Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լավ կլիներ, եթե դատապարտյալների մեջ սեր սերմանեին դեպի գիրքը

Փետրվար 22,2020 18:17

Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, վերջին տարիների սովորության համաձայն սոցկայքերում էի նրա ստեղծագործություններից մեջբերումներ անում ու վերընթերցում մեծ գրողի երկերը։ Վերջին 5 տարում՝ անազատության մեջ այդ հնարավորությունը չունեմ։ Խցիս փոքրիկ գրադարակում էլ Թումանյան չունեմ։

Բացեցի օրագիրս՝ հիշեցի, որ «Գորիս» ՔԿՀ-ում Թումանյանի հատորյակները գրադարանից վերցրել ու արտագրել էի որոշ բաներ։ Թերեւս ներկա կացությանս համապատասխան՝ այս քառյակը կպավ սրտիս.

Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր.

Ես լըսում եմ Նրա անլուռ կանչն ու շունչը ամենուր.

Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին

Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունչը ամենուր։

Թումանյանի ծննդյան օրը նաեւ գիրք նվիրելու օր է։ Գաղտնիք բացահայտած չեմ լինի՝ ասելով, որ կալանավայրերում շատ քչերին է հետաքրքրում գիրքը կարդալը։ Ափսոսանքով սակայն նշեմ, որ լավ կլիներ, եթե դատապարտյալների մեջ սեր սերմանեին դեպի գիրքը։ Ազատ ժամանակ շատ կա՝ կարդալ պետք է։

Նայեցի գրադարակիս ու որոշեցի մի քանի գիրք նվիրել գրքասեր իմ բախտակիցներին։ Հոգ չէ՝ որ ես բաժանվում եմ իմ «գանձերից», բայց գոնե նրանք կկարդան: Մի քանի հոգու նվիրեցի արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի կողմից որպես հատուկ մրցանակ ստացած գրքերից։

Հիշեցի, ազատության մեջ, երբ կառավարության նիստերն էինք լուսաբանում, մի օր համընկավ փետրվարի 19-ի հետ։ Արդարադատության այն ժամանակվա նախարար Հովհաննես Մանուկյանը լրագրողներին գրքեր նվիրեց։ Հետո այցելեց կալանավայր ու դատապարտյալներին գրքեր նվիրեց։ Ես լուսաբանողների մեջ էի։ Դա 2015 թվականի փետրվարն էր։ Ո՞վ կպատկերացներ, որ ընդամենը երկու ամիս անց՝ 2015 թ. ապրիլի 22-ին կկալանավորվեի…

Հիշողությունների գիրկը չընկնեմ ու ասեմ, 2020 թվականի փետրվարի 19-ի օրվա վերջին ինձ անակնկալ էր սպասում։ Կալանավորներից մեկի հայրն էր եկել որդուն տեսակցության ու իր կողմից ինձ նվեր էր բերել գրքեր։ Արա Նախշքարյանի «Սրբազան խաչելություն»-ը եւ «Լիբանանի մեկ օրս 100 տարի» հուշագրությունը՝ հեղինակի մակագրությամբ։ Այնպես որ խցիս գրադարանը էլի համալրվեց նոր գրքերով։ Համոզվեցի՝ ժողովրդական այն առածի ճշմարտացիության մեջ. աստված տվողին է տալիս….

Արմենակ/Արմեն/ ԴԱՎԹՅԱՆ

լրագրող, այժմ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829