Անցած կիրակին թերեւս միակ հանգստյան օրն էր վերջին տարիներին, երբ «Հատիս տուր» ակումբի անդամները հաղթահարեցին հերթական բարձունքն առանց նրա հիմնադիր, ՀՀ սպորտի վարպետ, Երեւանի պետական բժշկական համալսարանի ավագ դասախոս, «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարանի լեռնային հրահանգիչ եւ Հայաստանի ամենահայտնի լեռնագնաց Մարտին Մարտիրոսյանի: 67-ամյա «Թաթոսիչը» (այսպես էին սովորաբար նրան դիմում իր ուսանողներն ու մտերիմները) օրերս հանկարծամահ եղավ սրտի տագնապից:
1981-ին էր նա հիմնել հիշյալ ակումբը՝ նպատակ ունենալով մեզանում զարգացնել առողջ ապրելակերպը եւ զարկ տալ հայրենի բնության ու ճարտարապետական հուշարձանների ճանաչողությանը: Այն հեռավոր օրերին, այսինքն՝ մոտ 40 տարի առաջ Հայաստանում դեռեւս չկար նմանօրինակ կառույց, որն իր շուրջը համախմբեր արշավների սիրահարներին՝ առանց տարիքային որեւէ սահմանափակման: Իհարկե, արշավականների միջուկը սկզբում կազմում էին ապագա բժիշկները, որոնց հետագայում միացան նաեւ այլ բուհերում սովորողներն ու ամենատարբեր մասնագիտության տեր մարդիկ: Նրանց բոլորին միավորում էր հայրենաճանաչության մղումն ու անթաքույց սերը նորին մեծություն Բնության հանդեպ: Յուրաքանչյուր վերելք կամ արշավ վերածվում էր բաց դասի Հայաստանի ու հայրենի բնության, ինչու չէ՝ նաեւ հայոց պատմության մասին, որն ավարտվում էր կրկին հանդիպելու անբեկանելի պայմանավորվածությամբ եւ նոր արահետներ ու բարձունքներ հայտնաբերելու անկասելի ցանկությամբ:
Արժե անպայման նշել, որ «Հատիս» ակումբը Հայաստանում առաջինը սկսեց կազմակերպել ակտիվ տուրեր, բարդության տարբեր աստիճանի հետիոտն, դահուկային եւ ջրային արշավներ, լեռնագնացություն ու ժայռամագլցում: Ավելին՝ Մարտին Մարտիրոսյանի նախաձեռնությամբ երկրաշարժից մեկ տարի անց՝ 1989թ. ստեղծվեց նաեւ Փրկարարական ջոկատ՝ հետագայում համագործակցություն ծավալելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ: 1996-ից նա Մարզական տուրիզմի ֆեդերացիայի անփոփոխ նախագահն էր: Տարբեր տարիների նա արժանացել է բազում պարգեւների, որոնցից առանձնացնենք Արցախի Հանրապետության կառավարության եւ ՀՀ պաշտպանության նախարարության Շնորհակալագրերը: Հարկ է նաեւ ընդգծել, որ «Հատիս տուրում» են ուսանել ու կրթվել Հայաստանի լավագույն լեռնային ուղեկցորդները:
Անշուշտ, անցած չորս տասնամյակներին ձեւավորվել են նաեւ ավանդույթներ, որոնցից ընդամենը 3-ը հիշատակենք: Այսպես. յուրաքանչյուր տարվա ավարտին, ինչպես նաեւ ամեն մարտի 2-ին՝ «Հատիս տուրի» հիմնադրման օրը, արշավականները նշանավորում են Հատիս լեռ բարձրանալով: Ապրիլի 24-ին նրանք, որպես կանոն, մեր անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչում են Արա լեռան գագաթին, իսկ Անկախության օրը դիմավորում Արագածի վրա: Շատերը թերեւս հիշեն 2005-ին կազմակերպված համազգային շուրջպարը Արագած լեռան շուրջ, որի ժամանակ հենց Մարտին Թաթոսիչի առաջնորդությամբ լեռնագնացները հսկա ճայտրուկներ վառեցին հյուսիսային ու արեւմտյան գագաթներին:
Հայաստանում չկա քիչ թե շատ բարձր որեւէ լեռնագագաթ, որ հատիսցիները նվաճած չլինեն: Նրանց ուշադրության կենտրոնում նաեւ Արցախ աշխարհն է՝ իր բնական հարստությամբ: Առավել հիշարժանը երեք տարի առաջ կազմակերպված եռօրյա հետազոտական եւ էկոարշավն էր Քաշաթաղի շրջանում, որն արդյունավորվեց նոր երթուղիների հայտնաբերմամբ: 1996-ին դեպի Արարատ կատարած փորձնական վերելքից հետո էլ մեր սրբազան լեռն ընդգրկվեց «Հատիս տուրի» երթուղիների ամենամյա ցանկում: Ընդհանուր առմամբ, Մարտին Մարտիրոսյանն արդեն 16 վերելք էր իրականացրել դեպի լյառն Մասիս: «17-րդը, ճիշտ է, առանց նրա, կիրականացնենք մենք՝ նվիրելով այն հորս հիշատակին»,- մեր զրույցում նշեց Թաթոսիչի որդին ու վերջին տարիների նրա անբաժան ուղեկիցը, «Հատիս տուրի» տնօրեն Արթուր Մարտիրոսյանը: Նա լիահույս է, որ ինքն ու մյուս հատիսականները կկարողանան շարունակել խմբի փառավոր ավանդույթները. չէ՞ որ հաջորդ տարի կբոլորի «Հատիսի» 40-ամյակը:
Լևոն ԼԱՃԻԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.02.2020