Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ում ռոումինգը կդառնա անվճար. Թաթուլ Մանասերյան

Փետրվար 22,2020 16:15

Հայաստանի նախաձեռնությամբ առաջին քայլերն արվում են, որպեսզի 2020 թվականին ԵԱՏՄ տարածքում ռոումինգի ծառայություններն անվճար դառնան: Այս մասին այսօր «Արմենպրես» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը:

Ամփոփելով ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարին, Թաթուլ Մանասերյանը դրական գնահատեց այն, որ ՀՀ-ի առաջարկով ԵԱՏՄ-ում թվային համակարգն ընդունվեց, իսկ դա լուրջ քայլ է բոլոր  հինգ երկրների համար: Եթե ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաները իրապես զարգացած են եւ մենք արտահանում ենք դրանք մեծ մասով, ապա, փորձագետի գնահատմամբ, ԵԱՏՄ մյուս երկրներում դրա անհրաժեշտությունը կա: Իսկ թվայնացման օրակարգը տանում է դեպի բարձր տեխնոլոգիաների զարգացում:

ԵԱՏՄ անդամակցության եւ այդ կառույցում Հայաստանի նախագահության լույսի ներքո բանախոսը մեկ այլ կարեւոր ձեռքբերում էլ է ամրագրում` 2019 թվականի դեկտեմբերին «կենսաթոշակային» համաձայնագրի ստորագրումը Սանկտ Պետերբուրգի ոչ ֆորմալ գագաթնաժողովում: «Միասնական կենսաթոշակային շուկան ենթադրում է, որ թոշակ ստանալու ժամանակ ԵԱՏՄ մտնող երկրների քաղաքացիների ստաժը հաշվի կառնվի: Վճարումները կկատարվեն նաև մասնակից-երկրների թոշակային համակարգերից: Նոր համակարգը թույլ կտա հաշվի առնել այլ երկրում կատարած աշխատանքի ժամանակը և ներառել այն թոշակային ստաժի մեջ, ստանալ վճարներ այլ թոշակային համակարգերից, ընդ որում միջոցները կարող են կամ արտահանվել մշտական բնակության երկիր, կամ, պայմանագրի համաձայն, ստացվել այլ երկրներում, ինչը կհանգեցնի քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության և սոցիալական արդարության ավելի բարձր մակարդակի: Սա նշանակում է, որ հարյուր հազարավոր հայ աշխատանքային միգրանտները, որոնք աշխատում են նախ և առաջ Ռուսաստանում, ինչպես նաև Ղազախստանում ու Բելառուսում, կարող են աշխատել առանց ավելորդ բյուրոկրատական քաշքշուկի»,- մանրամասնեց բանախոսը:

Թաթուլ Մանասերյանը հիշեցնում է, որ հինգ տարի առաջ ԵԱՏՄ-ի նկատմամբ հայացքները բավական սկեպտիկ էին, բայց ներկայիս իրավիճակը եւ Հայաստանի հաջողություններն այդ կառույցում ցույց են տալիս, որ եթե երկիրը նախահարձակ է, լուրջ է մոտենում իր պարտավորություններին, գործընկերային հարաբերություններին, կարող է ճեղքում մտցնել եւ առաջընթաց ունենալ: Ըստ բանախոսի, Հայաստանը միշտ ԵԱՏՄ մյուս գործընկերների կողմից օրինակ է բերվում, քանի որ կարողացավ ամենաշատը շահել ԵԱՏՄ-ից, մանավանդ իր նախագահությունից: Գործոններից մեկն էլ իր կարծիքով այն է, որ մասնավոր հատվածը բավական ակտիվ է ու կարողանում է իր ճանապարհը հարթել: Առկա հաջողություններին նորերն ավելացնելու համար, փորձագետը կարծում է, որ արդեն պետական մակարդակով, այն ապրանքները, որոնց մրցունակությունը ՀՀ-ում բարձր է, տնտեսական դիվանագիտության գործիքներով պետք է ճիշտ մատուցվեն ԵԱՏՄ-ում: Նաեւ առաջարկում է փորձի փոխանակման տարբերակով էներգետիկ եւ պարենային անվտանգության խնդիրներով զբաղվել. «Օրինակ Բելառուսում պարենային անվտանգության հարցը համարվում է լուծված, չկա նման խնդիր»:

Թաթուլ Մանասերյանը նաեւ բանաձեւ առաջարկեց, որը իր համոզմամբ, կօգնի Հայաստանին ավելի զարգացնել հատկապես արտահանումը: Հղում անելով ԵԱՏՄ նախարարներից Սերգեյ Գլազեւի վերլուծական գնահատականներին` ՀՀ-ի եւ Ուկրաինայի միջեւ, հինգ տարիների կտրվածքում, Թաթուլ Մանասարյանը նշեց, որ հաշվարկի արդյունքում, հեղինակն արձանագրել է` Ուկրաինայում 57 տոկոսով արդյունաբերական անվտանգությունը նվազել է, Հայաստանում, նույնքան ավելացել: Իհարկե, բանախոսը հաշվի առնում է, որ անհամադրելի են Հայաստանի եւ Ուկրաինայի տնտեսությունները, բայց ցուցանիշները, իր համոզմամբ, փաստում են, որ ՀՀ-ն ունի առաջընթացի համար բավարար ներուժ, մասնավորաբար, վերամշակող արդյունաբերության զարգացման: Թաթուլ Մանասերյանը նախանշաններ է տեսնում համաշխարհային երկրորդ տնտեսական ճգնաժամի եւ այս իրավիճակում զարգացող Հայաստանի պարագայում նա առաջարկում է ԵԱՏՄ եւ հետխորհրդային տարածքից ներմուծել հնարավորինս մատչելի գներով հումք, զարկ տալ վերամշակող արտադրությանը եւ ապրանքներն ուղղել եվրոյի եւ դոլարի գոտի: «21-րդ դարում նոր ինդուստրիալ երկիր դառնալու բոլոր հնարավորություններն ունենք»,- վստահ է նա:

Ի դեպ, 2019 թվականի ՏԱՑ-ի ցուցանիշով, բանախոսը նաեւ արձանագրում է` այնուամենայնիվ, տնտեսության կախվածությունը որոշ չափով թոթափվել է Ամուլսարից եւ առհասարակ հանքարդյունաբերությունից, դրա բացակայության պարագայում ունենալ ՏԱՑ-ի նման ցուցանիշ`7,8 տոկոս, Թաթուլ Մանասերյանը տպավորիչ է համարում եւ վստահ է, որ արժե ուշադրություն դարձնել:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829