Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը` Իրանում. 5 անձ մահացել է

Փետրվար 22,2020 19:29

Հայաստանի հարեւան Իրանում, տեղի մամուլի հաղորդմամբ, կորոնավիրուսից մահվան մի քանի դեպքեր կան, 13 քաղաքացու մոտ էլ հաստատվել է վիրուսով վարակված լինելը. Իրանն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստացել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի հերթական խմբաքանակը:

Ինչպես «Առավոտ»-ի հետ զրույցում հայտնեց իրանագետ Արմեն Իսրայելյանը, մահվան դեպքերը գրանցվել են այդ թվում Ղոմ քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Թեհրանի հարավում:

Ինչ վերաբերում է կանխարգելիչ միջոցառումներին, փորձագետի խոսքով՝ ավելի վաղ դադարեցվել էին Իրան-Չինաստան-Իրան թռիչքները. «Մոտ տասը օր առաջ «Իրան» հեղինակավոր օրաթերթն առաջին անգամ հայտնեց, որ մայրաքաղաք Թեհրանում կորոնավիրուսի կասկածանքով դեպք է հայտնաբերվել: Ժամեր անց, սակայն, Իրանի Առողջապահության նախարարությունը հերքեց դա: Փետրվարի 20-ին արդեն նախարարությունը հաստատեց կորոնավիրուսով վարակման դեպքերը»:

Մեր զրուցակցի բնորոշմամբ՝ թեեւ Իրանի կառավարությունն արգելել է թռիչքները դեպի Չինաստան, բայց որոշ ավիաընկերություններ, այնուամենայնիվ, իրականացրել են թռիչքներ. «Ղոմում, որտեղից սկսվեց կորոնավիրուսի տարածումը, Չինաստանի հետ առնչություն եղել է, թե՝ ոչ, մասնագետները կարող են գնահատել: Իրանական մամուլի տվյալներով՝ տարածումը սկսվել է Ղոմից, թեեւ պաշտոնապես դեռեւս հստակ չէ, թե վիրուսն ինչպես է «հայտնվել» Ղոմում, վարակվածները որեւէ տեսակի շփում ունեցե՞լ են Չինաստանի հետ, թե ոչ: Ամեն դեպքում, Իրանի մյուս նահանգներ վիրուսի ներթափանցումը եղել է հենց Ղոմից»:

Արմեն Իսրայելյանը հավելեց. «Իրանի առողջապահության նախարարության պարզաբանմամբ՝ ռիսկային երկրների հետ Իրանի սահմանային անցակետերում ուժեղացված հսկողություն է իրականացվում: Միայն Իրաքի անցակետերից մեկն է երեք օրով փակվում, իսկ մյուս երկրների դեպքում՝ Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, Աֆղանստան, ցամաքային սահմանները փակ չեն, պարզապես վերահսկողությունն է ուժեղացվել, եւ այդ մասին ՀՀ Առողջապահության նախարարությունն էլ է հայտարարել»:

Թարմացում։

Փետրվարի 22-ի դրությամբ վարակվածների թիվը հասել է 28-ի, մահացածներինը` 5-ի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

22.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829