ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վարչական դատարանի վարույթում է, այսօր նախնական նիստ է տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ Իգոր Սարգսյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետի՝ Իգոր Սարգսյանին ՀՀ բնապահպանության նախարարության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 23.10.2019թ. թիվ 1539-Ա ոչ իրավաչափ որոշումն անվավեր ճանաչելու և որպես իրավական հետևանք՝ Իգոր Սարգսյանին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում վերականգնելու պահանջների մասին:
«Աշխատանքային օրենսգրքի հոդվածներով ու առանց հիմնավորման ինձ աշխատանքից հեռացրել են, հիմք են ընդունել տեսչական մարմնի ղեկավարի զեկուցագիրը, որը կեղծ տեղեկատվություն է պարունակել ու թյուրիմացության մեջ են գցել վարչապետին, նրա աշխատակազմի ղեկավարին, նրանք էլ առանց խորանալու, առանց բացատրություն վերցնելու ազատել են աշխատանքից, բայց երբ հայցադիմում ենք ներկայացրել դատարան, հայցադիմումին ի պատասխան՝ գրել են, որ Աշխատանքային օրենսգրքի հոդվածներով չեն ազատել ինձ, որոնցով որ ինձ ծանուցել էին, այլ հանրային ծառայությունները կարգավորող օրենքի այն հոդվածով, որ վերադասի ու անմիջական ղեկավարի փոփոխությունների ժամանակ վարչապետն իրավունք ունի ազատել աշխատանքից աշխատակցին, բայց եթե այդպես է, ապա ժամկետներ են խախտվել,վարչապետի փոփոխությունից մեկ տարի անց են ինձ ազատել աշխատանքից»,- Aravot.am-ին ասաց Իգոր Սարգսյանը:
Նրանից հետաքրքրվեցինք՝ իր դաշնակցական լինելը կարո՞ղ էր ազդել աշխատանքից ազատման վրա, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչինչ չեմ բացառում, բայց չեմ ուզում հիմա տանենք դրան, չեմ ցանկանա քաղաքական աստառ տանք այս պահին, իհարկե, մտածում եմ՝ հնարավոր է, բայց ավելի շատ մտածում եմ, որ տեսչական մարմնի ղեկավարը իր նկատառումներից ելնելով է սարքել այսպես, որ թյուրիմացության մեջ գցի, որ ինձ ազատեն աշխատանքից, որ իր կադրերին բերի. երկար ժամանակ է՝ աշխատում եմ տեսչական մարմնում, ես իրեն շատ լավ գիտեմ, իր աշխատաոճն էլ, Ամուլսարի հարցի հետ կապված խնդրի մեջ ինձ հանեցին, ասացին՝ ստուգում պետք է իրականացնես, ասացի՝ ոչ մի խնդիր, կիրականացնեմ եւ իրեն էլ ասացի, որ պետք է հանգամանալից իրավական կողմը ուսումնասիրվի, թե ոնց են տրվել փորձաքննության եզրակացությունները, հիմքերը պետք է նայվի, նոր գնալ ստուգման, ինքն էլ որոշեց, որ խանգարում եմ, որովհետեւ փորձաքննությունների եզրակացությունների, հողհատկացումների համաձայնություններն ինքն է տվել, հիմա շատ չեմ ուզում խոսել, որ դատարանում խոսեմ»:
Կարդացեք նաև
Հաջորդ նիստը ապրիլի 5-ին է նշանակվել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ