Լրահոս
Օրվա լրահոսը

Վալենտին Թովմասյանի արխիվի բացառիկ նմուշներից մինչեւ ճանաչված բրիտանացի կինոքննադատի հայաստանյան այց

Փետրվար 22,2020 12:30

«Առավոտի» հանդիպումը Բրիտանական  խորհրդի հայաստանյան  մասնաճյուղի ծրագրերի ղեկավար Նարեկ Վ. Թովմասյանի հետ այս անգամ մասամբ էր վերաբերում խորհրդի գործունեությանը կամ  փետրվարի 15-21-ը անցկացվող  Բրիտանական ֆիլմերի 16-րդ փառատոնին:

Մեզ հայտնի դարձավ, որ օրերս Նարեկ Վ. Թովմասյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին է փոխանցել լուսահոգի հոր՝  երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Վալենտին Թովմասյանի անձնական արխիվից բացառիկ նմուշներ, որոնք կհանգրվանեն թատրոնի թանգարանում:

Մեր զրուցակիցը հաստատելով լուրը, նշեց, որ նմուշների մեկառմեկ թվարկումը երկար ժամանակ կպահանջի: Նվիրատվության տրցակից նա առանձնացրեց անվանի արվեստագետների, այդ թվում՝ երգչուհիներ Գոհար Գասպարյանի, Տաթեւիկ Սազանդարյանի, երգիչ-բեմադրիչ Տիգրան Լեւոնյանի, դիրիժոր Յուրի Դավթյանի, կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի լուսանկարները՝ ինքնագրերով, նամակներ, այդ թվում՝ արտասահմանից ստացված, ծրագրեր եւ այլն: Մեր զրուցակիցը հայտնեց, որ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գրադարանին է հանձնել նաեւ հոր արխիվում եղած արժեքավոր երաժշտական գրականություն, պատրաստվում է ռադիոյի ֆոնդին փոխանցել նաեւ ժամանակին Վալենտին Թովմասյանի վարած հարցազրույցների ձայնագրությունները, համաշխարհային կատարողական արվեստի եզակի նմուշներ, ինչպես նաեւ հենց համերգներից արված ձայնագրություններ:

Հայտնի անուն է Վալենտին Թովմասյանը: Լայն ընթերցողին տեղեկացնենք, որ արվեստագետը գիտական բազմաթիվ գրախոսականների հեղինակ է, բազմիցս հանդես է եկել հանրապետական եւ միջազգային գիտաժողովներում, հրատարակել է «Կյանքի ուրվագիծ. Միքայել Խաչատրյան», «Փողային եւ հարվածային գործիքներ փայտից եւ պղնձից», «Փայտյա եւ պղնձյա  փողային գործիքների կատարողական արվեստի պատմություն», «Փայտյա եւ պղնձյա  փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա» գրքերը: Թովմասյանի հեղինակած գիտական, վերլուծական, քննադատական եւ հրապարակախոսական ավելի քան 1000 հոդված է տպագրվել մամուլում:  Ասվածին Նարեկ Վ. Թովմասյանը հավելեց, որ հայրը, որն առաջին մասնագիտությամբ շեփորահար էր, շուրջ 30 տարի աշխատել է Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագրությունում որպես մեկնաբան, ավագ խմբագիր, հեղինակել է ավելի քան 4000 ռադիոծրագրեր, ինչպես նաեւ 120 ռադիոծրագիր Մոսկվայի «Օստանկինո» եւ «ՎԷՄ» ռադիոկայանների համար: Առաջին մասնագիտությամբ շեփորահար Վալենտին Թովմասյանը 1960-ականների սկզբին հանդիսացել է Երեւանի «Նաիրի» կինոթատրոնի ջազ նվագախմբի, ապա «Երեւան» փողային նվագախմբի  արտիստ:

Յան Հայդն Սմիթը՝
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի ղեկավարի հետ մեր զրույցին ներկա էր նաեւ բրիտանացի կինոքննադատ Յան Հայդն Սմիթը, որը Երեւանում է անցկացվող փառատոնի առիթով ու հանդիպումներ է ունեցել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, Խ. Աբովյանի անվան մանկավարժական եւ Սլավոնական համալսարանների, ինչպես նաեւ հայաստանցի գործընկերների հետ: Հարցին, թե՝ առաջին անգամ 2013-ին եք եղել Հայաստանում, դրանից հետո եւս մեկ-երկու անգամ, ի՞նչ առաջընթաց եք տեսնում մեր կինոոլորտում, կինոքննադատը պատասխանեց. «Բառերով դժվար է նկարագրել, բայց կարծես փոխվել է մարդկանց վերաբերմունքը պրոֆեսիոնալ, կրկնում եմ՝ պրոֆեսիոնալ կինոյի հանդեպ: Այսօր հայկական ֆիլմերի ավելի հաճախ ենք հանդիպում միջազգային ճանաչված հարթակներում, ինչն էլ հենց վկայում է ոլորտի մասնագիտական առաջընթացի մասին: Ժամանակին ձեզ մոտ անցկացրել եմ նաեւ տասնօրյա կինոքննադատության դասընթացներ: Դրանց մասնակիցներն արդեն հանդես են գալիս խոր, կառուցողական քննադատական վերլուծություններով, ինչը պարզապես կինոյի զարգացման անհրաժեշտ գործոններից մեկն է»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում Նարեկ Վ. Թովմասյանն ու մաեստրո Օրբելյանը:

«Առավոտ» օրաթերթ
21.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829