Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգեւոր մարզանքի» անհրաժեշտությունը

Փետրվար 22,2020 10:00

Բժիշկները, հոգեբանները, զանազան մարզիչներն ու «գուրուները» պնդում են, որ ամեն առավոտ պետք սկսել ֆիզիկական մարզանքից: Եվ նրանք, իհարկե, իրավացի են. մկաններն աշխատեցնելը հսկայական օգուտ է տալիս մարդուն՝ նա դառնում է ավելի առույգ, ինքնավստահ եւ նպատակասլաց: Ավելի քիչ է խոսվում այն մասին, որ առավոտյան եւ ոչ միայն առավոտյան պետք է մարզել նաեւ զգացմունքները, միտքը, հոգին: («Զգացմունքների դաստիարակություն»՝ այդպես է կոչվում 19-րդ դարի ֆրանսիացի գրող Գյուստավ Ֆլոբերի վերջին վեպերից մեկը):

Եվ ճիշտ մկանների նման՝ դրանք կարելի է դարձնել ավելի գեղեցիկ եւ կատարյալ, բայց կարելի է նաեւ «անտեր թողնել» եւ այդ դեպքում դրանք մեզ խանգարելու են ապրել լիաթոք կյանքով:
«Անտեր թողած» զգացմունքներից ծնվում են ատելությունը, խանդը, նախանձը, ուրիշներին դատելու, մեղադրելու, բամբասելու ցանկությունը: Կարելի՞ է այդ ամենը հաղթահարել «հոգու մարզանքով»: Վստահ եմ, որ՝ այո: Բայց նախ ես պետք է ընդունեմ, որ այդ ամենն իմ մեջ կա: Ինչպես վերջերս միանգամայն իրավացիորեն նշեց ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, ատելությունը հիվանդություն է, որի առկայությունը, ինչպես եւ ալկոհոլիզմն ու թմրամոլությունը, հիվանդները հաճախ չեն ընդունում: Հարբեցողը նույնիսկ ինքն իրեն չի խոստովանում, որ չի կարող ապրել առանց օղու: Համացանցից կախում ունեցողը սովորաբար չի ընդունում, որ հինգ րոպե անգամ չի կարող կենտրոնանալ որեւէ գործի վրա՝ առանց հեռախոսում հաղորդագրությունները ստուգելու: Ատելությամբ հիվանդը չի կարծում, որ տառապում է հիվանդությամբ ՝ նա իրեն, որպես կանոն, «արդարության մարտիկ» է պատկերացնում:

Ինչպե՞ս հաղթահարել այդ ախտերը: Այնպես, ինչպես մենք մարզում ենք մեր մկանները: Կան բազմաթիվ հոգեւոր «պրակտիկաներ», որոնք մարդիկ կիրառում են այն ժամանակ, երբ հավատ ունեն: Այդ հավատը կարող է տարբեր անուններ ունենալ՝ կարեւորն ամենօրյա կիրառումն է:

…Երկուշաբթի օրն սկսվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության ակտիվ փուլը: Հանրաքվեի արդյունքները կանխորոշված են՝ մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, «նախկինների» եւ նրանց ներկայացուցիչ Հրայր Թովմասյանի հանդեպ ատելությունից դրդված, իր «այո»-ն կասի: Բայց խնդիրը «այո» կամ «ոչ» ասելը չէ կամ բոյկոտելը չէ՝ դա նորմալ քաղաքական գործընթաց է: Խնդիրն այն է, որ այդ ընթացքում զարգանալու է ատելությունը, պարանոյան, անհանդուրժողականության, իրար վիրավորելու, իրար ցավ պատճառելու մշակույթը, որն առանց այդ էլ մեր հասարակության մեջ «բարձր դիրքերում» է, եւ որը թունավորում է մարդկանց հոգիները:

Այդ մշակույթին միանշանակ պետք է ասել «ոչ»: Հատկապես որ հետաքրքիր զուգադիպությամբ հենց այդ օրվանից սկսվում է Մեծ պահքը, որի ընթացքում առավել եւս պետք է մաքրել միտքն ու հոգին ատելության ախտից:
Անհնարին է պայքարել ուրիշի ատելության դեմ: Դա անիմաստ զբաղմունք է: Եթե ուզում ես, որ աշխարհն ավելի լավը դառնա, հաղթահարիր ատելությունը քո մեջ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    40 տարիներէ ի վեր, շարունակաբար եւ կանոնաւորապէս, ես մարզանք կ’ընեմ:

    Այնուհանդերձ, երբ որ հասայ այժմու տարիքիս, շատ չեմ տեսնում օգուտը այդ երկարատեւ – թէկուզ հաճելի – չարչարանքին:

    Մարմնային այլազան ցաւեր, անհասկնալի յոգնութիւն, առողջական մտահոգութիւններ…

    Ուրեմն, ես ինծի հարց կու տամ՝ կ’արժէ՞ր այդ 40 տարիների այդքան մարզանքը:

    Մէկ կողմէն՝ եթէ այդպէս չընէի, թերեւս աւելի վատ կ’ըլլար, կրնայի մինչեւ հիմա նոյնիսկ ողջ չլինել: Միւս կողմէն՝ եթէ ասանկ-անանկ, քիչ թէ շատ սա էր լինելու այժմու վիճակս, ուրեմն պարապ տեղը այդքան երկար ժամանակ վատնեցի այդքան մարզանքի վրայ:

    Ո՞վ գիտէ…

    Իսկական, բառացի վկայութիւն է ասիկա: Լրջօրէն, ես այլ, փոխաբերական իմաստ չեմ ուզեր այս պատմածիս: Ոչ տակաւին: Քանի որ դեռ կը շարունակեմ gym երթալ:

    https://haytougchamlian.blog/

    https://www.facebook.com/Blog-H-368796210632940

  2. Ջորդանո Գալիլյան says:

    …պետք է մարզել նաեւ զգացմունքները, միտքը, հոգին…

    «Հոգին» թողնենք տերտերներին ու շամաններին. նրանք վարպետորեն կարող են ամեն տեսակ անհեթեթություններ դուրս տալ գոյություն չունեցող բաների մասին: Իսկ ահա զգացմունքները եւ միտքը իրոք կարելի է եւ պետք է մարզել: Միայն թե խնդիրն այն է, որ իրեն գլխավոր «մարզիչ» ներկայացնող «ժողովրդի վարչապետն» ինքը չի տիրապետում իր զգացմունքներին եւ մտամարզանքով էլ զբաղվելու առանձնապես հավես չունի: Մյունխենյան խայտառակությունը դրա վառ ապացույց…

    Կարելի՞ է այդ ամենը հաղթահարել «հոգու մարզանքով»

    Ոչ թե «հոգու մարզանքով», այլ «հոգու» մարզանքով…:)

    Կան բազմաթիվ հոգեւոր «պրակտիկաներ», որոնք մարդիկ կիրառում են այն ժամանակ, երբ հավատ ունեն:

    Օրինակ՝ Մյունխենյան չքնաղ «պրակտիկան», որը Նիկոլը կիրառում է այն ժամանակ, երբ հավատ ունի. հավատ առ այր մի կիրթ եւ հայապաշտ Իլհամ կոչեցեալ՝ որդի Գեյդարայ…

    Այդ հավատը կարող է տարբեր անուններ ունենալ՝ կարեւորն ամենօրյա կիրառումն է:

    Բոլոր հավատներն էլ՝ անկախ անուններից, անհեթեթությունների ու նախնադարյան ծիծաղաշարժ հեքիաթների հավաքածու են: Հավատը լոկ բթացնում է մարդու զգացմունքներն ու միտքը՝ մարզելու փոխարեն…

  3. Ruben says:

    Անհրաժեշտ է տարբերել հավատը/հավատքը կրոնից:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829