Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկում ենք վերանայել լուսաձայնային նռնակների, արցունքաբեր գազի եւ ջրանետի կիրառումները». Դանիել Իոաննիսյան

Փետրվար 22,2020 13:14

Այսօր ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության շուրջ հանրային քննարկում է ընթանում: Քննարկման մասնակիցներից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանն այս ռազմավարության մասին ասաց՝ կարեւոր է հասկանալ ոստիկանության դերը քրեական արդարադատության համակարգում.«Ռազմավարությամբ հիմա ենթադրվում է քրեական ոստիկանության ստեղծման հնարավորություն, այս իմաստով կարեւոր է հասկանալ քրեական ոստիկանության դերն այդ համակարգում, պետք է հասկանալ, թե ինչ տեսակի քրեական արդարադատություն է լինելու»:

Քննարկման մեկ այլ մասնակից՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նկատեց՝ ոստիկանության բարեփոխումները դեռեւս  90-ականներին են եղել, եւ շարունակությունը եղել է ՆԳՆ  կառուցվածքում մարզային կառավարման ոստիկանական օղակը. «Չմոռանանք՝ ոստիկանության բարեփոխումներ անվան տակ փորձել են լուծել այդ պահին իրեն վերապահված ուժային խնդիրները: Այսօրվա բարեփոխումը պետք է դառնա իրական բարեփոխում: Դրանք պետք է իրականացվեն հանրության հետ ակտիվ քննարկումների արդյունքում»: Քոչարյանի դիտարկմամբ՝  պետք է ունենանք այնպիսի իրավական համակարգ, որի օրինականության եւ իրականացվող քայլերի հետ կապված կասկածներ չլինեն:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ ասաց՝ ողջունելի է, որ այս ռազմավարությամբ չի լինելու պարեկային ծառայության, ՊՊԾ -ի եւ ՃՈ-ի միաձուլում:

Ընդհանուր ոստիկանության մասին խոսելիս, Իոաննիսյանն ասաց, որ այս համակարգին հանրությունը չի վստահում. «Մարդիկ չեն դիմում ոստիկանություն, որովհետեւի չեն ակնկալում, որ իրենց խնդիրը կլուծվի: Մարդիկ դիմում են տարբեր մեխանիզմների՝ քրեական հեղինակություններին, մեծ ախպերներին, ոմանք ոչ մեկին չեն դիմում: Կարեւոր է, որպեսզի ոստիկանն ընկալվի որպես ընկեր, ում կարող ես զանգել, երբ ունես խնդիր, ոչ թե մի քանի անգամ տանի-բերի բաժին,  7 հատ բացատրություն ուզի եւ վերջում խնդիրը չլուծի»:

Իոաննիսյանի կարծիքով՝ կարեւոր է օպերատիվ կառավարման կենտրոնի հիմնումը՝ երկարաժամկետ իմաստով, որպեսզի բոլոր տեսակի հրատապ խնդիրների դեպքում մարդիկ զանգեն միեւնույն թեժ գծին, ինչպես ԱՄՆ-ում 911-ն է, եւ ստանան անհետաձգելի օգնությունն՝ անկախ նրանից, թե ինչ տեսակի օգնության են դիմում՝  հրշեջ, թե բժշկական: Բացի այս, ըստ Իոաննիսյանի,  կարեւոր է նաեւ  քրեական ոստիկանության ստեղծումը. «Մասնավորապես՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ գլխավոր վարչության՝  6-րդ վարչության, քրեական հետախուզման վարչության  միավորումը նույն վարչությունում, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ գործողություն ծավալել»:

Իոաննիսյանն ասաց, որ իրենք առաջարկում են վերանայել հատուկ միջոցների կիրառման կանոնակարգը, որովհետեւ 2016-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ խաղաղ ցույցերն ուսումնասիրելուց հետո նկատել են՝ հատուկ միջոցների կիրառման դեպքում բազմաթիվ խնդիրներ կան, օրինակ՝ լուսաձայնային նռնակների, արցունքաբեր գազի եւ ջրանետի կիրառումները:

«Նաեւ առաջարկում ենք քննարկման առարկա դարձնել ոստիկանության կողմից քննություն իրականացնել-չիրականացնելու հարցը: Սա  ռազմավարության մեջ որոշակիորեն շոշափվում է»,-ասաց Իոաննիսյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829