Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Տեր-Թադևոսյան․ Այդ հանդիպումները ոչ մի էական դերակատարում չեն ունենում․ «Ժամանակ»

Փետրվար 22,2020 12:42

«Ես քաղաքական գնահատականներ տալ չեմ կարող և չեմ ուզում, միայն իմ սուբյեկտիվ կարծիքը կարող եմ ասել, որ այդքան էլ ճիշտ չեմ համարում նման դեբատների մասնակցելը, որովհետև Իլհամ Ալիևը եկել էր ու ալամ աշխարհի ստերն էր խոսում, նրա ամբողջ խոսքը կառուցված էր կեղծիքի ու մանիպուլյացիաների վրա, ես այդ պանելային քննարկման ժամանակ այդպես էլ Ադրբեջանի ղեկավարից իրականությանը համապատասխանող մի բառ չլսեցի, կառուցողական ոչ մի մոտեցում չտեսա, ուստի չգիտեմ՝ մյուս անգամ պե՞տք է նրա հետ այդ դաշտ մտնել, թե՞ ոչ։

Ինչ վերաբերում է առհասարակ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումներին ու բանակցություններին, ապա դրանք, իհարկե, պետք են, կարևոր են, սակայն մյուս կողմից, ըստ էության, այդ հանդիպումները ոչ մի էական դերակատարում չեն ունենում՝ կողմերից յուրաքանչյուրն իր դիրքորոշումն է պնդում, ու առաջընթաց, մեծ հաշվով, չենք ունենում, ոչ մի նոր քայլ դրանց չի հաջորդում, հետևաբար գտնում եմ, որ անիմաստ է այդ բանակցություններից լուրջ ակնկալիքներ ունենալը, համենայնդեպս, մինչ այսօր դրական տեղաշարժ չենք տեսել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ անդրադառնալով փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած բանավեճին։

Արկադի Տեր-Թադևոսյանի գնահատմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կամ արտաքին գործերի նախարարների միջև ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող հանդիպումները ոչ ավելին են, քան «հանդիպումներ են հանդիպելու համար»։

«Մինսկի խումբն ավելին անել չի կարող՝ բացի հանդիպումների կազմակերպումից։ Եթե Փաշինյանն ու Ալիևն իրար հետ լեզու չեն կարողանում գտնել՝ Մինսկի խումբն այստեղ անելիք չունի, նրա մանդատը միայն միջնորդական առաքելություն իրականացնելն է, չնայած՝ ես առավել հակված եմ մտածելու, որ Մինսկի խումբն ավելի շատ ադրբեջանամետ դիրքորոշում ունի, քան հայամետ․ շուրջ երկու տարվա մեջ այդ բանակցությունները միայն մի արդյունք են տվել՝ այն է, որ առաջնագծում լարվածությունը համեմատաբար նվազել է, որևէ այլ բանի ականատես դեռևս չենք եղել»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Արցախի հերոսը համամիտ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վարչապետ Փաշինյանի ներկայացրած մոտեցումների հետ, մասնավորապես, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, և Արցախի ժողովուրդն ինքը որոշի իր հետագա ճակատագիրը, ինչպես նաև Տեր-Թադևոսյանը շատ կարևոր ուղերձ համարեց անվտանգության վերաբերյալ Փաշինյանի հնչեցրած թեզը։

Դիանա ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829