Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակությո՞ւն, թե՞ օխլոս

Փետրվար 22,2020 14:00

Սկիզբը՝ այստեղ

Մանիպուլյացիա 4. ճանաչողության շրիշակացում

Մանիպուլյացիաների թիրախը գիտակցությունն ու ենթագիտակցությունն են: Ուղղորդելով դրանք՝ մանիպուլացնողն ապահովում է իր համար ցանկալի արձագանք-գործողություններ կամ անգործություն մանիպուլացվողի կողմից: Միայն տեղեկացված եւ տեղեկույթի հետ վարվելու հմտություն ունեցող առողջ օրգանիզմներն են հնարավորինս պաշտպանված իրենք իրենց շահերի դեմ գործելուց: Ժամանակին մի այսպիսի զվարճալի անեկդոտ կար. հեռուստացույցի առջեւ նստած կիսաքաղց որդին ասում է գործազուրկ հորը. «Ուզում եմ ապրել «Հայլուրի» Հայաստանում»:

Բայց սա երկու երես ունի:

Մի կողմից՝ անընդհատ նույն գունագեղ հուսադրումների կրկնությունը հակառակ էֆեկտն է ունենում, երբ մանիպուլյատորն ինքը սկսում է հավատալ իր ասածին, կորցնել ռեալության զգացողությունն ու համարժեքությունը եւ ընկնել իր իսկ ստեղծած ծուղակը՝ վնասելով ինքն իրեն: Դրա առարկայացմանն ականատես եղանք ոչ լրիվ երկու տարի առաջ, որ եզրափակվեց երկրի նախորդ ղեկավարի՝ «Ես սխալվեցի» թեւավոր խոսքով: Սուր աչքի համար դրա առարկայացման հերթական տեսարանը սկսել է ուրվագծվել նաեւ այսօր, երբ դեռ քաոտիկ ընթացքի մեջ են քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմական եւ այլ միկրոհեղափոխություններ հայտարարվածները: Բայց ինչպես հեղափոխության մեկ այլ ճարտարապետ էր ասում՝ «Խեղդվողների փրկության գործը խեղդվողների գործն է», եթե, իհարկե, իրենց հետ չեն խեղդվելու նաեւ հավատավորների հույսը, հավատն ու սերը:

Մյուս կողմից՝ հեռուստահաղորդումների հեղինակները քաղաքացուն համոզում են, թե կա՛ գունագեղ կյանքով Հայաստան, եւ վստահ են, որ քաղաքացին կսպասի դրան: Իսկ սպասումն ու համբերությունը կասեցնում են գործողությունների մղումը: Իհարկե, այդ համոզում-սպասում-կասեցում շղթան հավերժ ձգվել չի կարող. մի պահի սպառվում են համբերությունը եւ սպասման հետ կապված ակնկալիքն ու հույսը: Այդ ժամանակ իրեն մոլորեցված, խաբված զգացող քաղաքացին դիմում է կա՛մ ակտիվ պայքարի՝ իշխանությունը փոխելու համար, կա՛մ պասիվ պայքարի՝ արտագաղթի: Երկու դեպքն էլ անցանկալի է փխրուն կայունությամբ մեր տարածաշրջանում, քանի որ հետեւանքները կարող են լինել ճիշտ այնպիսին, ինչպիսիք եղան 19-20-րդ դարագլխի թուրքահայ հեղափոխության, 1920թ. մայիսյան եւ 1921թ. փետրվարյան ապստամբությունների պարագայում՝ ջլատում, օտարում, կորուստ, համակործանում:

Կա պայքարի, դիմադրության երրորդ միջոցը. դա մանիպուլյացիաներից՝ գիտելիքի, ճանաչման միջոցով հնարավորինս պաշտպանված լինելն է: Չէ՞ որ հայոց այբուբենի արարումից հետո առաջին բառը, որ գրվեց, հենց «ճանաչե՛լ» բառն էր (Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ): Բայց եթե սա երբեմն ընկալվում է մանիպուլյացիաներից պաշտպանվել ցանկացողի կողմից, ապա առավել համակարգված ընկալվում է նաեւ մանիպուլյացիան կիրառողի կողմից, որը խորությամբ գիտի ազգային մեր իմպուլսիվ, հախուռն, հավատավոր, միեւնույն ժամանակ՝ կասկածամիտ լինելու, հոգեկան շեղման աստիճանի հասնող մեր՝ ծայրահեղությունից ծայրահեղություն հոգեբանական կտրուկ անցումների մասին, որ եւ օգտագործում է մանիպուլացնելու իր հաշվարկներում եւ տեխնոլոգիաներում:

Շիրվանզադեն, Լեոն եւ շատերը Մեծ եղեռնից հետո՝ ետին թվով մորմոքվում էին, որ «մենք լավ չէինք ճանաչում մեր հարեւաններին, մինչդեռ նրանք մեզ լավ էին ճանաչում»: Կան ճանաչման բազում մակարդակներ: Դրանցից առաջինի մասին դեռեւս հին հույները նույնիսկ Դելֆյան տաճարում էին գրել. «Ճանաչիր ինքդ քեզ»: Մենք սթափ ինքնաճանաչումը ոչ միայն բաց ենք թողել մեր պատմության առնվազն վերջին հազար՝ պետականազրկության տարիներին, այլեւ այժմ ենք տիեզերական արագություններով ընթանում դեպի ինքներս մեզնից նոր անճանաչումներ, խորթացումներ: Սրա ցցուն վկայությունը մեր հեռուստատեսային ամբողջ եթերն է: Սրա ցցուն վկայությունը հայ գրականության մեր կրթական մատուցումն է, ուր չափորոշիչների կա՛մ քաոս է, կա՛մ բացակայություն, միայն ձեւ ու ձեւականություն, այլապես իրար կողքի չէին դրվի, ասենք, Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն ու Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն»-ը, ու կուսուցանվեր, թե «Ուր էլ լինեմ՝ չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր, /Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր» տողը հակոտնյան է «Ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, /Թե մորդ անգամ մտքիցդ հանես, քո մայր լեզուն չմոռանաս»-ի, թեեւ ձեւական առումով երկու դեպքում էլ «ուր» եւ «մոռանալ» բանալի բառերն են:

Ճանաչման, գիտելիքի չափորոշիչները բովանդակային դաշտից ձեւի դաշտ տեղափոխելը, հոգեւորի եւ ֆիզիկականի տեղափոխոխումները մեզ հենց մանկուց են դարձնում շփոթահար, երեւույթների էություններին անհաղորդ, ինչը պարարտ հող է ստեղծում քայքայված իմունոհամակարգով մեր անհատական ու ազգային գիտակցությունը մանիպուլյացիաներով ռմբահարելու համար: Ու երբ «կորցնում ենք մեր հյուսիսն ու հարավը» ու ամեն վայրկյան կերակրվում հայկական հեռուստաալիքներով հրամցվող արաբա-քրդա-թուրքախառը երաժշտությամբ, ապագեղագիտական սերիալներով, այդ ժամանակ միանգամայն հեշտ է դառնում, որ արագությունների 21-րդ դարում հայկական երգ ասելիս քաղաքացին պատկերացնի հենց այդ աղբը, հայկական բանակ ասելիս պատկերացնի Ֆելիքս Էդմոնդովիչի կանոնակարգած դաջվածքներով ծուռբերանների վարքականոնը, հայոց լեզու ասելիս պատկերացնի սահմանափակ ուղեղներով օրվա հերոսների բառապաշարն ու խոսքը:

Իսկ 21-րդ դարը, փառք Աստծո, ընտրության լայն հնարավորություն է ստեղծել, ու բնական է՝ այսպես շարունակվելու դեպքում վաղ թե ուշ ընտրությունը կանգ է առնելու զարգացած երաժշտությունը, պոեզիան, լեզուն պահպանած, ու հենց դրանցով պայմանավորված՝ զարգացած տնտեսությամբ ու հարաբերություններով երկրների վրա, ինչպես ժամանակին գրեթե միատարր Հայաստանում էր ընտրությունը կանգ առնում ռուսական դպրոցների, ռուսական մշակույթի, ռուսաց լեզվի վրա: Մինչ այդ, իհարկե, շրիշակային ճանաչողությամբ քաղաքացու «Այո»-ն ու «Ոչ»-ը, նրա քվեն ստանալը հեշտ է լինելու: Մինչեւ ազգային վերջնական կազմաքանդումը, իհարկե, խնամքով թաքցված սեփական էությանն անհաղորդ քաղաքացուն կառավարելը հեշտ, իսկ «ծաղկափոշու մեջ թաթախված» իշխողների համար՝ «աշխարհը ծիրանագույն բուրաստան ու ճոճք» է լինելու: Լավ, իսկ դրանից հետո՞, վե՞րջը: Այդ մասին Մեսչյանն է դիպուկ ասում. «Եվ իբր վերջ՝ ապտակն ուժգին մեր պատմության»:

Եվ ամենեւին պատահական չէ, որ իբրեւ թե շտկելու համար թիրախավորված են մնում մեր զույգ աչքերի զույգ լույսերը՝ մայրենի լեզուն (միով բանիվ՝ ազգային արդիական կրթությունը) եւ բանակը՝ հոգին եւ ոգին: Մեծ առումով Գիտելիքի ճանապարհը փակելը, այն այլափոխելը միտված են շրիշակային ճանաչողությամբ, առանց սրբազան արժեքների, զոմբիացված ու սպառողական հլու ընտրազանգվածի հաստատմանը, որը կարող է լինել ընդամենը «ընտրող» եւ թնդանոթի միս:

Անհատական եւ հանրային աշխարհզգացողության եւ գիտակցության շրիշակացումը բարդ է ուսյալ եւ անշահախնդիր սերուցք ունեցող հանրույթների համար, սակայն չափազանց հեշտ է պետական կառուցիկության ավանդույթները մոռացած եւ վերագտնելու ճանապարհին գտնվող նորանկախ հանրույթների համար, մանավանդ երբ սերուցքի դերը ստանձնած ապաարժեքային, նյութականացված, ինքնապարգեւատրվող խավը սովորական քաղաքացուն է «Պողոս» անվանում՝ սեփական պողոսությունը կոծկելու համար:

Դեգրադացիայի, շրիշակացման մանիպուլյացիայի մեթոդները կիրառելիս վերջերս շատ է օգտագործվում քրիստոնեական կերակրահյութը (սոուսը): Եթե Հիսուսի հետ կապի մասին հնարավոր է խոսել, ինչը ցինիկաբար արվում է, ապա միայն այս մեկ դեպքում, որ այժմ էլ խաչում են Սուրբը՝ մարդկային-ազգային իրական արժեքները, վիճակ գցում Հայրենիքի զգեստների համար ու բզկտում պատմուճանը, որի համար Հիսուսը ներում էր հայցում՝ ասելով. «Ների՛ր դրանց, որովհետեւ չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկաս, 23:34), իսկ եթե հանկարծ գիտենալով են գործում մեղքը՝ սեփական քաղաքացիների ճանաչման շրիշակացման մանիպուլյացիան, ապա նույն Գրքում այդ մասին էլ է ասվում. «Ավելի լավ կլիներ նրա համար, եթե ծնված չլիներ» (Մատթեոս, 26:24):

Միքայէլ  ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Պահպանողական կուսակցության նախագահ

«Առավոտ» օրաթերթ
21.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՏԱՐԱԳԻՐ says:

    Հարգելի Պարոն Միաքյել ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ,

    Շնորհակալություն անչափ հետաքրքիր և ուսանելի մտքերի համար, բայց… ում համար… արդյոք համոզված եք, որ այս դատողությունները գոնե մի համեստ քառանիշ թիվ կկարդա և, ԱՄԱՆԱԿԱՐԵՎՈՐԸ, հետևություններ կանի… Ուշ է արդեն…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829