Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի Մյունխենյան սկզբունքները եւ իրականությունը

Փետրվար 22,2020 10:29

«Առավոտի» զրուցակիցն է «Ազգային Օրակարգ» կուսակցության Անվտանգության և արտաքին հարցերի հանձնախմբի անդամ Հովհաննես Սարգսյանը

Իբրեւ մյունխենյան հանդիպումների եւ բանավեճի ամփոփում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Արցախի հարցի վերաբերյալ Մյունխենյան սկզբունքները: «Եթե Փաշինյանը համարում է, որ սրանք հակամարտությունը կարգավորելու համար մեր կողմից ձևավորած սկզբունքներն են, կամ այլ կերպ ասած՝ կարմիր գծերը, ապա այստեղ կան հակասական պահեր»,- «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով այդ կետերին, ասաց «Ազգային Օրակարգ» կուսակցության Անվտանգության և արտաքին հարցերի հանձնախմբի անդամ Հովհաննես Սարգսյանը`հավելելով, որ իր գնահատմամբ, դրանք նաեւ որեւէ կերպ չեն տեղավորվում սկզբունք լինելու տրամաբանության մեջ:

Վարչապետի նշած առաջին սկզբունքը հետեւյալն էր`ԼՂ-ն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը: «Ճիշտ չէ Արցախի և Ադրբեջանի անկախացման գործընթացների միջև հավասարության նշան դնելը: Արցախը անկախություն է ստացել Խորհրդային միությունից, բայց ոչ երբեք Ադրբեջանից: Այսպես, Արցախն իր անկախությունը ստացել է իրավական հիմքեր ունեցող հանրաքվեի միջոցով՝ համապատասխան ԽՍՀՄ օրենսդրությանը, իսկ Ադրբեջանը՝ Խորհրդային միության կազմալուծման արդյունքում, և իր անկախացման պահին չի վերահսկել Արցախը: Պետք չէ նաև միայն Ստալինով անձնավորել Արցախի բռնակցումն Ադրբեջանի սոցիալիստական հանրապետությանը: Իրականում դա բոլշևիկյան վարչակարգի մոտ ընդունված պրակտիկա էր` տարածքներն, անկախ իրենց պատմական, ժողովրդագրական առանձնահատկություններից, հանձնել երրորդ սոցիալիստական հանրապետությանը՝ ելնելով նեղ կոնյունկտուրային շահերից»,- ասում է մեր զրուցակիցը`նկատելով, որ Արցախի բռնակցումը հեռահար ռազմավարական քայլ էր տարածաշրջանը խոցելի, հետևաբար կառավարելի դարձնելու համար: Հավելելով, որ ներկայիս Ադրբեջանի հանրապետությունը իրեն համարում է 1918թ-ին ստեղծված պետական միավորի իրավահաջորդը, որտեղ Արցախը երբեք չի կազմել նրա տարածքային ամբողջականության մաս եւ, որ միջազգային հանրությունն էլ, ի դեմս Ազգերի Լիգայի, նույնպես ճանաչում չի տվել և նույնիսկ հրաժարվել է Ադրբեջանին ընդունել, որպես իր անդամ, նա նաեւ եզրակացնում է. «Այսպիսով` ստացվում է, որ Ադրբեջանը ո՛չ մինչխորհրդային և ո՛չ էլ հետխորհրդային անկախության ժամանակահատվածում վերահսկում չի ունեցել Արցախի նկատմամբ»:

Անդրադառնալով ամրագրմանը, որ Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը, մեր զրուցակիցը նկատում է`լավ է, որ նման պնդում է արվում, սակայն, իր համար անհասկանալի է, թե առանց Արցախի մասնակցության մեր բարձրաստիճան պաշտոնյաներն ի՞նչ են բանակցում Ադրբեջանի հետ. «Եթե չկա որևէ առարկայական քննարկում, ապա ինչու՞ այդ փաստը չնշվեց բանավեճի ընթացքում: Առհասարակ, Արցախը ակտիվ բանակցային գործընթաց ներգրավելու մասին հավուր պատշաճի անդրադարձ չեղավ: Մենք պետք է հստակ ընդգծենք, որ մենք պատրաստ ենք շարունակել երկկողմ բանակցություններն Ադրբեջանի հետ մինչև այն պահը, որը չի վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հանրապետության կարգավիճակին և տարածքային ամբողջականությանը: Եթե կա անհրաժեշտություն` բանակցելու նշված կետերի շուրջ, ապա դա պետք է լինի Արցախի հանրապետության մասնակցությամբ:

Խիստ կարևոր է Արցախի հետ ռազմաքաղաքական պայմանագրի կնքումը, որպես վերջինիս անվտանգության իրական երաշխավոր: Միջազգային նորմերին համապատասխան պետությունները կարող են նմանատիպ ռազմաքաղաքական դաշինք կնքել նաև չճանաչված հանրապետությունների հետ, ուստի այս քայլը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես Արցախի անկախության միակողմանի ճանաչում, հետևաբար ընկալվել որպես բանակցային գործընթացի խաթարում: Ավելին, այն լիովին տեղավորվում է 1992թ-ին Հայաստանի հանրապետության այն ժամանակվա Գերագույն խորհրդի կողմից ընդունված օրենսդրական ակտի տրամաբանության մեջ, համաձայն որի Հայաստանի հանրապետության համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախի հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում և ՀՀ-ն պարտավորվում է պաշտպանել Արցախյան հարցի այնպիսի լուծումը, որը կընդունի Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը»:

Երրորդ թեզը`չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը, ըստ Հովհաննես Սարգսյանի, հնչեցվում է միջազգային հանրության համար ավելի ընկալելի լինելու համար, սակայն լուրջ ծուղակ է պարունակում իր մեջ. «Ստացվում է, որ սկզբունքային առումով մեզ համար գերակա է անվտանգությունը, որն, իմիջիայլոց, կարելի է ընկալել տարբեր ձևերով, հետևաբար տարածքները ենթակա են շահարկման, և կախված, թե անվտանգության ի՞նչ մակարդակի մասին է խոսքը, մենք պատրաստ ենք զիջումների: Այսպիսով, այս մոտեցումը տեղավորվում է մեզ համար խիստ անբարենպաստ հակամարտության փուլային կարգավորման տրամաբանության մեջ: Ալիևը հաստատեց, որ փուլային տարբերակն ընդունելի է իրենց համար, իսկ Փաշինյանն անգամ չհակառակվեց»:

Մեր զրուցակիցը նկատում է, որ իրականում Արցախի հանրապետության սահմանադրությամբ հաստատված սահմանները ձևավորվել են իրեն պարտադրված պատերազմի արդյունքում, որի ընթացքում զավթվել է Շահումյանի շրջանը, ավերվել են արցախյան բնակավայրերի մեծ մասը, պատճառվել է մարդկային մեծ կորուստներ: Ուստի այն ոչ թե զուտ անվտանգության գոտի է, այլև Արցախի բնականոն կենսագործունեությունն ապահովող բնական սահման. «Անվտանգության մեխանիզմների փնտրտուքը վերջիվերջո հանգեցնելու է Արցախում խաղաղապահ զորքերի տեղակայմանը և տարածքային զիջումներին»: Արցախի հանրապետության տարածքային զիջումն անվտանգության ցանկացած տարբերակի դիմաց, մեր զրուցակիցն անընդունելի է համարում. «Նախ, զիջումները չեն հանգեցնելու Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցմանը, առավել ևս հակամարտության ամբողջական կարգավորմանը, այնուհետև սահմանների վերադասավորումը միանշանակորեն աշխատելու է ի վնաս մեզ, և հավանական նոր ռազմական գործողությունների դեպքում մենք կռվելու ենք անհամեմատ թույլ դիրքերից: Հաշվի առնելով նաև Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների շղթան՝ սկսած Սումգայիթի ջարդերից, վերջացրած 2016թ-ի ապրիլյան իրադարձություններով՝ Արցախի հանրապետության անվտանգության միակ երաշխավորը կարող են համարվել ՀՀ-ի և Արցախի զինված ուժերը: Պատմական փորձը բազմիցս ցույց է տվել, որ միջազգային խաղաղապահ ուժերը արդյունավետ չեն՝ հակամարտությունների կարգավորման և բռնությունները կանխելու տեսանկյունից: Հայ ժողովուրդն արդեն դառը փորձություն ունեցել է, երբ միջազգային հանրության աչքի առաջ ցեղասպանվել է և հայրենազրկվել: Ուստի, մեր ժողովրդի՝ իր հայրենիքում սեփական անվտանգությունը կազմակերպելու արդարացի ձգտումն այլընտրանք չունի»:

Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում`դրույթը, Հովհաննես Սարգսյանը որակում է իբրեւ «օրիգինալ լինելու փաշինյանական դրսևորում»: Ըստ նրա, այն «միկրո և մինի հեղափոխությունները», որոնք Փաշինյանը փորձել և փորձում է իրականացնել՝ համացանցում` իրար հանդեպ լինել հանդուրժող, սահմանագծում հրադադարի պահպանման պայմանավորվածություն, կանայք հանուն խաղաղության և այլն, լուրջ չեն: «Նախ, ադրբեջանական իրականությունում ծավալված հայատյացությունն այնքան խորն արմատներ ունի, որ ոչ միայն համացանցում սիրալիր զրույց անել հնարավոր չէ, այլև նույնիսկ հայի հետ ընկերանալը և զրուցելը կարող է լուրջ սպառնալիք ստեղծվի այնտեղի իրավապահ մարմինների կողմից: Այսպիսի «մարդասիրական» նախաձեռնությունների պատճառով մենք իրականում ոչ թե խաղաղություն շահեցինք, այլ հարաբերական անդորրը հնարավորություն տվեց թշնամուն սահմանագծում լայնածավալ ինժեներական աշխատանքներ նախաձեռնել և ամրապնդել իր դիրքերը: Բացի այդ, մերկ-երկու գործողության փոխարեն պարոն Փաշինյանի հեղափոխական մոտեցումը իրականում ոչ մի «հեղափոխական» էլ չի: Դա հակամարտության լուծման նույն փուլային տրամաբանությունն է, ինչ ճոխ անվանում էլ դրան ցանկանանք տալ: Ինչպես արդեն նշվեց, լուծման փուլային տարբերակը մեզ համար անընդունելի պետք է լինի»,- ասաց մեր զրուցակիցը:

Փաշինյանի կողմից հնչեցված թերեւս ամենահակասական միտքը, Հովհաննես Սարգսյանը համարում է այն, որ հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովրդների համար, որ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար եւ, որ այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը: «Ադրբեջանն հստակորեն առաջ է քաշել իր «կարմիր գծերը», որ հակամարտության լուծումը նա տեսնում է Արցախն իր տարածքային ամբողջականության կազմում, և վերջ: Բազմիցս ամենաբարձր մակարդակով հնչեցվել է, որ Ադրբեջանի պատերազմը համայն հայության դեմ է: Նրա ցանկալի լուծումը տարածաշրջանում Հայաստան պետական միավորի վերացումն է: Ինչպես նաև, ադրբեջանական բռնապետական համակարգի հիմնասյուներից մեկն էլ ռևանշիստական ձգտումներն են, և Ալիևի կողմից այդ գաղափարից հրաժարվելը կնշանակի իր իշխանության վերջի սկիզբը: Ալիևը պարզ նշեց, որ իրենց ուզածը բնակչության վերադարձն է իրենց նախկին բնակավայրերը, որին ի պատասխան Փաշինյանը հստակ չի բացատրում, թե ո՞րն է հայ ժողովրդի ուզածը: Իրականությունն այն է, որ Փաշինյանը ամենևին էլ չի պատկերացնում խնդրի ողջ էությունը և ներքուստ չի հանդիսանում մեր պահանջատիրության կրողը: Ադրբեջանը, լինելով պատերազմում պարտվող կողմը, այսօր տարբեր հարթակներից հայտարարում է իր մաքսիմալիստական պահանջները, և ի հակադրություն դրան մենք ոչ միայն չենք սաստում իրենց ահագնացող ախորժակն, այլև խոսում ենք իրենց համար ընդունելի տարբերակների մասին: Ալիևն ուղիղ խոսքով հայտարարեց, որ Երևանը ադրբեջանական քաղաք է: Դա է՞ ընդունելի տարբերակը»:

Մեկ այլ հակասական գաղափար էլ, նա համարում է «Ղարաբաղի ժողովուրդ» սահմանումը: «Այս ձևակերպմամբ Փաշինյանը դուռ է բացում այսպես կոչված «ադրբեջանական համայնք» վիրտուալ միավորի լեգիտիմացման և բանակցային գործընթացի մեջ ներգրավելու համար: Եվ, կարծես թե, այս հռետորաբանությունն համաձայնեցված լինի բանակցության կողմերի հետ, քանի որ գրեթե միաժամանակ ադրբեջանական կողմն էլ կրկին ակտիվորեն շրջանառության մեջ է դնում նույն «ադրբեջանական համայնք» հասկացությունը, ինչպես նաև, ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներ են հանդիպում իբրև վերջինիս ներկայացուցիչների հետ»:

Առհասարակ, մեր զրուցակցի կարծիքով, այդ բանավեճի ընթացքում կողմերը չեկան ոչ մի ընդհանուր եզրահանգման, որոնք որ պետք է բնորոշեին հետագա բանակցությունների բնույթն ու ուղղվածությունը:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 22․02․2020 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829