրաձայնեին, իսկ ես՝ սատարեի, որովհետեւ արեւելագիտության ֆակուլտետը հայագիտական առարկաներ դասավանդող չի, հակառակը՝ մենք ենք հրավիրում, որ այլք գան դասավանդեն: Այսինքն, այս ամենն իմ անձնական կամ ֆակուլտետային շահը չէր հետապնդում: Բախվեցի հնաոճ ընկալման հերթական դրսեւորմանը»:

Հետաքրքրվեցինք՝ պատրաստվո՞ւմ է Ռուբեն Մելքոնյանն այլ ձեւաչափով իր առաջարկը ներկայացնել կառավարությանը: Նա չբացառեց դա, եթե ժամանակը թույլ տա. «Չեմ խորշում առաջարկս ներկայացնել եւ հակափաստարկներ լսել, բայց ինձ թվում է, որ ԵՊՀ գիտխորհրդից ոմանք ուզում էին Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ: Գուցե ԿԳՄՍ-ն ավելի «տոլերանտ» լինի առաջարկի հանդեպ, քան նշյալ անձինք»:

Մեր զրուցակիցը նաեւ համոզմունք հայտնեց, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ուզում է արժեզրկել բուհական եւ ԵՊՀ-ին հատուկ դրական ավանդույթները. «Նա ուզում է շրիշակի մակարդակի քննարկումները եւ փաստաթղթերը հրամցնել որպես ԵՊՀ կարծիք: Թե ինչու է միտումնավոր ԵՊՀ-ի հանրային ընկալումն իջեցնում այդ մակարդակի, դժվարանում եմ ասել: Նրա բառամթերքը հարիր է ավելի ցածր գիտակրթական հիմնարկին՝ տեխնիկումին: Նրա բառամթերքից ուղղակի զարմանալ է կարելի: Հարգելով նրա տարիքը՝ շատ կոշտ չեմ պատասխանում, բայց այդ օրն անգամ ես էի փորձում նրան հակադարձել իր իսկ նախընտրած ոճի շրջանակում»:

Հավելենք, որ ԵՊՀ-ն պետք է կարծիք ներկայացնի օրինագծի վերաբերյալ, ինչի նպատակով էլ գիտխորհրդի նիստը եղավ: Մայր բուհի որոշ ներկայացուցիչներ գտնում են, որ ոչ թե կարծիք, այլ առաջարկներ պետք է մշակվեն եւ քննարկվեն նախարարությունում:

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը համաձայն չէ Ռուբեն Մելքոնյանի առաջարկի հետ, քանի որ գտնում է, որ դա հարվածի տակ է դնում համալսարանի ակադեմիական ազատությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829