Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԳՆ-ի մոդելը զինված ուժերի մոդելին է նման». ոստիկանության բարեփոխմամբ նախարարություն կստեղծվի

Փետրվար 22,2020 17:08

«Ստեղծվում է ներքին գործերի նախարարություն, որի կազմում կլինի ոստիկանությունը, այնպես ինչպես հարիր է ժողովրդավարական երկրներին»,-այսօր այս մասին ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության շուրջ հանրային քննարկման ժամանակ լրագրողներին ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող  Դանիել Իոաննիսյանը: Այսինքն, ոչ թե ոստիկանությունը դառնում է նախարարություն, այլ ստեղծվում է նոր նախարարություն:

Իոաննիսյանի ներկայացմամբ՝ ԵՄ անդամ 28 երկրներից 27-ն ունեն ներքին գործերի նախարարություն, իսկ օրինակ Շվեդիայում ոստիկանությունն արդարադատության նախարարության կազմում է. «Առհասարակ բոլոր ժողովրդավարական երկրներում ոստիկանությունը քաղաքացիական վերահսկողության ներքո է, եւ շատ կարեւոր է, որ Հայաստանում եւս այդ փոփոխությունն արվում է: Սա զինված ուժերի մոդելին է նման, որտեղ հրամանատարը գլխավոր շտաբի պետն է, բայց կա քաղաքացիական պաշտպանության նախարար, որը պատասխանատու է քաղաքականության մշակման եւ իրականացման համար»:

Իոաննիսյանի խոսքերով՝ այս մոդելում կարծես թե նույնպես կլինի ոստիկանապետ, որը կլինի ոստիկանության հրամանատարը, ոստիկանությունը կմնա ուղղահայաց համակարգ, եւ կլինի նաեւ ներքին գործերի նախարար, ըստ նախատեսվածի, ոստիկանապետը նշանակվելու է վարչապետի կողմից, ոչ թե նախարարի, բայց, գոնե այս պահին նախատեսվող մոդելով, նախարարի առաջարկությամբ: Սա այն է, ինչ քաղաքացիական հասարակությունը պահանջում էր վաղուց»:

Այս մոդելով, ըստ Իոաննիսյանի, ոստիկանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության հնարավորություն է ստեղծվում. «Որպեսզի ոստիկանությունում չհամատեղվեն քաղաքականության մշակման եւ իրականացման քաղաքացիական գործառույթներն ավելի զինվորական գործառույթների հետ, որոնք ենթադրում են, որ պետք է իրականացվեն համազգեստ, ուսադիր կրող անձանց կողմից: Սա հնարավորություն կտա, որ խորհրդարանն ավելի շատ կարողանա վերահսկել ոստիկանության գործունեությունը, որովհետեւ հիմա եթե պատգամավորներն ունենում են հարցեր՝ ոստիկանության գործունեության հետ կապված, այդ հարցերին պատասխանում է կամ վարչապետը կամ արդարադատության նախարարը, բայց երկուսն էլ բավականին սահմանափակ են տեղեկացված ոստիկանության բոլոր գործողություններին՝ հասկանալի պատճառներով»: Ըստ Իոաննիսյանի, այս առումով կլինի ներքին գործերի նախարար, որը կպատասխանի պատգամավորների հարցերին, եւ բոլոր առումներով համակարգը կդառնա ավելի ժողովրդավարական»:

Իոաննիսյանի կարծիքով՝ ողջունելի է պարեկային ծառայության ստեղծումը,  սա կարեւոր է, որովհետեւ, կրկին, հարիր է ժողովրդավարական երկրներին, կավելացնի ոստիկանության գործունեության արդյունավետությունը՝ մի շարք ուղղություններով. «Շատ ողջունելի է, որ շեշտադրումը  պարեկային ծառայության հիմնումը ոչ թե զուտ ՊՊԾ-ի եւ Ճանապարհային ոստիկանության միաձուլումն է, այլ հիմնված է նրա վրա, որ բոլոր կադրերը պետք է անցնեն լրացուցիչ կրթություն, պատրաստված լինեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829