Ռուսաստանի տարածքում չի իրականացվի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության միջազգային հետաքննություն : Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ ՌԴ-ում հանցագործությունների հետաքննությունը ռուսական քննչական մարմինների իրավասությունն է:
«Մենք ունենք մեր օրենսդրությունը և մեր օրենսդրությամբ՝ քննությունն իրականացնում են Ռուսաստանի քննչական մարմինները, և Ռուսաստանի Դաշնության տարածքում ոչ մի միջազգային հետաքննություն չի կարող և չպետք է անցկացվի» ,-ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ԵԱՀԿ-ն Ռուսաստանին կոչ էր արել անցկացնել Նեմցովի սպանության նոր և լիարժեք հետաքննություն: Այս հանցագործության քննությունը և դատական գործընթացը բազմիցս ենթարկվել է կոշտ քննադատության՝ ասվում է կազմակերպության զեկույցում, որը ներկայացվել է փետրվարի 20-ին Վիեննայում ԵԱՀԿ Խորհրդարանական ասամբլեայի նիստին: ԵԱՀԿ-ն նաև հիշեցրել է, որ փորձագետները մատնանշում էին Չեչնիայի ղեկավարի, ռուսական հատուկ ծառայությունների և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հավանական մասնակցությունը Նեմցովի սպանությանը:
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է 2015թ. Մոսկվայում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ