«Դաշնակցության հարատեւության գաղտնիքը պայմանավորված է նրանով, որ Դաշնակցությունն իր մեջ եւ իր կողքին միշտ ունեցել է հայրենասեր, կազմակերպված, գաղափարական երիտասարդություն, եւ յուրաքանչյուր սերունդ նոր կյանք, նոր շունչ է տվել կուսակցության ծրագրերին»,-այսօր ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 7-րդ պատգամավորական ժողովի մեկնարկին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա պատմական ակնարկ արեց, թե ՀՅԴ երիտասարդությունն ինչպիսի մասնակցություն է ունեցել հայրենիքի պաշտպանության գործընթացներում:
Սաղաթելյանի խոսքերով՝ այսօր ավելի քան երբեւէ անհրաժեշտ է Հայաստանում ունենալ իր ազգային ինքնությունը, մշակույթը խորը գիտակցող եւ կարեւորող երիտասարդություն՝ ազգային գաղափարախոսություն ունեցող, քաղաքականացված երիտասարդություն. «Ամենեւին պայման չէ կուսակցական պատկանելությունը, կարեւորը՝ տեսակետ, գաղափար, դիրքորոշում ունեցող երիտասարդություն ունենալն է։ Մենք կարող ենք մեր գաղափարները չկիսողների, մեր գաղափարները ծայրահեղ չընդունողների հետ խոսել, գործակցել, բայց ամենավատը անտարբեր երիտասարդությունն է, ամենավատն այն երիտասարդությունն է, որը չունի դիրքորոշում, կեցվածք, մտահոգություն իր երկրի, ժողովրդի ապագայի եւ ներկայի նկատմամբ:
ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական հարցերի պատասխանատու Հովսեփ Տեր-Գեւորգյանն էլ ասաց.«ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունները, եւ հատկապես ՀԵՄ-ը՝ մերժելով եւ պայքարելով հանդերձ այսօրվա ներքաղաքական իրավիճակը հատկանշող անընդունելի երեւույթների դեմ, ազգային գործունեության հետ մեկտեղ շեշտադրում են եւ պիտի շարունակեն առավել թափով իրականացնել ընկերվարական բնույթի ծրագրերը, սոցիալական արդարության, բնապահպանության եւ այլ սոցիալ-տնտեսական բնույթի կառուցողական նախաձեռնությունները»:
Տեր-Գեւորգյանն անդրադառնալով արցախյան հիմնահարցի լուծմանն՝ ասաց. «Այժմ մտահոգություններ կան արցախյան հիմնահարցի շուրջ զարգացումների հետ կապված։ ՀՅԴ երիտասարդությունը մերժում է տարածքային որեւէ զիջում՝ ենթադրյալ անվտանգության դիմաց եւ իր անվերապահ մասնակցությունն է բերում արցախյան պայքարին բոլոր ոլորտներում»։
Կարդացեք նաև
ՀՅԴ ՀԵՄ ժողովին երիտասարդները ներկայացրեցին իրենց գործունեությունը՝ համահարթ եկամտահարկի դեմ պայքարը, «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի դեմ պայքարը եւ այլն, հիշեցրին՝ ամեն տարի Ապրիլի 24-ին կազմակերպում են ջահերով երթը:
Այս ժողովի կազմակերպիչները նշեցին, որ հրավիրել էին այլ կուսակցությունների երիտթեւերի ներկայացուցիչներին, որոշները ներկա էին, բայց «Իմ քայլից» որեւէ մեկը ներկա չէր:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանն էլ իր ելույթում նշեց. «Երբեք չեմ ասել, բայց մինչեւ իմ քաղաքական համեստ կարիերայի մեկնարկը՝ ինձ համար բացի Հանրապետական եւ պատմական այլ գործիչներից, որպես կերպար, որին պետք է ձգտել նմանվել՝ եղել է ընկեր Վահանը եւ Դաշնակցության դերակատարումը նոր Հայաստանի պատմության մեջ ինձ համար միշտ օրինակելի է եղել»:
Մամիջանյանը նկատեց ՝ 2018-ի իրադարձություններում, իր խոսքերով ասած՝ փողոցային պայքարի կազմակերպիչներից էին ՀՅԴ ՀԵՄ-ի ներկայացուցիչները. «Մենք մեծ սիրով հետեւում էինք, մեր շատ ընկերներ դրանց մասնակցում էին, ինչ-որ պահի համատեղ էին այդ գործողությունները: Կարող եմ վստահաբար ասել՝ մենք դեռ շատ ու շատ առիթներ կունենանք հանդիպելու փողոցում, որովհետեւ անկախ գաղափարական հակասություններից, մեր երկրում քաղաքական ուժերը մեկ ընդհանրություն ունեն՝ ազգային դիմագծի պահպանում, ազգային արժեքների արժեւորում»:
https://www.facebook.com/arfhemofficial/videos/125901575494210/
Նելլի ԲԱԲԱՅԱՆ