Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ արդյունքում է 2019 թ․-ին ՀՀ տնտեսությունը զարգացել. Աշոտ Թավադյան

Փետրվար 22,2020 15:20

2019 թվականի կտրվածքով Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը եւ ՀՀ ԿԲ-ն Հայաստանի համար կանխատեսել էին 4-5 տոկոս տնտեսական աճ: Եվրասիական փորձագիտական ակումբը կանխատեսել էր, որ 2019 թվականի համար Հայաստանի տնտեսական աճը կգերազանցի 6 տոկոսը: Վերջերս, ԱՎԾ-ի հրապարակած տվյալներով, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականին կազմել է 7,8 տոկոս:

Այս առաջընթացը, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը երեք հիմնական գործոնով է պայմանավորում, որոնց մասին նա խոսեց այսօր «Արմենպրես» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում:

Գործոններից առաջինը` Հայաստանից արտահանման ծավալների աճն է. 2018 թվականին Հայաստանից արտահանման ծավալը կազմել է 2,398 միլիոն դոլար, 2019-ին` 2, 621 միլիոն դոլար՝ տոկոսային հարաբերությամբ ապահովելով 9,3 տոկոսի աճ: Աճն, ըստ պրոֆեսոր Թավադյանի, ապահովվել է արտահանողների համար ավելի լավ պայմանների ապահովմամբ, նաեւ Հայաստանը լիարժեք գործադրել է ԵԱՏՄ-ում նախագահության իր մեկ տարին, էական տեղաշարժեր ենք գրանցել կոռուպցիայի կանխարգելման հարցերում`105-րդ հորիզոնականից իջնելով 87-ը: Աշոտ Թավադյանն, իհարկե նաեւ ներդրումների ապահովման տեսանկյունից կարծում է, որ Հայաստանը պետք է ձգտի դասվել կոռուպցիայից մաքուր 50 երկրների շարքում, բայց այս տեմպը համարում է բավարար:

Արտահանման մասով առաջատարը շարունակում է մնալ ՌԴ-ն` 718 միլիոն դոլար: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է մեր հարեւան Վրաստանը: Ապա ԵՄ երկրներն են, Միջին Արեւելք, Չինաստան, հետխորհրդային տարածքի այլ երկրներ, ԱՄՆ եւ Կանադա:

«Հայաստանին անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել ԵԱՏՄ-ի, հատկապես ռուսական շուկայի հնարավորությունները: Առանց Ռուսաստանի շուկայի Հայաստանին բավական բարդ կլինի ավելացնել իր պատրաստի ապրանքների արտահանումը»,- ասաց Աշոտ Թավադյանը:

Հայաստանից արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ երկրներ, ընդհանուր առմամբ, աճ են գրանցել: ԵԱՏՄ արտահանման աճի պատճառներն էլ բանախոսը բացատրում մաքսատուրքերի վերացման մասին համաձայնագրի ստորագրումով, բոլոր ընթացակարգերի պարզեցմամբ` սկսած արտահանման արտոնագրերի ձևակերպումից ու ստացումից, վերջացրած մաքսային ձևակերպմամբ, արժեզրկման և ազգային տարադրամների փոխարժեքների տատանման նվազեցմամբ, էներգառեսուրսների արտոնյալ գներով, ռ ուսական ներդրումների աճով:

Հիշեցնենք, որ վերջին երեք տարվա ընթացքում Ռուսաստանի ուղիղ ներդրումները կազմում են Հայաստանի տնտեսության մեջ բոլոր ուղիղ ներդրումների 51%-ը: Աշոտ Թավադյանը չափազանց կարեւոր է համարում փոխադարձ ներդրումների գործոնը, ինչը նաեւ ԵԱՏՄ պայմանագրի գլխավոր նպատակներից մեկի՝ ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կոոպերացիայի համար: Հայաստանի տրանսֆերտների 63% նույնպես գալիս է Ռուսաստանից,  Հանրապետություն մտնող էներգակիրների զգալի մասը գալիս է ՌԴ-ից (գազ՝ մոտ 90%, միջուկային վառելիք՝ 100%):

«Էներգակիրների, ինչպես նաև ռազմավարական նշանակության արտադրանքի գների մասով ամենալայն հնարավորությունները տրամադրում է նախ և առաջ ԵԱՏՄ առաջնորդ ՌԴ-ն: ԵԱՏՄ-ն լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում արտոնյալ վարկեր ստանալու համար: Ընդ որում, առաջին հերթին Հայաստանի պաշտպանունակությունն ուժեղացնելու համար: Ի տարբերություն միջազգային կազմակերպությունների վարկերի Ռուսաստանից ստացվում են խիստ նպատակային վարկեր: 300 միլիոն դոլարի չափով երկու արտոնյալ վարկերը ուղղված են մեր հայրենիքի պաշտպանունակության բարձրացմանը: Տրամադրված վարկերի արդյունավետությունն անառարկելի է: Բացի այդ 270 մլն և 30 մլն. դոլարի նպատակային վարկերը, որոնք Հայաստանը ստացել է Ռուսաստանից որպես գրանտ, անհրաժեշտ էին ատոմակայանի արդիականացման և շահագործման ժամկետը երկարաձգելու համար»,- ասաց Աշոտ Թավադյանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխությանը եւ դրա արդյունքներին, Աշոտ Թավադյանը համոզմունք հայտնեց, որ դրա կատարյալ հաղթանակի համար անհրաժեշտ է հեղափոխական մոտեցումները եւ էվոլյուցիոն մոտեցումները սինթեզել, ինչի համար էլ գիտելիքների ներգրավման անհրաժեշտություն է ինքը տեսնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829