Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ռեկորդը՝ ըստ Արամ Սաֆարյանի

Փետրվար 22,2020 16:28

Հետճգնաժամային Հայաստանում 7,6 տոկոս ՀՆԱ-ի աճը եւ 7,8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը Եվրասիական տնտեսագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը ռեկորդային է համարում: Այսօր «Արմենպրես» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արամ Սաֆարյանը նման ցուցանիշները պայմանավորեց Հայաստանի`ԵԱՏՄ-ի նկատմամբ դրսեւորած ավելի լուրջ վերաբերմունքով:

Եվրասիական փորձագիտական ակումբն այսօր արդեն հինգերորդ անգամ ամփոփեց Հայաստանի տնտեսական ցուցանիշները` ԵԱՏՄ-ի անդամակցության համատեքստում:

«Հայաստանի տնտեսության մեջ 2019 թվականին բացի գյուղատնտեսությունից, մյուս բոլոր ճյուղերը ապրել են էական զարգացում: Օրինակ, Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում ՀՀ արդյունաբերությունը երկու անգամ աճ է արձանագրել նախորդ տարվա համեմատ: 4.5 տոկոս աճ է ապրել շինարարությունը, որը նույնպես տպավորիչ ցուցանիշ է և խոսում է այս ոլորտի զարգացման մասին: Մտածելու առիթ է տալիս այն, որ ՀՀ քաղաքացիների ավանդները ավելացել են 22.4 տոկոսով, քանի որ այս բարձր ցուցանիշը ևս վկայում է, որ ավանդատուները չեն գտնում տարբերակներ իրենց գումարը որպես ներդրում օգտագործելու համար: Կարծում եմ, սա խնդիր է, որի մասին պետք է մտածի պետությունը, քանի որ երբ դրսում ներդրումներ ենք փնտրում, առաջին հերթին մենք պետք է նկատի ունենանք ներքին հնարավորությունները»,- ասաց Արամ Սաֆարյանը:

Բանախոսի դիտարկմամբ, Հայաստանում վարչարարության կատարելագործման արդյունքում նաեւ ստվերն է կրճատվել եւ նոր զարգացում է ապրել հարկերի հավաքումը. միայն դրա հաշվին 1 մլրդ դոլար լեգալացվել է, որից 500 մլն դրամը ուղղվել է գործարարների գերավճարները փոխհատուցելուն` մարելով պետության վերջին 5-6 տարիներին կուտակած պարտքերը: Արամ Սաֆարյանի գնահատմամբ, սա փաստում է պետություն-բիզնես հարաբերությունների առողջ ու ավելի փոխշահավետ լինելու մասին: Իսկ մյուս 500 մլնն ուղղվել է մի շարք սոցիալական ծրագրերի կյանքի կոչմանը՝ աշխատավարձերի և թոշակների բարձրացում և այլն:

Առողջացման այս միտումները, Արամ Սաֆարյանի կարծիքով, կարող են դառնալ կայուն զարգացման լուրջ նախապայմաններ:

Անդրադառնալով այն իրողությանը, որ ԵԱՏՄ ներսում և առաջին հերթին դեպի Ռուսաստան ՀՀ ապրանքների արտահանումը ավելացել է շուրջ 11 տոկոսով, բանախոսը նկատում է. «ՀՀ գլխավոր տնտեսական գործընկերն աշխարհում շարունակում է մնալ Ռուսաստանը. ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են բոլոր ներդրումների 51 տոկոսը, Ռուսաստանից Հայաստան մտած տրանսֆերտները կազմում են բոլոր տրանսֆերտների 63-65 տոկոսը, ՌԴ-ն շարունակում է մնալ մեր արտագնա աշխատուժի համար գլխավոր երկիրը: Ռուսաստանը նաև հայկական պատրաստի արտադրանքի սպառման գլխավոր շուկան է»:

Հղում անելով Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թևիկյանի հետազոտությանը, Սաֆարյանը նույնպես վստահություն հայտնեց, որ Հայաստանում միանգամայն հնարավոր է և իրատեսական է նոր արդյունաբերականացումը, որը պետք է հենված լինի ներքին ռեսուրսների ճիշտ օգտագործման, վերաբախշման և վերադասավորման պետական արդյունավետ վարչարարության հիման վրա: Առավել ևս, որ ԵԱՏՄ-ում քննարկվում է եվրասիական կորպորացիաների ստեղծման հարցը, հետևաբար Հայաստանն ունի լուրջ խնդիր ուսումնասիրելու և տեղավորվելու այդ նոր բանաձևի մեջ, ինչը հնարավորություն է տալու մեր երկրում լուծել զբաղվածության, տնտեսական բարեկեցության բարձրացման խնդիր և նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829