Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Հարությունյան. «Ի՞նչ անեմ, կախվե՞մ». Նոր դատական գործ. Sputnik

Փետրվար 22,2020 22:40

Ռուսաստանում աղմկահարույց վթարի պատճառով ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանին դարձյալ դատում են, այս անգամ` Հայաստանում։ Քրեական նոր գործի մասին տեղեկությունը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում։

2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր մահացել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Նա Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար։ Ավելի ուշ դատարանը որոշում կայացրեց պատժի կրումն ազատ ռեժիմով շարունակելու վերաբերյալ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինը ընտանիքի միակ կերակրողն է։ Իսկ 2018թ–ի նոյեմբերի 6-ին Հրաչյա Հարությունյանը համաներմամբ ազատ արձակվեց։

Հիմա էլ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զրկված լինելով վարորդական իրավունքից` ավտոմեքենա է վարել։ Այս գործով դատական առաջին նիստը նշանակված է առաջիկա երկուշաբթի` փետրվարի 24-ին։

Sputnik Արմենիան սպասվող դատավարության ու քրեական գործի մասին զրուցել է Հրաչյա Հարությունյանի հետ։ «Իմ սեփական մեքենան որպես տաքսի եմ վարում։ Ասում են` չի կարելի։ Ես էլ ասում եմ` չի կարելի, հարց չկա, ես ընդունում եմ`չի կարելի։ Բայց որ չքշեմ, բա իմ տունն ո՞վ պահի։ Ես վատառողջ, հիվանդ տղա եմ, առողջությանս կեսը թողել եմ Ռուսաստանում, ուրիշ գործ չեմ կարողանում անել։ Չեմ կարողանում նույնիսկ բահ բռնել, ողնաշարի պրոբլեմ ունեմ, ինձ բժիշկն արգելել է 5 կգ–ից ծանր բան վերցնել։ Ես ո՛չ ինստիտուտ եմ ավարտել, ո՛չ կրթություն ունեմ։ Սաղ կյանքս վարորդ եմ եղել, էդ է իմ մասնագիտությունը։ Ուրիշ ի՞նչ անեմ, ո՞նց ընտանիքս պահեմ»,– ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` ինքը վարորդի աշխատանքին է վերադարձել ՔԿՀ–ից դուրս գալուց մի քանի ամիս հետո, երբ գիտակցել է, որ ընտանիք պահելու այլ տարբերակ չունի: Հարությունյանը պատմեց, որ տան միակ աշխատողն ինքն է։ Կինը չի կարողանում տնից դուրս գալ. 83-ամյա հիվանդ սկեսրայրին է խնամում։ Դուստրն ամուսնացել է ու իր ընտանիքով առանձին է ապրում։ Այդ իրավիճակում, նրա խոսքով, այլ բան չէր մնում, քան նորից նստել ավտոմեքենայի ղեկին, չնայած այն բանին, որ իր վարորդական իրավունքը մնացել էր Ռուսաստանում։ Այդ երկրի իրավապահներն այն առգրավել էին 2014թ–ին ու մինչ օրս չեն վերադարձրել։

«Ես ընդունում եմ`չունեմ իրավունք, բայց կարող էին ինձ ընդառաջել, մի հարցում օգնել։ Ես մի քանի տեղ դիմել եմ, որ իմ վարորդական իրավունքը որևէ կերպ վերականգնեմ, ասել են` դա անհնարին բան է»,– ասաց Հարությունյանը։

Փետրվարի 24-ին մեկնարկող դատավարությանը մասնակցելու է, թե ոչ, Հարությունյանը դեռ չի որոշել, փաստաբան էլ չունի, որ ճիշտ խորհուրդ տա։ Բայց արդեն որոշել է, թե դատարանում ինչ է ասելու, եթե ներկայանա դատին։ «Ասելու եմ, եթե այդպես է, միանգամից «կանդալները» հագցրեք, տարեք, նստեցրեք։ Իզուր էլ ազատել եք։ Ասեք` ի՞նչ անեմ, կախվեմ, պրծնե՞մ։ Հոգնել եմ արդեն էս դատերից։ Ինչքա՞ն կարելի է նույն վերքի վրա անընդհատ աղ լցնել»,– պատմեց Հարությունյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829