Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետ․ 7․6 % տնտեսական աճի մի մասը պայմանավորված է ստվերի կրճատմամբ․ «Ժամանակ»

Փետրվար 22,2020 12:56

2019թ.-ին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 7․6 %՝ այսպիսով գրանցելով ամենաբարձր աճը նախորդ տասներկու տարիների ընթացքում։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի համաձայն, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նման բարձր աճ չի գրանցվել 2007 թ.-ից ի վեր։ Ըստ Վիճակագրական կոմիտեի օրերս հրապարակած տվյալների՝ առավել բարձր աճ է գրանցվել արդյունաբերության ոլորտում՝ 10․2 %, առևտրի և ծառայությունների ոլորտում գրանցվել է 10․1 % աճ, շինարարության ոլորտում՝ 4․2 % աճ, իսկ գյուղատնտեսության անկումը շարունակվել է և տարեկան կտրվածքով կազմել է 4 %։

Ընդհանուր առմամբ՝ 2019թ.-ի ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է մոտ 6 տրիլիոն 551 միլիարդ 850 միլիոն դրամ։

Փետրվարի 20-ին տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ իր գլխավորած կառավարությունը կկարողանա 2020թ.-ի համար ավելի բարձր ցուցանիշ արձանագրել։

«Կարող ենք արձանագրել հետևյալը, որ 2019 թ.-ին եթե 7․6 % է, դա նշանակում է, որ 2008 թ.-ից ի վեր ամենամեծ տնտեսական աճն ենք արձանագրել 2019 թ.-ին, ինչի կապակցությամբ բոլորիս շնորհավորում եմ։ Համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում 2020 թ.-ին ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք»,- մասնավորապես հայտարարեց վարչապետը։

Հատկանշական է, որ 2019թ.-ի համար պետական բյուջեով կանխատեսվում էր 4․9 % տնտեսական աճ, մինչդեռ հրապարակված տվյալների համաձայն՝ Հայաստանը զգալիորեն ավելի բարձր ցուցանիշ արձանագրեց։

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կարծում է, որ 7․6 % տնտեսական աճի մի մասը պայմանավորված է ստվերի կրճատմամբ և մյուս մասն է միայն, որ իրենից ներկայացնում է զուտ տնտեսական աճը։

«Նախ գովելի է, որ Վիճակագրական կոմիտեն տուրք չտալով վարչապետի ավելի վաղ արված հայտարարություններին՝ 8 % ՀՆԱ-ի հավելաճի տեմպի վերաբերյալ, հայտարարեց, որ նախնական տվյալներով 2019թ.-ի ՀՆԱ-ի հավելաճի տեմպը 7.6% է։ Սա չեզոքացրեց այն պնդումները, թե քաղաքական իշխանությունները Վիճակագրական կոմիտեի վրա ճնշում են գործադրում կամ փորձում են գործադրել, համենայն դեպս, այդ «ճնշման» արդյունքները չեն երևում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Հայկազ Ֆանյանն ու հավելեց․

«Ինչ վերաբերում է 7․6 %-ին, ապա կարծում եմ, որ այստեղ իր բաղկացուցիչ մասնաբաժին ունի ստվերի կրճատումը ու մի քանի այլ գործոններ, սակայն, այսուհանդերձ, 6 % և ավել ՀՆԱ-ի իրական ծավալի աճը Հայաստանի նման երկրի համար վատ ցուցանիշ չէ, ավելին՝ կասեի, որ անգամ բավականին լավ ցուցանիշ է և ես սա դրական եմ գնահատում»։

 

Դիանա ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829