Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Ալեքսանյան. «Երբ մարզիկն իրեն անհատականություն է համարում եւ առանձնացնում է թիմակիցներից, հավաքականում տեղ չունի: Ու տիտղոսները որեւէ նշանակություն չունեն»

Փետրվար 22,2020 16:44

Իր հանդեպ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս մարզչական կազմի անբարյացակամ վերաբերմունքի մասին Արսեն Ջուլֆալակյանի կատարած ֆեյսբուքյան գրառումից հետո Aravot.am-ը նախագահական նստավայրում 10 լավագույն մարզիկների պարգեւատրման արարողության ժամանակ հավաքականի մարզիչ, Ռիոյի օլիմպիական խաղերի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանից, որը նաեւ «Ճերմակ Արջի» հայրն է, հետաքրքրվեց, թե կարդացե՞լ է այդ գրառումը եւ ինչ կարող է ասել: «Ճիշտն ասած, չէի ցանկանա դրան անդրադառնալ, բայց որ հարցրել եք, վերջին անգամ պատասխանեմ. նա իրեն է իջեցնում եւ վնասում է իր եւ հոր՝ իմ ընկերոջ՝ Լեւոն Ջուլֆալակյանի անվանը: Ես մեր ասուլիսում նշել եմ, որ ճիշտն այն է, որ հավաքականը համախմբված լինի, որ ըմբիշները միասին պատրաստվեն գալիք մրցումներին: Հավաքականը մի բռունցք է ու հավաքականի հետ միասին պետք է առաջ գնալ: Այն մարզիկը, որը նշում է, թե ինքը անհատ է, անհատականություն ու կարող է միայնակ ինչ-որ բան անել, չարաչար սխալվում է: Նրա ու բոլորի՝ բոլորիս նվաճումները հավաքականով են եղել: Իսկ երբ մեկը իրեն առանձնացնում թիմակիցներից, չի կարող հավաքականի անդամ համարվել:

Այո, հավաքականը ձեւավորվում է երկրի առաջնությունից սկսված: Ճիշտ է, նայվում են նաեւ նախորդ տարվա արդյունքները: Բայց երբ մարզիկն ընդհանրապես հրաժարվում է հավաքականի հետ մարզումներին ու հավաքներին  մասնակցել, դա ոչ մի ձեւով չի կարող արդարացվել: Ու մարզիկի անցած ճանապարհն ու տիտղոսները նշանակություն չունեն: Հիշենք, Լեւոն Ջուլֆալակյանի գլխավոր մարզիչ եղած ժամանակ այդպիսի դիրքորոշում եղել է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Բաքվում անցկացված 1-ին եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի հետ: Մենք շատ ժամանակ չէինք պատասխանում շատ բաների, լռում էինք, ասում՝ ոչինչ, թող հանդարտվեն, էմոցիաներն անցնեն: Բայց եղավ, որ հանրությանն արդեն շատ ստեր սկսեցին մատուցել: Դրա համար ես ասուլիսում մի չնչին մաս մանրամասնեցի, որպեսզի նույն հանրությունը իմանա, թե իրականությունը որն է: Ի վերջո, բոլորս էլ հանրության աչքի առջեւենք ու բոլորն էլ տեսնում են»,-ասաց Գեւորգ Ալեքսանյանը:

Հարցին, թե Արսեն Ջուլֆալակյանին խորհուրդ կտա՞ք՝ շարունակի մարզվել, որ Աստված մի արասցե, եթե Կարապետ Չալյանին ինչ-որ մի բան խանգարի, ինքը պատրաստ լինի 77 կգ քաշային կարգում մեկնել Տոկիո, Գեւորգ Ալեքսանյանը պատասխանեց. «Արսենը ցույց է տվել, որ մեր խորհրդի կարիքը չունի: Տեսել եք, թե քանի անգամ ինչպես է արտահայտվել հավաքականի մարզչական խորհրդի հասցեին, այն մարզիչների, որոնք նրա հետ դեռ երեխա ժամանակվանից շատ են տանջվել: Դրա համար ես նրան խորհրդատու չեմ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829