«Ամենամեծ հարվածը ոստիկանությունն ու մեր անվտանգության համակարգը ստացավ 96 թվականին»,-այսօր այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության շուրջ հանրային քննարկման ժամանակ:
Անդրադարձ կատարելով 90-ականների իրավապահ համակարգին, Քոչարյանն ասաց՝ ոստիկանությունն ինչ-որ պահի 90-ականներին եղել է կաշկանդված. «Հետո իրեն շտկել է, եղել է շատ ուժեղ, այդ ժամանակ քրեական հեղինակությունների մտքերով չէր անցնի նույնիսկ մոտենալ ոստիկանական շենքին: Ուժեղ շրջանն էր, բայց հասարակությունը սկսեց վախենալ ոստիկանությունից, հետո՝ քրեական օլիգարխիայից»:
Քոչարյանի կարծիքով՝ 2018-ի հեղափոխության ընթացքում ականատես եղանք, թե քրեական օլիգարխիան ինչպիսի ազդեցություն ունի ոստիկանների նկատմամբ. «Երբ նույն օլիգարխները կանգնած էին ոստիկանապետի կողքը ոչ թե որպես նրան աջակցող, այլ՝ որպես ուղղորդող եւ ղեկավարող: Քաղաքական գործընթացների արդյունքում էր այդպես դարձել՝ բոլոր ընտրություններում նրանց կարեւորելով, հետագայում նաեւ՝ քաղաքական գործոն դառնալով՝ գործող իշխանության շրջանակներում: Ամենամեծ հարվածը ստացավ ոստիկանությունն ու մեր անվտանգության համակարգը 1996 թվականին, երբ առանց վերլուծության միացան ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունը, եւ ղեկավար նշանակեցին կոնկրետ մարդու (1996-1999 թվականներին՝ ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարն էր Սերժ Սարգսյանը, Ն.Բ.)։ Դա բերեց անշրջելի հետեւանքների՝ երկու պետական կառույցներում: Ուստի, պարտադիր է հանրային լայն քննարկումը, որի արդյունքում պետք է ունենանք ոստիկանական նոր համակարգ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ