Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՆԱ-ին սպասելիս․ որ ոլորտների հաշվին հնարավոր եղավ ընդհանուր 7.6 տոկոսանոց ՀՆԱ հաշվարկել

Փետրվար 22,2020 15:37

Դժվար է հիշել, թե երբ են տնտեսական վիճակագրության հրապարակումներն այսքան քաղաքականացված եղել: Թե՛ սպասումի, թե՛ մատուցման առումով: Հատկապես համախառն ներքին արդյունքի հաշվետվությունը: Բայց ՀՆԱ-ի բարձր ցուցանիշը բարձր մակարդակում վաղուց էր «անոնսվել»: Վարչապետը վաղուց էր 2019-ի համար ՀՆԱ-ի թիվ հրապարակել: Եվ ահա հրապարակվեց պաշտոնական հաշվետվությունը:

ՏԱՑ-ի և այլ` արդեն հրապարակված վիճակագրական տվյալների պարբերական վերանայման փաստով ոչ մեկին այլևս չես զարմացնի: Տնտեսական վիճակագրության մեջ նման շտկումներ այլ երկրներում էլ են լինում: Բայց ոչ այդքան հաճախ: Եվ, որ ավելի կարևոր է՝ ոչ այդքան միակողմանի: Մեր Վիճկոմը արդեն հրապարակած տվյալները ճշգրտել սկսել է միմիայն դրանք բարձրացնելու նպատակով: Չի կարելի բացառել, որ արդեն հրապարակված ՀՆԱ-ի 7.6 տոկոսանոց ցուցանիշը մոտ ապագայում վերանայվի: Դեպի բարձրացում վերանայվի: Շատ տնտեսագետներ այս հրապարակումից առաջ կարծում էին, որ Վիճկոմին չի հաջողվի 7 տոկոսը գերազանցող ՀՆԱ հաշվարկել: Բայց, փաստորեն, հաջողվեց: Արդյունքում մեզ ներկայացվեց մեկ շնչի հաշվով 4.604 դոլար ՀՆԱ: Այս թիվը մոտ 160 դոլարով պակաս է վարչապետի հայտնի հրապարակում-ցուցանիշից` մեկ շնչի հաշվով 4 .76 հազար ԱՄՆ դոլար: Հետևաբար հնարավոր է որ վերանայման պայման առաջադրվի:

Առաջարկում են դիտարկել, թե որ ոլորտների հաշվին հնարավոր եղավ ընդհանուր 7.6 տոկոսանոց և մեկ շնչի հաշվով 4.604 դոլար ՀՆԱ հաշվարկել: Նախ թվարկենք տնտեսության այն ոլորտները, որոնք ամենաբարձր աճն են արձանագրել: Առաջինը սպասելի Ֆինանսական և ապահովագրական ոլորտն է: Աճի տեմպը 22.1 տոկոս: Բնականաբար նախորդ` 2018թ.-ի համեմատ: Բանկային համակարգը վերջին 25 տարում էական մասնաբաժին ունի մեր տնտեսության համակարգում: Հետևաբար առանձին վերլուծության անհրաժեշտություն չկա:

Զարգացման տեմպով երկրորդ ոլորտը նույնպես սպասելի էր` Հանքահումքային արտադրությունը և բացահանքերի շահագործումը: Այս ոլորտում աճը 21,3 տոկոս է: Ի տարբերություն առաջատարի` երկրորդ ոլորտը հասարակայնորեն (ու նաև իշխանությունների կողմից) պակաս ընդունելի է:

Իսկ երրորդ ոլորտը Մշակող արդյունաբերությունն է: Աճի տեմպը էական զիջում է առաջատարներին, բայց ևս բավական բարձր է` 12.8 տոկոս: Սակայն այս փաստը դրական գնահատելուն զուգահեռ պարտավոր ենք ընդգծել, որ մշակող արդյունաբերության առնվազն 17.2 տոկոսը ևս կապված է հանքարդյունաբերության հետ: Խոսքը հիմնային մետաղների արտադրության (որը ընդհանուր մշակող արդյունաբերության 11.4 տոկոսն է) և ոչ մետաղական հանքային արտադրատեսակների (ընդհանուրի 5.8 տոկոս) մասին է:

Երկնիշ թվով աճ արձանագրած մյուս ոլորտը Տեղեկատվությունն ու կապն է: Այս ոլորտով իշխանությունները սիրում են հպարտանալ: Հպարտանալ ու չասել, որ ոլորտում զուտ հեռահաղորդակցմանը (հեռախոս, համացանց և այլն) բաժին է ընկնում ընդհանուրի 48 տոկոսը: Իսկ զուտ տեղեկատվական տեխնոլոգիաներին՝ 42 տոկոսը:

Երկնիշ աճ արձանագրած վերջին ցուցանիշը Մշակույթ, զվարճություններ և հանգիստ անունը կրող ոլորտն է: Այստեղ դոմինանտը զվարճություններն են (այսինքն պաշտոնապես ընդունելի մոլախաղերը): Մշակույթի մասնաբաժինն այս ոլորտի աճում 1 տոկոս է, իսկ զվարճություններինը` 97 տոկոս:

Իսկ հիմա անդրադառնանք այն ոլորտներին, որոնք մեղմ ասած չեն նպաստել 2019-ի ՀՆԱ-ի աճին: Որովհետև 2018-ի հետ համեմատ ոչ թե չեն աճել, այլ կրճատվել են: Կրճատում գրանցել են չորս ոլորտ: Ամենամեծ չափով նվազել է Ջրամատակարարման, կոյուղու ու թափոնների կառավարման ոլորտը` 11.6 տոկոսի չափով: Չի կարելի ասել, թե սպասելի չէր: Ճիշտ այնպես, ինչպես գյուղատնտեսության պարագային` 2018-ի համեմատ կրճատումը 4 տոկոսի չափով է: Սա սպասելի էր: Գյուղատնտեսության ոլորտի անկումը կանխել առայժմ չի հաջողվում: Նույն տրամաբանությամբ իրավիճակը շարունակվում է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում` 2019-ի համեմատ 1.3 տոկոս պակաս էլեկտրաէներգիա է արտադրվել: Տարեցտարի էլէներգիայի արտադրության նվազումը պատշաճ վերլուծության չի ենթարկվել: Կրճատում արձանագրած վերջին ոլորտը Կրթությունն է: Այ սա անսպասելի էր: Հետևաբար մնում է մխիթարվել նրանով, որ 2018-ի համեմատ կրճատումը մեծ չէ: Ընդամենը 0.3 տոկոս: Մեծ չէ, բայց վերաբերմունք է: Հարկավոր է հիշել այս տարվա տենդենցը նկատելու համար: Ի վերջո մեր կրթության ոլորտով հպարտանալը ազգային ու դարավոր սովորություն է:

Արա ԳԱԼՈՅԱՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆ

«ՊՈԼԻՏԷԿՈՆՈՄԻԱ» ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829