Եթե գիրք նվիրելու հայկական ավանդույթը Մյունխենում մի քանի օր շուտ սկսեին ու սրահ մտնող յուրաքանչյուր ունկնդիր աթոռին գտներ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հայկական առաջարկների մասին անգլերեն կամ գերմաներեն՝ հին ու նոր քարտեզներով ամփոփ մի ժողովածու, որի մեջ անշուշտ չէր մոռացվի Այազ Մութալիբովի հետ Դանա Մազալովայի «Նեզավիսիմայա գազետայում» հրատարակված հարցազրույցի տեսապատճենված օրինակը, կարիք չէր լինի մտահոգվելու, թե պատմության դերձակ Ալիեւն ում կտպավորեր: Առայժմ՝ միայն իր կողմնակից հայրենակիցների կեցցեներն են հեղեղել սոցցանցերը:
Այդպիսի ոգեւորություն կլինի՞ շաբաթ՝ փետրվարի 22- ին Բեռլինում, Բրանդենբուրգյան դարպասներին հարող Փարիզի հրապարակում եվրոպաբնակ ադրբեջանցիների հանրահավաքի ժամանակ, կապրենք, կհետեւենք: Ի հիշատակ Խոջալուի ողբերգության այս տարի հանրահավաքից բացի ուրիշ մարտահրավեր են հաղթահարելու՝ Արարատ լեռան գագաթն են մագլցելու, որ ողբերգությունը պատկերող լուսանկարների ցուցադրությունն այնտեղ զետեղեն:
Իսկ Մյունխենի համաժողովի փոքրիկ հաջողությունը, ինչպես գնահատեց Իշինգերը, այն է, որ Կոսովոն եւ Սերբիան երկու երկրների միջեւ երկաթուղային եւ ավտոմեքենաների՝ 90- ականներից ի վեր խափանված հաղորդակցության վերսկսման մասին իրենց մտադրությանը գրավոր ձեւակերպում են տվել: Ի դեպ փետրվարի 17- ին Իշինգերը շնորհավորեց Կոսովոյին՝ անկախության 12- րդ տարեդարձի առթիվ: Եթե Գուտերեշին տպավորի ու համոզի «ՖԱՑ»- ի՝ Արցախի անկախությունն անհապաղ ճանաչելու բաց նամակը, մանավանդ Մյունխենում Իլհամ Ալիեւի անզիջում կեցվածքը տեսնելով, գուցե Իշինգերի հաջողությունը հենց նա՛ կրկնապատկի: Մենք այդու մոդերատորի ամենատպավորիչ՝ կարմիր պիջակի հետ բանավեճի դառնությունն էլ կմոռանանք ու քվանտային լուծումների լավատեսությամբ՝ շնորհակալ կլինենք:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում