Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխոստիկանապետ. «Դետեկտիվի ինստիտուտ է ներդրվելու»

Փետրվար 22,2020 14:55

Ոստիկանության բարեփոխումների արդյունքում նոր պարեկային ծառայություն ստեղծելուց հետո կադրային ջարդ չի լինելու: Այսօր այս մասին ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության հանրային   քննարկման ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը: Նա ասաց. «Արվելու է առավելագույնը, որպեսզի այն կադրերը, որոնք այսօր  աշխատում են՝ մնան ծառայությունում: Բոլոր նրանք, ովքեր մասնագիտական հմտություններով կհամապատասխանեն նոր ներկայացվող պահանջներին, կմնան եւ կաշխատեն: Ինչ վերաբերում է նրանց, ովքեր դուրս կմնան, նրանք կտեղավորվեն ոստիկանության այլ ծառայություններում»:

Անդրադառնալով ռազմավարությամբ նախատեսված ոստիկանության գործառույթների  փոփոխություններին եւ նախաքննության գործառույթի փոփոխությանը՝ Եսայանն ասաց. «Այսօր ոստիկանությունն իրականացնում է օպերատիվ հետախուզական եւ  հետաքննական գործառույթներ: Սրանք նոր օրենսդրությամբ պետք է չլինեն, պետք է փոխարինվի նոր ինստիտուտով,  եւ սա ողջունելի է: Խոսքը  դետեկտիվների ինստիտուտի մասին է,  որտեղ պետք է համակցվեն օպերատիվ եւ քննչական ֆունկցիաները, որը կիրականացնի մի ծառայողը: Սա կնպաստի  հանցագործությունների ավելի արագ ու լիարժեք ապացույցների ձեռքբերմանն ու հավաքմանը՝ տաք հետքերով հանցագործության բացահայտմանը»:

Նոր ռազմավարությամբ մեկ այլ փոփոխություն էլ վերաբերում է ռազմական ոստիկանությանը, եւ ինչպես ասաց Եսայանը, ապառազմականացման հարցն է քննարկվում. «Դա չի նշանակում, որ ոստիկանության զորքերը դառնալու են քաղաքացիական ծառայողներ: Նոր նախագծով դա ազգային գվարդիա կոչվածն է, որը զբաղվելու է ոստիկանությանը բնորոշ հասարակական կարգի եւ կարեւորագույն օբյեկտների պահպանությամբ, ոչ թե ասենք՝  սահմանների պաշտպանության»:

Փոխոստիկանապետն ասաց, որ պիլոտային ծրագրով արդեն տեսախցիկներով կահավորվել են ոստիկանության 10 ստորաբաժանումներ, կան ստորաբաժանումներ, որտեղ նախատեսվածից ավելի շատ տեսախցիկներ են տեղադրել: Մինչեւ 2013 թվականը ՀՀ ոստիկանության բոլոր ստորաբաժանումներում կտեղադրվեն այդ տեսախցիկները:

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին էլ Եսայանն ասաց՝ ոստիկանությունը հաշվառում է քրեական ենթամշակույթին կրող քաղաքացիներին, պայքարն էլ ընթանում է,իր խոսքերով ասած՝ այդ կոնտինգենտի մարդկանց տեսակն ու քանակը հաշվի առնելով եւ համապատասխան մեթոդներն ընտրելով: Օրենքն, ըստ փոխոստիկանապետի, կօգնի ավելի արդյունավետ պայքարել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829