Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղը մերն է, և՝ վերջ

Փետրվար 23,2020 12:00

Հայաստանում, Ղարաբաղում և հայաշատ բոլոր վայրերում անհամբեր ու բացառիկ հետաքրքրությամբ են սպասում Ղարաբաղի նախագահի ընտրություններին: Ղարաբաղի նախագահի ընտրություններին անհամբեր ու մեծ ուշադրությամբ են սպասում նաև Ռուսաստանում, Ադրբեջանում և ամենուր, քանզի Ղարաբաղի հարցը վաղուց միջազգային ընդգրկում ունի, և, կարելի է ասել, վերաբերում է ոչ միայն հայերին ու ադրբեջանցիներին:

Այսուհանդերձ, այս անգամ Ղարաբաղի նախագահի ընտրություններն էապես տարբերվում են նախորդներից, քանզի, ի տարբերություն Արցախի նախագահի նախորդ ընտրությունների, Հայաստանի ու Արցախի քաղաքական ուժերն էլ են տարբեր կերպ տրամադրված Ղարաբաղի նախագահի ընտրություններին և, կարելի է ասել, սպասվելիք ընտրությունների հետ կապված, իրարից միանգամայն տարբեր շահագրգռվածություններ ունեն:

Սա մեր անձնական ու նախնական կարծիքն է, որը հաստատվում է Հայաստանի ու Ղարաբաղի քաղաքական ուժերի արտահայտած՝ իրարից միանգամայն տարբերվող վերաբերմունքով: Վերաբերմունքների այդ տարբերությունը բխում է Նոր Հայաստանի իշխանությունների տրամադրություններից՝ Ղարաբաղյան ընտրությունների հետ կապված, և արդեն իսկ զգալի ու նկատելի է, որ Հայաստանի ընդդիմադիր որոշ կուսակցությունների ու ուժերի կարծիքները չեն համընկնում Նոր Հայաստանի իշխանությունների կարծիքներին՝ կապված Ղարաբաղի ընտրվելիք նախագահի ենթադրվող թեկնածուի հետ: Ենթադրվում է, որ նույնիսկ կարող է պայքար ծավալվել Նոր Հայաստանի իշխանությունների և հակափաշինյանական ու հակահեղափոխական Հայաստանյան ու Ղարաբաղյան որոշակի ուժերի միջև՝ կապված Ղարաբաղի նախագահի անձի հետ, չնայած վստահաբար այն կարծիքին ենք, որ նման տարաձայնություն ամենևին ցանկալի չէ, ու նաև հուսով ենք, որ մեր այս վերլուծությամբ ամենևին չենք նպաստի տվյալ տարաձայնությունների առավել տարածմանն ու առավել խորացմանը, որովհետև հավատում ենք ու համոզված ենք, որ Ղարաբաղի նախագահի ընտրությունը հայերիս համար կարելի է հաջողված համարել միայն այն դեպքում, եթե այդ ընտրության արդյունքում ընտրված Ղարաբաղի նախագահը ընդունելի լինի Հայաստանի ու Ղարաբաղի հայության անխտիր բոլոր խավերի ու քաղաքական բոլոր ուժերի կողմից:

Հուսով ենք, որ այդպես էլ կլինի: Ավելին. նաև հուսով ենք, որ Ղարաբաղի նորընտիր նախագահն իր անձով կնպաստի Հայաստանի ու Ղարաբաղի անխտիր բոլոր քաղաքական ուժերի կոնսոլիդացմանը, միասնությանն ու համերաշխությանը, և Ղարաբաղի նախագահի առաջիկա ընտրությունը նաև առիթ ու պատճառ կդառնա, որ Հայաստանի ու Ղարաբաղի քաղաքական անխտիր բոլոր ուժերը միավորվեն ու համերաշխվեն: Տա Աստված, որ այդպես լինի, քանզի միայն այդ դեպքում է հնարավոր Ղարաբաղի ու Մայր Հայաստանի միասնությունը բոլոր առումներով, և միայն այդ դեպքում է հնարավոր ամուր, անսասան ու անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հույժ ցանկալի գոյությունը:

Սա մեր բոլորի ցանկությունն է, և մեր այս ցանկության իրականացումը կախված է ոչ միայն Նոր Հայաստանի իշխանություններից և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ոչ միայն Ղարաբաղյան ուժերից՝ Սամվել Բաբայանից, Վիտալի Բալասանյանից և բոլոր մյուսներից, այլև կախված է անձամբ մեզանից՝ բոլորիս միասնության ու համերաշխության բարի կամեցողությունից, առանց որի անհնարին է մեր ցանկացած ու երազած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը: Ես էլ եմ համաձայն, որ միակողմանիորեն շատ խորացա ու բարդացրի: Բայց ստիպված էի, քանզի իրականությունն ու իրավիճակն այդ են պահանջում:

Իրականությունն ու իրավիճակը պահանջում են, որ հանուն Ղարաբաղի մի կողմ դնենք մեր բոլոր տարաձայնություններն ու անհամաձայնությունները: Դա, իհարկե, մի քիչ դժվար է, բայց՝ ոչ անհնարին: Ղարաբաղի հարցում մենք միշտ միասնական ենք եղել, և մեր միասնության ու միասնականության շնորհիվ է, որ այսօր ունենք մեր ցանկալի ու բաղձալի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ իր նախագահով և իր ամեն ինչով:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829