Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկել գյուղատնտեսությունը` գոտիավորելով գազի եւ էլեկտրաէներգիայի սակագինը

Փետրվար 22,2020 17:03

Ի տարբերություն տնտեսության մյուս ոլորտների, 2019 թվականին Հայաստանում գյուղատնտեսությունը կրկին անկում է արձանագրել: 2017 թվականին ՀՀ գյուղատնտեսության անկումը եղել է 0,5 տոկոս, 2018-ին՝ 1,5 տոկոս, իսկ 2019-ին գրանցվել է ՝ 4 տոկոս անկում: Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի կարծիքով, այս ցուցանիշը պետք է ահազանգ դառնա պետական մարմինների համար, որպեսզի կենտրոնացնեն փորձագիտական հանրությանը, տնտեսվարող ֆերմերներին, հասարակական հատվածի մասնագետներին եւ փորձեն անկման ծավալները կանխել, ավելին, գյուղատնտեսությունը Հայաստանում վերջապես դնել զարգացման ռելսերի վրա:

Այսօր «Արմենպրես» մամուլի սրահում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Արամ Սաֆարյանն ուշադրություն հրավիրեց մի կարեւոր հանգամանքի վրա. «Գյուղատնտեսությունն անկում է ապրում նույնիսկ այն պարագայում, երբ գյուղատնտեսական վերամշակված ապրանքի պահանջարկն արտասահմանում մեծանում է: Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ հայկական պատրաստի արտադրանքը, գյուղմթերքը գնում են ավելի շատ չափով, քան երեք տարի առաջ, բայց գյուղատնտեսությունը արտադրում է ավելի քիչ չափով արտադրանք, քան երեք տարի առաջ: Սա պետք է հասկանալ, թե ինչից է գալիս եւ առաջին հերթին այս ամենի շուրջ ազնիվ եւ անկեղծ, լուրջ քննարկում  պետք է տեղի ունենա: Եվ երկրորդ ՝ հարկավոր է շատ թափանցիկ տեղեկատվություն եւ վիճակագրություն ներկայացնել այս ասպարեզում»:

Այս համատեքստում, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանն էլ կարեւորեց ագրարային քաղաքականության մշակումը եւ իրագործումը` սկսած պարենային անվտանգությունից, քարտեզագրում եւ ըստ տարածքների մրցակցային ներուժի հավաքագրում-ներկայացում. «Սա շատ էական նշանակություն ունի՝ սկսած պարենային անվտանգությունից վերջացրած ըստ համայնքների, տարածքների քարտեզագրումով, անձնագրավորումով, մրցակցային առավելությունների հաշվառումով եւ իրացումով: Բավական մեծ է ներուժը, երբ խոսում ենք վերամշակվող արդյունաբերության մասին: Իսկ սա առաջին հերթին գյուղատնտեսության ոլորտի եւ ենթաոլորտների՝ անասնապահություն, հողագործություն եւ այլն, ներուժի հավաքագրումն: Մենք պարտավոր ենք հայ գյուղացուն գոնե տեղեկատվական առումով իրազեկել, որպեսզի լինի նաեւ վստահություն, որ իր մշակած գյուղատնտեսական մթերքներն ունեն սպառում ոչ միայն ՀՀ-ում, այլ նաեւ ՀՀ սահմաններից դուրս: Կարծում եմ՝ մասնավոր հատվածի եւ պետության ճիշտ համակարգելու դեպքում, նաեւ օգտագործելով փորձագիտական հանրության կարծիքը, կկարողանանք գյուղատնտեսության ոլորտը բարձրացնել  պատշաճ մակարդով»: Բանախոսն ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքին, որ մեր գյուղատնտեսական արտադրանքը բավական մեծ պահանջարկ ունի նաեւ Մերձավոր Արեւելքում:

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանն էլ նկատեց, որ ոլորտում պետությունը դեռեւս վարում է «թանկ փողերի» քաղաքականություն: Խոսքը գյուղատնտեսական վարկերի բարձր տոկոսների մասին է: Նա նաեւ կոնկրետ առաջարկ արեց. «Լեռնային եւ սահմանային գոտիներում գյուղատնտեսությունը նաեւ բարձր էներգակիրների գների պատճառով մրցունակ չեն: Ուստի՝ պետք է անպայման մտցնել, հատկապես գազի վերաբերյալ գոտիացված գներ եւ նաեւ սեզոնային գներ: Սա իսկապես կաջակցի գյուղատնտեսության զարգացմանը լեռնային եւ սահմանային գոտիներում եւ մրցունակության առումով բոլոր գյուղատնտեսական արտադրողներին կդնի մոտավորապես հավասար իրավիճակում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829