Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Դավթյանը գրում է.
«ՀՀ հարգելի կառավարություն, «Կորոնա» մահաբեր վիրուսը մեր հարավային դարպասների հետևում է, խստություններ բանեցրեք: Լուսանկարում Իրանի Առողջապահության նախարարության խոսնակի`Ջահանփուրի զեկույցն է. «Եվս 13 վարակակիր` Ղոմում, Թեհրանում և Գիլանում: Եվս երկու մահվան դեպք, վարակը տարածվել է Ղոմ քաղաքից»:
Բժիշկների ասությամբ այնտեղ աշխատում են չինացի բանվորներ, Ղոմը կրոնական-տուրիստական քաղաք է: Կանադայում և Լիբանանում հայտնաբերված մեկական վարակակիրները եղել են Իրանից մեկնած ճամփորդներ»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ավելի վաղը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրել էր. «Հարգելի հայրենակիցներ,
Մենք հետևում ենք նոր կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում, այդ թվում մեր հարևան Իրանում: Տեղյակ ենք նաև Իրանից դեպի մեր երկիր ուղևորահոսքի առանձնահատկություններին` ներառյալ մոտ ժամանակներս սպասվող Նովրուզը: Որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ` ուժեղացվել են Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը: Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում:
Տեղեկացնում եմ, որ մինչ օրս նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք Հայաստանում չի գրանցվել: Կոչ եմ անում հետևել առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին և առաջնորդվել դրանով:
Նաև խնդրում եմ սուր շնչառական բոլոր վարակները կանխարգելելու համար հետևել մեր հետևյալ խորհուրդներին.
✅ պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
✅ խուսափե´ք գրիպանման երևույթներով մարդկանց հետ շփումից,
✅ եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
✅ եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
✅ մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, եթե չեն նշանակվել բժշկի կողմից,
✅ հագնվե´ք եղանակին համահունչ, պահպանե´ք հազալու և փռշտալու վարվելակարգը,
✅ օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
✅ հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
✅ հետևե´ք անձնական հիգիենային»:
Նշենք նաեւ, որ «Ազատություն» ռադիոկայանի պարսկական ծառայությունը հաղորդում է, որ Քուվեյթը, Իրաքը եւ Աֆղանստանն արդեն իսկ փակել են Իրանի հետ սահմանը: