Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմիկ Աբրահամյանի եւ նախկին փոխնախարարի պաշտպանները փորձեցին խոչընդոտել ԶԼՄ-ների աշխատանքը

Փետրվար 21,2020 23:23

Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով հերթական դատական նիստում այսօր մեղադրյալների պաշտպանները փորձեցին խոչընդոտել լրագրողների աշխատանքը: Հիշեցնենք, որ նախկին պաշտոնյան եւ մանկաբարձ-գինեկոլոգը մեղադրվում են համապատասխանաբար կաշառք ստանալու եւ կաշառք տալու համար(Ռազմիկ Աբրահամյանը նաեւ երեխաների ապօրինի որդեգրումների գործով է մեղադրյալ): Ավելի վաղ դատավոր Արտուշ Գաբրիելյանն արգելել էր այս դատավարությանը ներկա լրատվամիջոցներին կատարել ապացույցների հետազոտման փուլի տեսանկարահանում եւ լուսանկարում, քանի որ մեղադրյալները դեմ են: Այսօր դատարանն անցավ վկաների հարցաքննման փուլին, եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները խնդրեցին թույլատրել տեսանկարահանումը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ուշադրությունը հրավիրվեց այն հանգամանքի վրա, որ ԶԼՄ-ների մեծ մասի աշխատանքային ձեւաչափը հեռուստատեսային է, ուստի արգելքը խանգարում է մասնագիտական պարտականությունների լիարժեք կատարմանը: Դատավորն արձագանքեց, որ ընդառաջում է խնդրանքին, բայց մեղադրյալների պաշտպանները կրկին առարկեցին՝ ասելով, որ չեն ցանկանում տեսանկարահանվել: Քանի որ կողմերից մեկը համաձայն չէր, դատարանն այս փուլում էլ արգելեց տեսանկարահանումն ու լուսանկարումը:

Սակայն հաջորդիվ մեղադրյալների պաշտպաններն ասացին, որ ձայնագրումը եւս պետք է արգելվի: Ընդ որում, ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ դռնբաց դատական նիստերին ներկաները կարող են անարգել ձայնագրառում անել, եւ դատավորից թույլտվություն պետք է հայցել միայն տեսանկարահանման եւ լուսանկարման համար: Ներկա լրագրողները բարձրաձայնեցին, որ նման արգելքը կխոչընդոտի իրենց աշխատանքը, բացի այդ՝ իրենց հրապարակելիք տեղեկությունը պետք է ճշգրիտ լինի, ուստի ձայնագրառումը բխում է տեղեկատվության հավաստիության անհրաժեշտությունից: Մեղադրյալների պաշտպանները հակադարձեցին, որ լրագրողները կարող են վերցնել նիստի արձանագրության կրիչները, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ կրիչները կարող են տրամադրվել դատավարության կողմերին, եւ ոչ լրատվամիջոցներին: Սա հաշվի առնելով՝ դատարանը ձայնագրառման արգելք չսահմանեց:

«Ամեն սուբյեկտ ունի իր դատավարական իրավունքները: Ես իրավունք ունեմ դատարանին իմ կարծիքն ասել՝ դատական նիստի հրապարակայնության, ձայնագրառման եւ ամեն ինչի վերաբերյալ: Որոշում կայացնողը դատարանն է»,-նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում դիրքորոշումն այսպես մեկնաբանեց Ռազմիկ Աբրահամյանի շահերի պաշտպան, փաստաբան Սամվել Դիլբանդյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829