Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսքը մի զույգի մասին է»

Փետրվար 22,2020 13:30

«Ֆրանսիայի հայ ընտանիքի երեխա ունենալու երազանքը փշրվեց մայրենիքում» («Առավոտ» օրաթերթ 23.11.2019) հրապարակումից հետո ստացվել է «Մարդու պտղաբերության կենտրոնի» (Fertiliti Center) տնօրեն Էդ. Համբարձումյանի պատասխանը:

ՊԱՏԱՍԽԱՆ

«Ֆերթլիթի Սենթր» ՍՊ ընկերությունը (այսուհետեւ նաեւ՝ Կենտրոն) համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացնում է բնակչության բժշկական սպասարկում եւ օգնություն. իրականացնում է արտամարմնային  բեղմնավորում, արհեստական սերմնավորում եւ այլ բժշկական ծառայություններ: Ընկերությունը համացանցում ունի էլեկտրոնային կայքէջ, որտեղ նկարագրվում է  Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների բնույթը:

«Առավոտ» թերթի լրագրող Ռուզան Մինասյանի հոդվածի պատվիրատուն, այդ կայքից տեղեկանալով մեր Ընկերության մասին, որոշել է անպտղության բուժման նպատակով դիմել մեզ: Իր որոշման մասին նա մեզ հայտնել է էլեկտրոնային փոստով: Նա ամուսնու հետ ներկայացել է Կենտրոն եւ առաջնային ընդունելության ժամանակ պարզվել է, որ նա Կենտրոնի տնօրենի վաղեմի ծանոթներից է եւ տնօրենի հորդորով նրան առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում: Ինչպես մեր բոլոր պացիենտներին, նրանց եւս  բացատրվել է, թե ինչպես է մեզ մոտ իրականացվում անպտղության բուժումը եւ ինչ մեթոդներով, բացատրվել է բոլոր հնարավոր բարդությունների առաջացման եւ դրանց վերացմանն ուղղված բուժումների մասին: Բացատրվել է, որ կնոջ մոտ սեփական ձվաբջիջների բացակայության դեպքում  կիրառվում է դոնորական ձվաբջիջ եւ դոնորի ընտրությունը կատարվում է պացիենտների կողմից: Բացատրվել է նաեւ, որ անպտղության բուժմանն ուղղված բոլոր մեթոդների սպառման դեպքում կառաջարկվի փոխնակ մոր միջոցով հաղթահարել անպտղությունը:

Խոսքը մի զույգի մասին է, որ տարիներ շարունակ խուսափում է դատարաններից եւ խուսափում է մարել իրենց պարտքերը բժշկական կենտրոնին, որը դիմել է Պտղաբերության կենտրոն արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) կատարելու համար` դոնորական ձվաբջջի  ծրագրի օգնությամբ: Զույգը կատարել է մասնակի վճարումներ, եւ  համաձայն պայմանավորվածության՝ մեկնել է Ֆրանսիա, վերադարձել է, երբ Կենտրոնի կողմից ամբողջ ԱՄԲ-ի հետ կապված գործողություններն ավարտվել էին: Եվ երբ գումարի մյուս մասը վճարելու ժամանակն էր, հանկարծակի հայտարարում են, որ հրաժարվում են բուժումը շարունակելուց: Եվ միաժամանակ հրաժարվում են սաղմիկներին իրենցը ճանաչել, եւ որ ամենազավեշտալին է` պահանջ դրեցին նախնական տրված գումարը (գումարի մի մասը, որը արդեն իսկ տրվել էր իրենց համար դոնոր հանդիսացող կնոջը) վերադարձնել իրենց: Այդ օրվանից, երբ զույգին բացատրվեց անբացատրելի եւ անլուծելի իրավիճակը` սկսած նրանից, որ դոնոր հանդիսացող կնոջից անհնար է գումար ետ պահանջելը, որ կատարված աշխատանքի դիմաց դեռ իրենք են Կենտրոնին գումար պարտք մնացել, որ գոյություն ունեն իրենց համար պատրաստված սաղմիկներ, ապագա բալիկներ, որոնցից հենց այնպես հրաժարվել, «փոշմանել» անհնար է, այդ օրվանից սկսվեցին ինսինուացիաները, շանտաժի եւ դրամաշորթության ամենաանհավատալի փորձերի շարքը:

Օրինակ, հոդվածում նշված կնոջ խոսքերից կարելի է ենթադրել, որ Կենտրոնն է պարտք զույգին, մինչդեռ, ինչպես  նշեցի, իրականությունը լրիվ հակառակն է: Զույգը մինչ օրս Կենտրոնին պարտք է մնացել  կատարված ամբողջ արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) պրոցեսի գումարը: Ավելին, Կենտրոնը մինչ օրս պահպանում է նրանց սաղմիկները եւ դա արվում է Կենտրոնի հաշվին:

Հոդվածում նշված կնոջ խոսքերից կարելի է ենթադրել, որ բժիշկները ինչ-որ մութ ծրագրեր իրականացնելու համար նպատակահարմար են գտել իրեն մայրացնել եւ ոչ թե սուրոգատ մորը, եւ սա որակում է որպես խարդախ միտում, նույն հանցավոր մտադրությունից ելնելով: Ըստ հեղինակի՝ իրեն փորձել են «բարձր ճառագայթներ» տալ եւ վնասել առողջությունը, մինչդեռ խոսքը ուլտրաձայնային հետազոտությունների մասին է: Հոդվածի պատվիրատուն փորձում է իրեն նշանակված այն դեղորայքը, որը ամենօրյա ամբուլատոր ռեժիմով նշանակվում է միլիոնավոր կանանց ամբողջ աշխարհում, ներկայացնել որպես իր առողջական վիճակին սպառնացող դիտավորյալ որոշում: Եվս մեկ մեգաապշեցուցիչ մեղադրանք: Նա մատնանշում է, որ իր մոտ առկա է եղել արգանդի պոլիպ, որը չէր դիագնոզվել մեր կենտրոնում: Մինչդեռ իր իսկ կողմից բերված Ֆրանսիայում կատարված սոնոգրաֆիկ հետազոտության մեջ հերքվում էր պոլիպի առկայությունը եւ, հակառակը,  հենց մեր Կենտրոնում է հայտնաբերվել այդ պոլիպը, որից հետո հիվանդը ուղղորդվել էր հիստերոսկոպիկ վիրահատական բուժման: Հոդվածը կարդալիս կարելի է ենթադրել, որ կինն ուզում է մայրանալ եւ կանգնած է  անհաղթահարելի արգելքների առջեւ: Մինչդեռ նա մոռացել էր  նշել, որ հրաժարվել են բուժումներից՝ օֆիցիալ նշելով իրենց ընտանեկան հանգամանքները (ամուսնու սրտի վիրահատություն, վատառողջ վիճակ): Նման հայտարարության պահին Կենտրոնի կողմից արդեն կատարվել էր ԱՄԲ, որի արդյունքում ստացված  երեք բարձրորակ սաղմիկները մինչ օրս պահվում են սառցարանում` պատրաստ ներարգանդային տեղադրման: Կինը մոռացել է նշել, թե որքան երկար Կենտրոնի բժիշկները   համոզում էին զույգին չհրաժարվել այդ  սաղմիկներից եւ նշում նման քայլի անխուսափելի հետեւանքները: Զարմանալի է, բայց կինը մոռացել էր նշել նաեւ, որ իրենք ոչ միայն հրաժարվեցին այդ սաղմիկներից, այլ շանտաժի հասնող հայտարարություններով պնդում էին իրենց կողմից վճարված գումարի վերադարձի մասին: Մեր բոլոր հորդորները` զույգին՝ անտարբեր չլինել իրենց իսկ երեխաների ճակատագրերի նկատմամբ, մնացին եւ մնում են ապարդյուն մինչ օրս: Այդ անտեսված սաղմիկները, որ կարող էին արդեն 3 տարեկան երեխաներ լինեին, տարիներ շարունակ շարունակում են մնալ Կենտրոնի սառցարանում` թողնված Կենտրոնի աշխատակիցների հույսին: Նույնիսկ այս պայմաններում մենք շարունակ բացատրում էինք երեխաների առկայության հարցը` միշտ նույն պատասխանը ստանալով փաստաբաններից, որ իրենց կլիենտների պահանջը վերաբերում է գումարի ետ վերադարձին եւ սաղմիկների ճակատագրի մասին որեւէ դիրքորոշում կամ պարտավորություն չունեն:

Շատ տխուր պատկեր է… նախկին երեւանյան ուսուցչուհին տարիներ շարունակ զբաղվում է այնպիսի անպատիվ գործողություններով, որը դուրս է գալիս բարոյականության բոլոր սահմաններից: Հիմա էլ փորձում է նոր վերափոխված «զոհի» կերպարանք ընդունել եւ մոնումենտալ ստերով հեղեղել այնպիսի կառույցներ, ինչպիսին է, օրինակ, ՊԵԿ-ը, տարին մեկ բողոք ռեժիմով. իրենց գործողություններով արդյունքում անիմաստ պետական ռեսուրսներ են ծախսվում: Հիմա էլ փորձում են լրատվամիջոցներով սեւով  ներկել մի կոլեկտիվի պատիվը, որը գրեթե մեկ տարի` գիշեր-ցերեկ ծառայել է իրենց անհամաչափ բարձր պահանջներին, ուշադրություն չդարձնելով ոչ մի բանի, տեղի տալով նրա քմահաճույքներին եւ շուրջօրյա կապի մեջ լինելով ինտերնետի միջոցով, սթրեսային, չափազանց բարդ եւ ժամանակատար հարցերը ռեկորդային  կարճ ժամկետներում լուծումներ տված մի կոլեկտիվի եւ անձամբ իրենց հատուկ վերաբերմունք  ցույց տված Կենտրոնի  ղեկավարին, որը զգում էին (եւ նշում էին գրավոր) առաջին իսկ այցելության  րոպեներից: Մի կոլեկտիվի, որը երրորդ տարին է, ոչինչ հաշվի չառնելով, շարունակում է անհատույց խնամք տանել լքված ապագա մարդուկների հանդեպ:

Ուշ թե շուտ դատական վճիռ կկայացվի, ինչքան էլ որ փորձեր կատարվեն  հետաձգել դա լրագրողական կառուսելի միջոցով եւ ազդել դեռ չավարտված նախաքննության վրա: Ուղղակի ափսոս է մեր բոլորի ժամանակը, որ ծախսվում է նման  անարժան երեւույթների վրա:

Էդուարդ Մարտինի ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829