Այս ամսվա սկզբին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց արտերկրում բնակվող հայերին՝ կոչ անելով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ ապրիլի 5-ին, լինել Հայաստանում:
Զրուցել ենք Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում բնակվող Անահիտ Ավագյանի հետ, որը հետեւել է վարչապետի կոչին, ինքնաթիռի տոմս է գնել եւ ապրիլի 3-ին լինելու է Երեւանում:
– Տիկի՛ն Անահիտ, երբվանի՞ց եք ապրում Օսլոյում: Ինչպե՞ս է ստացվել, որ գնացել եք Հայաստանից:
– 2000 թվականին աղջիկս եկավ Նորվեգիա՝ մագիստրատուրա սովորելու: Հայաստանում հայտնի պատճառներով (կոռուպցիա եւ այլն) հնարավորություն չկար լավ կրթություն ստանալու: Սովորելուց հետո սկսեց աշխատել, ամուսնացավ նորվեգ տղայի հետ ու մնաց այստեղ: Տղաս էլ Մոսկվայում է ապրում, ու որպեսզի ես մենակ չմնամ, որոշեցի գալ աղջկաս մոտ: Քաղաքացիություն դեռ չեմ ստացել, բայց մշտական ապրելու իրավունք ունեմ:
Կարդացեք նաև
– Ինչո՞վ եք կարեւորում հանրաքվեն:
– Կարեւորում եմ նրանով, որ մի անգամ եւս մենք պետք է «Այո» ասենք մեր ազատ, անկախ երկրին, պետք է վերջ դրվի անարդար արդարադատությանը, մեկ անգամ եւս պետք է վերահաստատենք, որ միասնական ենք, մեր վարչապետի կողքին ենք, պետք է հաստատենք մեր հեղափոխությունն ու շարժվենք առաջ՝ մերժելով հին բարքերը, կոռուպցիան եւ ՀՀԿ մնացորդներին:
– Հնարավո՞ր է՝ այս այցն առիթ դառնա եւ մնաք հայրենիքում:
– Միակ խնդիրն այն է, որ մենակ չեմ կարող մնալ: Աղջիկս չի գա, որովհետեւ ամուսինն այստեղից է, որոշել են ապրել այստեղ: Չնայած պետք է ասեմ, որ հեղափոխությունից հետո ե՛ւ տղաս, ե՛ւ աղջիկս Երեւանում բնակարան են գնել: Հիմա աղջիկս ավելի հաճախ կկարողանա Երեւանում լինել: Իսկ տղաս մտածում է Հայաստան տեղափոխվելու մասին, շատ-շատ է ուզում, բայց չի կարող թողնել այնտեղի աշխատանքը. հիփոթեկ պետք է վճարի, ընտանիք պահի: Աստված մեծ է, երեւի կստացվի:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում