Քրեական գործի նախաքննության ժամանակ միացվել էին մի քանի քրեական գործեր՝ 12 առերեւույթ տուժողների, մեկ միասնական քրեական գործով նյութեր էին նախապատրաստվել Արշալույս համայնքի ղեկավարի, պահեստազորի գնդապետ Զարզանդ Գրիգորյանի նկատմամբ: Ի դեպ, նախաքննական մարմինը որոշում էր կայացրել դադարեցնել ժամանակավորապես նրա պաշտոնավարումը, ինչը, սակայն, դատական ատյաններում վիճարկվում է նրա պաշտպանի կողմից:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերի քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Դ. Իգիթյանը փետրվարի 7-ին որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնել Զարզանդ Գրիգորյանի եւ Արսեն Մնացականյանի նկատմամբ: Զարզանդ Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Երկու տարի առաջ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում էր ստացվել այն մասին, որ Զ.Գրիգորյանը մի խումբ զինված անձանց հետ մուտք է գործել Արմավիրի «Սարդարապատ» ԲԲԸ-ին պատկանող պահածոների գործարան, գեներալ Մ. Գրիգորյանի անունից ներկայացրել Ակնալիճ գյուղում գտնվող հիշյալ ընկերությանը պատկանող հանգստյան տունը հանձնելու պահանջ:
Ըստ այդ հաղորդման, 1997թ. դեկտեմբերի վերջին Զ.Գրիգորյանը պահանջել եւ ստացել էր տասը հազար ԱՄՆ դոլարին համարժեք տոմատի մածուկ: Զ.Գրիգորյանն իրեն մեղավոր չէր ճանաչել: Տուժող էր ճանաչվել Ոսկեհատ գյուղի բնակիչ Աշոտ Նաջարյանը: Վերջինս «Առավոտին» երեկ ասաց, որ քննիչի որոշումից դժգոհ է: Նաջարյանը հայտնել էր, որ 1996թ. սեպտեմբերի 25-26-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքում «համախոհների հետ» ենթարկվել է ծեծի եւ ստացել է մարմնական վնասվածքներ: Տուժողներ Աշոտ Նաջարյանը, Մարատ Շահբազյանը, Գուրգեն Հակոբյանը, Լյովա Մանուկյանը «Առավոտի» հետ զրույցում ասացին, որ դիմել են վարչապետին, ԱԱԾ ժամանակավոր պաշտոնակատարին, գլխավոր դատախազին:
Համաձայն թիվ 2 կլինիկական հիվանդանոցի հետազոտման արդյունքների, Նաջարյանը ստացել էր կրծքավանդակի սալջարդ, կողոսկրերի կոտրվածք: Դատաբժշկական եզրակացության համաձայն, Նաջարյանի մարմնական վնասվածքները՝ գլխուղեղի ցնցման, կրծքավանդակի սալջարդի, կոտրվածքների ձեւով, հետեւանք են բութ առարկաների ազդեցության, որոնք պատճառել են առողջությանը միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով:
Կարդացեք նաև
«Այն, որ Ա. Նաջարյանը ստացել էր մարմնական վնասվածքներ, նախաքննական մարմինը այդ փաստը կասկածի տակ չի դնում, բայց ասել, որ դրանք Աշոտ Նաջարյանը ստացել է Զարզանդ Գրիգորյանի եւ այլ անձանց կողմից հիշյալ ժամանակահատվածում, ծեծի ենթարկվելու արդյունքում, տեղին չէ», -արձանագրել էր քննիչը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.02.2020