Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկընդմիշտ պետք է հրաժարվել հայաստանյան հին՝ «ամեն բան գիտեմ» հիվանդությունից. «Ազգ»

Փետրվար 22,2020 10:51

Ի մի բերելով հայ-ադրբեջանական հակամարտության այս՝ բանավիճային դրվագը, անհրաժեշտ է այսուհետեւ նկատի ունենալ մի քանի բան:

Նախ՝ բոլոր այն պետական գործիչները, որոնք հակամարտության ու բանակցությունների որեւիցե փուլում որոշիչ դերակատարում են ունեցել նախապես, անկախ նրանց նկատմամբ գործող իշխանության վերաբերումից, Արցախյան հարցի շուրջ պետք է ունենան պաշտոնական կամ անպաշտոն խորհրդականի կարգավիճակ:

Երկրորդ՝ ներկա իշխանությունները պետք է ստեղծեն տարբեր մասնագետներից բաղկացած գիտական հատուկ մի աշխատակազմ, խումբ, որն իր հետազոտությունների արդյունքները կամփոփի բանաձեւերի տեսքով՝ կիրառելի տարբեր ձեւաչափի ֆորումներում եւ բանակցության սեղանների շուրջ:

Երրորդ՝ մեկընդմիշտ պետք է հրաժարվել հայաստանյան հին՝ «ամեն բան գիտեմ» հիվանդությունից. այս եւ նման գործերում դիլետանտությունը ավելի վնասակար ու վտանգավոր է, քան ոչինչ չասելն ու չանելը: Սովորելը, մասնագետների եւ փորձառուների կարծիքով զինվելը բնավ ամոթ չէ, այդ հարցում բարդույթավոր լինե՛լն է ամոթ: Հետեւաբար, մեր պետության բարձրաստիճան յուրաքանչյուր պաշտոնյա, վարչապետից, նախագահից, արտգործնախարարից սկսած մինչեւ խորհրդարան ու պաշտպանության նախարարություն, ստիպված պետք է լինեն սովորելու, նույնիսկ անգիր անելու վերոհիշյալ աշխատախմբի ներկայացրած բանաձեւերը եւ դրանք օգտագործելու ըստ տեղի եւ պայմանների: Բանաձեւերով խոսելը ընդունված է նույնիսկ ամենափորձառու պետական գործիչների կողմից: Օտար լեզվին տիրապետելը ժամանակակից աշխարհում շատ կարեւոր առավելություն է, սակայն ոչ այնքան կարեւոր, որքան լեզվի սայթաքումներից ու մտավոր բացթողումներից խուսափելը:

Հասկանալի է, որ վերոհիշյալ 3 կետերը տնային աշխատանքի գլխավոր բաղադրիչներն են, պարտականությունների մի համալիր, որն անտեսելը, որից խուսափելը անթույլատրելի է պետական գործչի համար, մանավանդ պատասխանատու հանգամանքներում:

Քաղաքական ասպարեզում, ինչպես սպորտում, միայն տնային չարքաշ աշխատանքը կարող է արդյունք տալ եւ փառք բերել տվյալ անձնավորությանը, ինչպես չարքաշ եւ անդուլ մարզանքները՝ մեր «Արջին»:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829