Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Այնպես չլինի, որ ասեն՝ ՀԴՄ կտրոն քիչ են խփել, փող չկա»

Փետրվար 22,2020 17:53

«ԱԱԾ-ից պետք է հանվի քննչական գործառույթը, խոշտանգումների գործերով պետք է զբաղվի հատուկ քննչական ծառայությունը»,-այսօր ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության շուրջ հանրային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա նշեց՝ նոր ռազմավարությամբ պետք է ոչ միայն բացառել իրավապահների գործառույթների կրկնությունն, այլեւ այդ գործառույթներն արդյունավետ կատարելու ինստիտուտ պետք է ներդրվի: Ըստ Սաքունցի, պետք է ապահովվի այդ ինստիտուտների անկախությունը քաղաքական մարմնից. «Քրեական ոստիկանության դեպքում պետք է ապահովենք քաղաքական կոնյուկտուրայից, քաղաքական իշխանությունից ազատ լինելը: Կարեւոր է ոստիկանության համակարգի ղեկավարների նշանակումը, այնպես չլինի, որ կառավարության ղեկավարը նշանակի: Նախկինում նախագահը նշանակում էր ոստիկանապետին եւ քրեակատարողական վարչության պետին: Հասկանո՞ւմ եք: Այստեղ նաեւ կարեւոր է խորհրդարանական վերահսկողության արդյունավետությունը»:

Սաքունցի դիտարկմամբ՝ այս բարեփոխմամբ պետք է հաշվի առնվեն նաեւ ոստիկանական ծառայողի բարեվարքության գնահատման ցուցանիշները: Այսինքն, ովքեր անցնելու են ծառայության, թեսթեր հանձնեն, ստուգվեն նրանց արժեքային համակարգը, հոգեբանական վարքագիծը եւ այլն:

Բացի այս, Սաքունցը նաեւ նկատեց՝ անհրաժեշտ է, որպեսզի իրավապահ մարմինների տարբեր ստորաբաժանումների ծառայողների գործառույթները հստակեցվեն, օրինակ՝ ո՞ր դեպքում է հայտնվելու պարեկային ծառայությունը. «Հիմա անհասկանալի են՝ կանաչ, կապույտ, կարմիր բերետավորները ի՞նչ գործառույթի համար պետք է հայտնվեն: Հանրային միջոցառումների ժամանակ կարմիր բերետավորներն են գալիս, բայց արդյոք դա նրանց գործառույթը պետք է լինի»:

Արթուր Սաքունցն անդրադարձավ նաեւ այս ռազմավարության իրականացման բյուջեին, մտավախություն հայտնեց՝ այնպես չլինի, որ գործը կիսատ մնա՝ փող չլինելու պատճառով. «Ռազմավարությունում բյուջեի մասին խոսք չկա, թե մինչեւ 2023 թվականը որքան ենք ծախսելու: Հանկարծ չգա մի պահ, որ ասեն՝ քանի որ միջոցները սուղ են՝ այսքանով սահմանափակվենք: Չլինի այնպես, որ ասեն՝ ՀԴՄ կտրոն քիչ են խփել, փող չկա, չենք անում»:

Իրավապաշտպանը նաեւ նշեց, որ պետք է ներդնել սոցիալական երաշխիքներ, որպեսզի ոստիկանական ծառայողը հասկանա՝ այսքան տարի ծառայելուց հետո ինչ է ունենալու՝ բնակարանային ապահովվածություն եւ այլն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Սուսաննա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829