Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի բալետի հայ Ռոմեոն

Փետրվար 23,2020 17:42

Հարցազրույց  Թել Ավիվից՝ Իսրայելի բալետի մենակատար Լյուդվիգ Իսպիրյանի հետ.

-Ինչպե՞ս սկսվեց Ձեր մուտքը բալետի աշխարհ։

– Իմ մուտքը Երևանի պարարվեստի ուսումնարան՝ բալետի բաժին, առաջին անգամ եղավ ոչ թե իմ, այլ  մայրիկիս ու հայրական տատիկիս ցանկությամբ, որի համար շատ շնորհակալ եմ։

-Ո՞րն է եղել Ձեզ համար բալետի առաջին գրավականը։

-Առաջին գրավականը եղել է բալետի սպորտային մասը ՝ թռիչքները, պտույտները,  պարային բարդ  տեխնիկան։

-Ինչպե՞ս հայտնվեցիք հայրենիքից հեռու՝ Իսրայելում։

-Երբ ես 17 տարեկան էի ու որպես մենակատար պարում էի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Իսրայելի բալետի գլխավոր փորձավարներից մեր հայրենակից Արթուր Ավդալյանը, տեսնելով «Գայանե» ներկայացումը, ինձ առաջարկեց տեսանյութ-դիսկ ուղարկել Իսրայելի բալետի տնօրենին։ Այդպես էլ արեցի  և շատ կարճ ժամանակ անց պատասխան ստացա. ինձ  ընդունեցին  որպես առաջատար մենակատար։

-Ի՞նչն օգնեց հաղթահարել դժվարությունները։ Չէ՞ որ հեշտ չէ հարմարվել նոր միջավայրին, սովորույթներին։

-Սկզբում, իհարկե, բարդ էր, բայց ինձ օգնեց իմ տեխնիկական առաջադիմությունն արվեստի, պարի մեջ։ Շատ մեծ դեր խաղաց իմ՝  բալետում հաջողության հասնելու ձգտումը, իմ  ցանկությունը՝ լեզուն սովորելու, երկիրը ճանաչելու հարցում։

-Լյուդվիգ, որպես արտիստ, ինչպե՞ս եք անում, որ բեմում Ձեր հույզերը և պարային տեխնիկան համադրվեն ու չխանգարեն իրար։

-Փորձերի ժամանակ  աշխատում եմ և՛ պարային տեխնիկայի, և՛ հույզերի հաղթահարման վրա։ Երբ երկար ժամանակ նույն դերը փորձում ես, սկսում ես կառավարել այդ երկուսը, և արդեն բեմում մեկը մյուսին չի խանգարում։

-Ի՞նչ է պակասում հայկական բալետին, հարկավո՞ր է  որևէ  թարմություն  հաղորդել, որպեսզի մեր բալետն ունենա մեծ թվով հավատարիմ հանդիսատես։

-Այսօր մեր հայկական բալետում պակասում  է ժամանակակից պարային ոճը, ներկայացումները՝ համադրված ժամանակակից երաժշտությամբ, որոնք ամբողջ աշխարհում երկար տարիներ է գոյություն ունեն, այսօրվա սերունդը շատ մոտ է այս նորաոճությանը, կարծում եմ, այս ամենը կմոտեցնի մեր հայ երիտասարդ հանդիսատեսին դեպի բալետը։

-Մոդեռնի և դասականի խառնուրդը նկատելի  է նաև Ձեր բեմադրություններում, սակայն ո՞րն է Ձեզ ավելի հարազատ և ինչու՞։

-Երկու ոճն էլ ինձ համար շատ սիրելի են, բայց դասական բալետն ինձ ավելի մոտ է, քանի որ հենց այստեղ կա տեխնիկապես առաջխաղացում ունենալու հնարավորություն։Ինչպես նաև  դասական բալետն ունի պատմություններ, որտեղ դու ներկայանում ես  ոչ միայն որպես պարող, այլև՝ բալետի դերասան և  քո կերպարով ամբողջացնում ես ներկայացումը ՝ փոխանցելով այն հանդիսատեսին։

-Բալետի արտիստի կյանքը բեմում կարճատև է, ինչո՞վ եք զբաղվելու հետո։

-Այո՛, բալետի արտիստի կյանքը բեմում կարճ է, բայց դրանից հետո գալիս է ուրիշ հետաքրքրություն ՝ դասավանդել,  խորեոգրաֆիա անել՝  պարային ներկայացումներ բեմադրել։ Այս ամենը հիմա նույնպես անում եմ՝  տարբեր տեղերում դասավանդում եմ, ունեմ աշակերտ՝ Օմրի Միշելը, որն արդեն ինձ հետ պարում է Իսրայելի բալետում ՝ որպես մենակատար։ Մեծ հույս ունեմ, որ այս ամենը կշարունակվի , ուղղակի արդեն ես բեմում չեմ լինի, բայց կլինեն իմ աշակերտները, որոնցով շատ կուրախանամ ու կզգամ ինձ բեմում։

 

Լուսանկարները տրամադրեց  Լյուդվիգ Իսպիրյանը

Շուշան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829