Փետրվարի 22-ին մեկնարկեց «Քայլ առ քայլ հաջողակ մարդկանց հետ» ամենամյա համաժողովը։ Առաջին անգամ այս ձևաչափով համաժողովը կազմակերպվել է 2016 թվականին։ Համաժողովի ընթացքում խոսնակները պատմում են իրենց փորձերի և հաջողության հասնելու ճանապարհի մասին։
Այսօրվա միջոցառման խոսնակներն էին «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր ՝ Սոնա Ղազարյանը, «Լոֆթ» ցանցի գլխավոր տնօրեն՝ Արևիկ Համբարձումյանը և «Շանթ» ՀԸ-ի սցենարիստ, լրագրող, գրող՝ Անի Մաղաքյանը:
«Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ նախագահ Գրիգոր Ջանիկյանը իր ելույթի ընթացքում ներկայացրեց այսօրվա խոսնակներին և պատմեց իրենց համագործակցության մասին։
«Ուրախ եմ, որ շարունակելով բարի ավանդույթները արդեն 7-րդ անգամ եք կազմակերպում միջոցառումը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր խոսնակներին, ոմանց հետ նոր ենք սկսելու աշխատել, ոմանց հետ բավականին երկար ճանապարհ ենք անցել։ Կուզենամ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր երեք խոսնակներին՝ Սոնային, ում հետ աշխատում ենք արդեն գրեթե մեկ տարի, հեղափոխությունից հետո Սոնան ակտիվ աջակցում է երիտասարդական կառույցներին իրենց նպատակներին հասնելու մեջ, Արևիկին, ում հետ աշխատում ենք ՀԿ-ի հիմնադրումից ի վեր 2015 թվականից, ունեցել ենք բազում կոնֆերանսներ, որոնց Արևիկը աջակցել է թե որպես անձ, թե որպես «Լոֆթ» կառույցի տնօրեն, և Անիին, ում հետ ցավոք դեռ նոր ենք սկսել համագործակցել, բայց հուսով եմ համագործակցությունը կշարունակվի»:
Կարդացեք նաև
Սիրված հաղորդավար Սերգեյ Սարգսյանը պատմեց համաժողովի մասին։
«Սա ոչ ֆորմալ կրթության, զարգացման և ավելի որակապես լավը դառնալու հնարավորություն և վայր է։ Ցանկացած հաջողության պատմություն, եթե փորփրենք փոքրիկ սենց միջոցառումներից, հնարավորություններից է բաղկացած։ Սա այն տեղն է, որտեղ մարդիկ շփվում են, պատմում են իրենց փորձերից։ Մարդկանց նպատակն է այստեղ մաքսիմալը քաղել մեր խոսնակներից»:
Սոնա ՔԱԲԱԲՅԱՆ