Լրահոս
Օրվա լրահոսը

Արաքս Մելքոնյան. «Պետք է իրավական գնահատական տրվի ոստիկանության նախկին գործողություններին»

Փետրվար 22,2020 16:54

«Մենք հեռու ենք այն մտքից, որ քաղաքական պատասխանատվությունը պետք է խանգարի մասնագիտական ծառայությանը, մեր պատկերացումն է՝ առանց բարեփոխումների հստակ տեսլականի ստեղծել կառավարման համակարգում մի օղակ՝ շտապողականություն կլինի:Այս ոլորտումը արմատական բարեփոխումներից մեկը նախարարության կառուցվածքն է՝ քաղաքացիական եւ քաղաքական պատասխանատվության հակակշիռների, քաղաքացիական եւ խորհրդարանական վերահսկողությանը ենթարկվող ոստիկանության անհրաժեշտությունն է»,-այս մասին այսօր ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության շուրջ հանրային քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը: Նա նաեւ նշեց՝ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ոստիկանի՝ ուժի կիրառման պրակտիկան նախարարությանը հիմք է տալիս ասելու՝ այստեղ խնդիր կա, որը պետք է լուծվի: Այս առումով, ըստ փոխնախարարի, կարեւոր է ոստիկանական զորքերի ծառայողի  պատրաստվածությունը՝  բանակցելու, շփվելու, սթրեսային իրավիճակը կառավարելու, որքանով է պատրաստ տակտիկական մեթոդները կիրառելու:

Քննարկման մեկ այլ մասնակից, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն էլ ասաց՝ այս ռազմավարությունում չպետք է անտեսվի ոստիկանի պաշտպանված լինելու հանգամանքը.«Որովհետեւ մենք գտնում ենք, որ ոչ միայն հասարակությունը պետք է պաշտպանվի,այլ նաեւ հասարակությանը  պաշտպանողը պետք է լինի պաշտպանված, ունենան սոցիալական երաշխիքներ, ոստիկանը վստահ լինի, որ ցանկացած դեպքում իր գործողությունները եթե օրենքի շրջանակներում են, ապա նա պաշտպանված է լինելու»:

Պատգամավորը նաեւ առանձնացրեց ռազմավարությունում քննչական գործառույթների խնդիրը.«Ստեղծվելու է  դետեկտիվների՝ հետաքննիչների ինստիտուտ: Այս պահին մենք ունենք մի քանի նման կառույցներ՝ հատուկ քննչական կոմիտե, ԱԱԾ-ի քննչականը, ՊԵԿ-ի քննչական վարչություն: Մասնագիտացված քննությունը մի բան է, սակայն քրեական գործի հետաքննությունը մի մարմնում պետք է լինի: Դետեկտիվների ինստիտուտն, այո, կարեւոր է»:

Սիմոնյանի կարծիքով՝ ոստիկանության բարեփոխումները չպետք է լինեն ընդհանուր դատաիրավական համակարգի բարեփոխումներից առանձին, դրանք պետք է զուգահեռ լինեն.«Բարեփոխումները պետք է իրականցվեն նաեւ դատախազությունում, դատական համակարգում: Եթե ունենաք լավ ոստիկանություն, բայց վատ դատական համակարգ, արդյունք այն չի լինելու, ինչ ակնկալում ենք»:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանն էլ ասաց՝ պետք է հասկանալ՝ արդյոք քննչական կոմիտեի ստեղծումն իրապես ազդել է նախկինում ոստիկանության ենթակայության՝  հանցագործությունների քննութան արդյունավետության վրա: Մելքոնյանը նկատեց՝  պետք է այնպես անել, որպեսզի քննչական գործառույթները տարբեր օղակներում չկրկնվեն.«Հիմա մենք դատաիրավական ռազմավարությամբ, հակակոռուպցիոն ռազմավարությամբ ստեղծում ենք մարմիններ, որոնք ունենալու են օպերատիվ հետախուզական բլոկ: Այսինքն՝ մի հատ հատուկ քննչական ծառայությանն ենք տալիս այդ լիազորությունը, մի հատ հակակոռուպցիոն կոմիտեն է ունենալու, ԱԱԾ-ին՝ քննչական դեպարտամենտ ունի: Փաստացի հիմա միայն քննչական կոմիտեն է, որ չի ունենալու նման օպերատիվ բլոկ»:

Բացի այս, Մելքոնյանը նաեւ նշեց՝ կարեւոր է, որպեսզի այս բարեփոխումներից հետո ոստիկանության նախկին գործողություններին իրավական գնահատական տրվի, ընդ որում, ոստիկանության բոլոր օղակներին.« Օրինակ՝ խաղաղ հավաքների ցրման պրոցեսում ներգրավված ամբողջ ոստիկանության ուժերին, պարեկապահակային ծառայությանը, օպերատիվ բաժնի հետաքննիչներին, ովքեր դառնում  էին  անօրինականության մասը: Իրավական գնահատական տալը կարեւոր է ոչ միայն տուժողների անհատական իրավունքների պաշպանության տեսակետից, որովհետեւ հիմա քրեական շատ գործերով քննությունն առկախված է: Ունենք էլեկտրիկ Երեւանի, հուլիսյան գործերի, ապրիլյան իրադարձությունների հետ կապված գործեր, դրանք առնվազն 2 անգամ կասեցվել, վերաբացվել են: Սա շատ էական է ոստիկանության բարեփոխումների տեսակետից: Այդ գործերով կան 300 տուժողներ, մարդիկ արդարադատության են սպասում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829